Տեր Եսայի քահանան Ամանորի, Սուրբ Ծննդյան տոնի, Ձմեռ պապիկի, տոնածառի և այլ խորհուրդների մասին. Հարցազրույց
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի խորհրդի, Ձմեռ պապիկի ու տոնածառի նշանակության և այլ խորհրդանշող հարցերի շուրջ Hayacq.com-ը զրուցեց ԱՀԹ տեղեկատվական
բաժնի հոգևոր համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ:
-Տեր հայր, խոսենք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի խորհրդի մասին: Աշխարհի շատ երկրներում Սուրբ Ծնունդը նշվում է դեկտեմբերի 25-ին, իսկ Հայ Առաքելական եկեղեցին նշում է հունվարի 6-ին: Ինչո՞վ է սա պայմանավորված:
-Մինչև 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Ս. Ծնունդը
նշել են հունվարի 6-ին: Հռոմեացիները դեկտմեբերի 25-ին մեծ
շուքով նշում էին արևի պաշտամունքին նվիրված տոնը: Հեթանոսական ավանդույթները
խափանելու համար 336թ. Կաթոլիկ եկեղեցին դեկտեմբերի
25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր: Հետագայում Ասորիքում և գրեթե
ողջ արևելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտմեբերի 25-ին, իսկ հունվարի
6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածհայտնության, Մկրտության օր:
Հնագույն ավանդության և ավետարանական հաշվարկներին
հավատարիմ է մնացել միայն Հայ Առաքելական Ս. Եկեղեցին` հունվարի 6-ին միասնաբար նշելով
Քրիստոսի Ծննդյան և Աստվածհայտնության տոները:
-Ինչո՞ւ է տոնը կոչվում Ս. Ծննդյան և Աստվածհայտնության տոն:
-Ս. Ծնունդով և Քրիստոսի Մկրտության խորհրդով Աստված հայտնվեց
աշխարհին ու մարդկանց։ Ըստ հին եբրայական սովորության՝ տղամարդիկ հասարակական գործունեության իրավունք էին ստանում երեսուն տարին լրանալիս: Եվ քանի որ Հիսուս պահում էր բոլոր սովորությունները, Իր ծնունդից ուղիղ երեսուն տարի հետո նա հայտնվեց մարդկանց: Եկավ Հորդանան, որտեղ քարոզչություն էր իրականացնում Ս. Հովհաննես Մկրտիչը՝ Նախակարապետը: Մկրտվեց Հորդանանի ջրերում: Այսպես՝ Հիսուս առաջին անգամ հայտնվեց մարդկանց իր Ծնունդով: Այդ Ավետիսն առաջինը ստացան հովիվները, և երեք մոգերն էլ եկան երկրպագելու նրան: Եվ երկրորդ անգամ արդեն իր երկրային քարոզչության սկզբում Հիսուս հայտնվեց մարդկանց՝ Հորդանանում մկրտվելով: Եվ այդ ժամանակ Ս. Հոգին աղավնակերպ իջավ և երկնքից լսվեց Հայր Աստծո ձայնը, թե՝ «Դա է Իմ Որդին»: Նախ Հովհաննես Մկրտչի կողմից, ապա երկնքից հնչած ձայնով ներկայացավեց որպես Աստծո Որդի:
-Որպես կանոն տաղավար տոներից առաջ պահոց շրջան է սահմանված: Իսկ մեր երկրում տարիներ շարունակ Ս. Ծննդից առաջ մարդիկ Ամանորը նշում են ոչ թե պասային, այլ՝ ճոխ, կենդանական
կերակուրներով հարուստ սեղաններով ու հյուրասիրությամբ: Ի՞նչ կասեք սրա մասին և ինչպե՞ս կարելի է ձերբազատվել այս սովորույթից:
-Պետք է մարդիկ գիտակցեն, որ կարևորը Ս. Ծննդյան
տոնն է, ոչ թե Նոր տարին։ Ըստ Հայ Եկեղեցու, Ս. Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի
30-ից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում
է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ: Հայոց հին տոմարի համաձայն՝ Նոր
տարին նշվում էր Նավասարդի 1-ին, այսինքն օգոստոսի 11-ին, որը չէր համընկնում պահքին:
Հետագայում` տոմարական նոր հաշվարկի ներմուծմամբ, Նոր տարին սկսեցին տոնել դեկտեմբերի
31-ին, որը համընկնում էր քրիստոնեական մեծագույն տոնի` Ս. Ծննդյան նախընթաց պահքին:
Բնական է, որ կլինեն դժվարություններ, սակայն եթե մենք հասնենք հոգևոր բարձր գիտակցության,
որ Նոր տարվա խորհուրդն առավել իմաստավորվում է Ս. Ծննդյան տոնով, ապա պահք պահելն
ու ամանորյա ուրախությունը կկարողանանք համատեղել։ Նոր տարվա ուրախությունը ոչ թե պայմանավորված
