Վալոդյա Գրիգորյանի սպանության շահառուների շրջանակը շատ ավելի մեծ է. Որտեղ և ում կազմակերպմամբ է 20-ամյա տղան պրոֆեսիոնալ կրակել սովորել, որն անգամ բանակում չի ծառայել
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը ծրագրվել է ամիսներ շարունակ, որի կազմակերպիիչների շրջանակը շատ ավելին է, քան այսօր փորձում են ներկայացնել քննչականն ու ոստիկանությունը։Նկատենք, որ վերջիններս ջանք ու եռանդ չեն խնայում ապացուցելու, թե տեղի ունեցածը վենդետա է՝ ամիսներ առաջ սպանված անձի եղբայրը՝ Նարեկ Օհանյանը, վրեժխնդիր է եղել եղբոր մահվան համար, քանի որ Վալոդյա Գրիգորյանի եղբայրը ներգրավված է նախորդ սպանության գործով։ Ու հանկարծ պարզվում է, որ բուն կատարողը Նարեկ Օհանյանը չէ, հարց է առաջանում, եթե ուզում էր վրեժխնդիր լինել, ապա ինչու ինքն անձամբ չի արել, այլ 20-ամյա տղայի ձեռքերն է կեղտոտել։ Թե քպական գյուղապետի ընտանիքի անդամները կատարողներ չեն, այլ՝ սպանություն կազմակերպողներ, պատվիրատուներ։
Ի դեպ, 20-ամյա մեղադրյալը պրոֆեսիոնալ հրաձիգ չի եղել։ Ավելին՝ «Փաստինֆո»-ի աղբյուրները հայտնում են, որ Գևորգ Հարությունյանն անգամ բանակում չի ծառայել, հետեւապես չէր կարող ծառայության ընթացքում զենքին տիրապետել սովորել։ Նրա հետ ամիսներ շարունակ աշխատանք է տարվել, կրակելու պարապունքներ անցկացվել, այսինքն՝ հատուկ վարժեցրել են Վալոդյա Գրիգորյանի սպանության համար։ Նրա թեկնածության ընտրությունն էլ, թերեւս, պատահական չի եղել։ Մեզ հաջողվեց պարզել, որ տղայի ընտանիքը հանցավոր աշխարհի հետ չունի ոչ մի առնչություն, եղել է մոր խնամքին, որին էլ հավաքագրել են իրենց հանցավոր խմբի մեջ ու հենց նրա ձեռքերով իրականացրել կեղտոտ գործը։
Սպանության շահառուների շրջանակը շատ ավելի մեծ է, քան՝ պարզապես Հարությունյանը և Նարեկ Օհանյանը, որի եղբայրը սպանվել էր ամիսներ առաջ, սակայն հերթական անգամ փորձ է արվում ծածկադմփոց անել ու որոշ մարդկանց անունը մաքրել, հանել հանցավոր շղթայից։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ի սահմաններում, Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում՝ իր նորակառույց տան մոտ սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը։ Նրա հետ միասին սպանվել է քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը, որը Գրիգորյանի ընկերն է ու դեպքի պահին նրա հետ է եղել՝ ոչ ծառայության հետ կապված։ Վիրավորում ստացած քաղաքացին, որն այժմ ծայրահեղ ծանր վիճակում է, Արծրուն Գալստյանն է։ Սպանություն կատարած անձը եղել է դիմակավորված և ձեռնոցներով, մոտեցել է տան մոտ կանգնած Գրիգորյանին և նրա ընկերներին, դիմահար կրակահերթ արձակել։ Ընդ որում, Գրիգորյանի անշարժացած ընկնելուց հետո մոտեցել է և ինքնաձիգի կոթով նաև հարվածներ հասցրել Գրիգորյանին, ապա նորից հեռացել դեպքի վայրից։
Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ) (սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
