Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր անդամ է, ու նրա հետ «թարսվել» ոչ ոք չի ցանկանում.ՀՀ պաշտպանության նախկին նախարարի բացահայտումները

«Իզվեստիային» տված հարցազրույցում Արշակ Կարապետյանը նշել է, որ դեռևս 2018 թվականին ինքը միանշանակ կանխատեսել է, որ 2-3 տարվա ընթացքում նոր պատերազմ կլինի, որը «մենք կպարտվենք»: Պաշտպանության նախկին նախարարը նաև պատմել է, որ 2020 թ. հուլիսյան դեպքերից հետո ինքը տեղեկացրել է Նիկոլ Փաշինյանին, որ Ադրբեջանը, իր համոզմամբ, արդեն իսկ պատերազմ սկսելու քաղաքական որոշում է կայացրել և 1-1,5 ամսվա ընթացքում լայնածավալ ռազմական գործողություններ կսկսի: «Անձամբ ես առաջարկել եմ օգնության համար դիմել մեր ռազմավարական դաշնակցին՝ Ռուսաստանին: Ցավոք, այդ գաղափարը որևէ արձագանք չստացավ: Ողբերգությունն այն էր, որ իշխող ուժի գերակշիռ մեծամասնությունը շատ աղոտ պատկերացում ուներ զինված ուժերի կարիքների մասին»,-ասում է Արշակ Կարապետյանը:
Ինչ վերաբերում է այն հարցին, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը պարտության, Արցախի հայաթափման հարցում մեղադրում են Ռուսաստանին ու, ի մասնավորի, ռուսական խաղաղապահ զորախմբին, ապա Հայաստանի պաշտպանության նախկին նախարարը նշում է, որ խաղաղապահները որևէ կողմից չպետք է կռվեն, նրանք կոնֆլիկտի կողմ չեն: «Նրանք միջնորդի դերակատարություն ունեն: Երբ ես պաշտպանության նախարարն էի, տեսել եմ շատ կազմակերպված, կարգապահ կազմավորում՝ ի դեմս խաղաղապահների: Կարող եմ ասել, որ իրենց աշխատանքը նրանք լավ են կատարել: Ի մասնավորի, նրանց միջնորդությամբ քանիցս տեղի է ունեցել ռազմագերիների փոխանակում: Ես վստահ եմ, որ եթե Հայաստանը ներգրավվեր կոնֆլիկտի մեջ (խոսքը 2023 թվականի մասին է-խմբ.), իսկ պատերազմը շարունակվեր թեկուզ 2-3 օր, ապա խաղաղապահները օգնության կհասնեին: Դրա փոխարեն մենք տեսանք Ղարաբաղի ուղիղ հանձնում, իսկ մեղավորը, չգիտես ինչու, ռուսներն են»,-ասում է Կարապետյանը:
Լրագրողը նրան հարց է տվել նաև այն մասին, թե արդյո՞ք Հայաստանը կարող է այլ ռազմական գործընկեր գտնել, ինչին ի պատասխան Արշակ Կարապետյանը նշել է. «Երբ ես պաշտպանության նախարար էի, հանդիպել եմ ՆԱՏՕ-ի ղեկավարներից մեկի հետ: Ես նրան հիշեցրի, որ հայկական զինված ուժերը մասնակցում են ալ յանսի մի շարք խաղաղապահ առաքելություններին, նման պայմաններում ինչո՞ւ է ռազմական դաշինքն օգնել Թուրքիային, որը Ադրբեջանի թիկունքին է եղել: Գիտե՞ք, թե նա ինձ ինչ պատասխանեց: Ասաց, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր անդամ է, ու նրա հետ «թարսվել» ոչ ոք չի ցանկանում: Ստացվում է՝ անհեթեթ վիճակ. մեր երկիրը փորձում է մերձենալ նրանց հետ, որոնք շատ թանկ են գնահատում մեր հակառակորդների հետ իրենց համակրանքները: Կարծում եմ՝ սա պարզ տրամաբանության սահմաններից դուրս է»:
«Փաստ»