է կերուխումով, այլ՝ Ս. Ծննդյան ավետիսով։
-Մանուկների
համար ամենացանկալի կերպարը՝ Ձմեռ Պապի կերպարը, նախատիպը որտեղի՞ց է գալիս:
-Ձմեռ
պապի նախատիպերը բազմազան են՝ կախված մշակութային ու ազգային պատկերացումներից։ Քրիստոնեության
մեջ Ձմեռ Պապի նախատիպը Ս. Նիկողայոսն է, ով համաքրիստոնեական սուրբ է և հատկապես աչքի
է ընկել իր բարեգործություններով, կարիքավորներին օգնելով։ Նա աղքատներին նվերներ էր
տալիս: Ու որպեսզի չիմացվի, թե ով է բարեգործը, նա հաճախ նվերները տանիքից էր ներս
գցում: Այստեղից էլ ձևավորվել է գաղտնի նվեր տալու, տանիքից կամ ծխնելույզով եկող Ձմեռ
պապի կերպարը: Մեզանում Ձմեռ պապին պետք է ոչ թե առատ նվերներ բաժանողի, այլ բարեգործություն
անողի օրինակ լինի: Մենք իսկապես պիտի հասկանանք, որ ուրախությունը ոչ թե նվեր ստանալու
մեջ է, այլ՝ նվիրելու:
-Իսկ
տոնածառի խորհրդը ո՞րն է:
-Քրիստոնեական
ընկալման մեջ տոնածառը Դրախտի կենաց ծառի խորհուրդն է, որը մենք փոխաբերական իմաստով
պետք է զարդարենք մեր առաքինություններով և բարի գործերով: Տոնի նախօրեին դրված տոնածառը
պետք է մեզ հիշեցնի Կենաց ծառը և դրախտը, ուր ամեն մեկս ձգտում ենք վերադառնալ:
-Ե՞րբ
պետք է այցելել ննջեցյալներին: Արդյոք ճիշտ է Ամանորի գիշերը այցելել գերեզմաններ:
-Ամանորի
գիշերը գերեզման գնալը հակառակ չէ եկեղեցական կանոններին, պարզապես այս հարցին պետք
է նայել նպատակահարմարության տեսանկյունից։ Խնդիրն այն է, որ մարդիկ Տաղավար տոնի օրն
են գնում գերեզմաններ, ինչը սխալ է։ Գերեզման գնալու օրը մեռելոցն է, որը հաջորդում
է Ս. Ծննդյան տոնին՝ հունվարի 7-ին:
Ամանորին
գերեզման գնալու սովորությունն էլ, ըստ էության, ձևավորվել է խորհրդային տարիներին,
երբ եկեղեցական, հոգևոր տոները ստվերվում էին, անգամ՝ արգելվում: Մարդիկ էլ Ս. Ծննդյանը
հաջորդող մեռելոցի փոխարեն գերեզմաններ սկսեցին գնալ Ամանորին: Մեր անտեղյակությունից
բազմաթիվ սխալ ու անտեղի սովորություններ են ձևավորվում, որոնք ոչ մի խորհուրդ չունեն,
սակայն, ցավոք, տարածվում են:
-Իսկ
ո՞րն է Ս. Ծննդյան խորհուրդը:
-Քրիստոս ծնվեց, որպես անպաշտպան մի մանուկ։
Տերն այնքան վստահեց մարդուն, որ Ինքն Իրեն անպաշտպան Մանկան տեսքով հանձնեց մարդկանց
ձեռքը: Իսկ մարդուց պահանջվում է արդարություն և սեր, նվիրում և բարություն: Իրական
արդարությունն այն է, երբ մարդը ձգտում է արդարության հանուն ճշմարտության, սիրո ու
ողորմածության հաղթանակի: Օրինակ՝ Հովսեփը ոչ միան արդար էր, այլև ողորմած, նրա արդարությունն
անբաժանելի է ողորմածությունից, ինչպես սերը ճշմարտությունից:
Չմոռանանք նաև, որ Աստված հայտվեց նրանց, ովքեր փնտրում էին Իրեն: Արդյո՞ք մենք այսօր
փնտրում ենք Տիրոջը: Վստա՞հ ենք, որ ճիշտ ուղղությամբ ենք իրականացնում մեր փնտրտուքը:
Իսկապե՞ս փնտրում ենք, որ գտնենք: Այս հարցերի պատասխանը պիտի լինի մեր կյանքը, ամուր
հավատքը, սերն ու քաջությունը ամեն գնով Տիրոջը հետևելու:
Ուստի Ս. Ծննդյան խորհուրդը մեզ բացահայտում է, որ նախ մարդիկ փրկեցին Աստծուն այս
աշխարհում, ապա Աստված փրկեց մարդուն և աշխարհը: Այս հրաշալի համագործակցության մեջ
է մեր փրկության իմաստը: Ս. Ծննդյան տանին մեր հոգու և մտքի ողջ կարողություններն ուղղված
են դեպի Բեթղեհեմյան քարայրը, որտեղ արդար Հովսեփն է, բարի հովիվները, իմաստուն մոգերը,
Մարիամը, ով խոսում է հրեշտակների հետ: Այդ քարայրում իմ, ձեր, ամենքիս երջանկությունն
է, Փրկությունը, որը գուցե դեռ փոքր է, կարիք ունի պաշտպանի` մեր արդարությանն ու ողորմածությանը,
սիրուն ու հավատքին, ազնվությանն ու իմաստությանը: Մյուս կողմից, մենք էլ կարիք ունենք
Մանուկ Հիսուսի, Տիրոջ ողորմությանն ու սիրուն: