Լարված քննարկումներ, բոլորի հարկերը բարձրանում են, բանկերինը՝ ոչ. «Ժողովուրդ»

Իսկ ինչն է խնդիրը. ըստ Մհեր Գրիգորյանի փաստարկի, եթե բանկերի ծառայությունների մասով ԱԱՀ-ն սահմանվի, տուժելու են սպառողները, քաղաքացիները, քանի որ բանկերը ստիպված են լինելու իրենց ծառայությունների գները հարկի չափով բարձրացնել: Կստացվի, որ և՛ տոկոսները կբարձրացնեն, և՛ իրենց մյուս ծառայությունների գները, որպեսզի եկամուտների մակարդակը ապահովեն, և կտուժի բանկ մտնող յուրաքանչյուր քաղաքացի:
Սակայն Կառավարության մյուս կողմը հակափաստարկ է բերում, թե 17 բանկերը այնպիսի գերշահույթներ են ստանում, որ կարող են իրենց գերշահույթը պակասեցնել և ավելացնել հարկերը:
Իսկ ինչ վերաբերում է շահութահարկի բարձրացմանը, ապա այստեղ էլ կա կատեգորիկ դիմադրություն ու էլի Մհեր Գրիգորյանի կողմից, քանի որ բանկերը աշխատում են, այսպես ասած սպիտակ, թափանցիկ դաշտում, ուստի չեն կարող մրցակցել տնտեսության մյուս ճյուղերի հետ, որտեղ ստվեր կա: Եվ քանի դեռ ստվերը ամբողջությամբ վերացված չէ, 100% թափանցիկ աշխատող բանկերը չպետք է հարկվեն ավելի: Դա մեծ վնաս կհասցնի երկրին, տնտեսությանը:
Այս հարցով էլ հարկերի բարձրացման կողմնակիցների փաստարկներն այն են, որ բանկերը թող գերշահույթ չստանան, այլ շահույթ ստանան: Թե ինչով կավարտվի այս հակամարտությունը գործադիրի ներսում, պարզ չէ, քանի որ Նիկոլ Փաշինյանը դեռ լսում է կողմերին և բարդ է ասել, թե ինչ որոշում կկայացնի: Միայն փաստ է, որ մանր ու միջին բիզնեսի համար շրջանառության հարկը այս տարվա փետրվարից արդեն բարձրացել է 5-ից 10% և ավելի»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: