Հաջողության և անհաջողության բանաձևերն ըստ հոգեբանի

-Մարդու հոգեբանությունը, վարքագիծը որքանո՞վ է կարևոր նրա հաջողակ լինելու համար:
-Կարող
ենք ասել, որ մարդու հոգեբանությունը հիմնաքարն է
նրա հաջողությունների: Առօրյայում ընդունված է օգտագործել «հաջողակ մարդ է»,
«անհաջողակ մարդ է» արտահայտությունները, սակայն յուրաքանչյուր մարդու կյանքում էլ
կարող են լինել և հաջողություններ և անհաջողություններ: Հնարավոր է նաև, որ ոմանց մոտ
որևէ մեկն ավելի գերակշռող լինի, օրինակ հաջողությունները: Հաջողակ լինելը բազմագործոնային
է, և եթե կա տեսակետ, որ հաջողությունները հանգամանքների դրական ընթացքով են պայմանավորված,
ապա հակված եմ այն տեսակետին, որ հաջողակ լինելու գործում մեծ ներդրում ունենում է
հենց ինքը` անձը:
-Խոսենք հույզերի մասին: Դրական կամ բացասական նախատրամադրվածությունը կարո՞ղ է մարդուն մղել հենց այդ որոշմանը:
-Նախատրամադրվածությունը
մեծապես ազդում է արդյունքի վրա: Գաղտնիք չէ, որ մտքերը ուժ ունեն և անմիջապես արտացոլվում
են նաև հուզական ոլորտի վրա, ի վերջո դրսևորվում վարքի միջոցով: Դրական նախատրամադրվածությունը
ապահովում է դրական հոգեվիճակ և մեծացնում հավանականությունը դրական որոշման կամ արդյունքի:
-Լավատեսությունը հաջողության հասնելու նախապայման կարո՞ղ է լինել:
-Հաջողության
հասնելու հոգեբանական գործոնների մեջ լավատեսությունը առաջատարն է, անշուշտ կարևոր
են նաև դրական ինքնավերաբերմունքը, հումորի զգացումը, աշխատասիրությունը, պատասխանատվությունը,
ազնվությունը, կոմպետենտությունը և այլն:
-Շարունակական՝
իրար հաջորդող, անհաջողություններն ինչի՞ հետևանք կարող են լինել: Արդյոք կարելի է հավատալ «բախտը չի բերում» արտահայտությանը:
-Հեշտագույն
տարբերակն է «հավատալ, որ բախտը չի բերում», և որին հիմնականում հակված են լինում հենց
իրենց «անհաջողակ» համարող մարդիկ, քանի որ նրանց համար հաջողությունը կախված է ճակատագրից,
հանգամանքներից, այլ մարդկանցից, բայց ոչ իրենցից: Անհաջողությունները օբյեկտիվ «վերամշակելու»
արդյունքում կարելի է ձեռք բերել հաջողության հասնելու լրացուցիչ բանալիներ կամ նվազագույնը`
սխալը չկրկնելու հնարավորություն:
-Երջանիկ լինելու համար ինչ է հատկապես անհրաժեշտ, հոգեբանական տեսանկյունից ի՞նչ է երջանկությունը:
-Ինչպես
ասել է Դ. Կարնեգին. «Դուք երջանիկ եք կամ դժբախտ եք ոչ թե շնորհիվ այն բանի, թե ով
եք դուք, որտեղ եք գտնվում կամ ինչ եք անում, այլ ձեր վիճակը պայմանավորված է նրանով,
թե դուք այդ ամենի մասին ինչ եք մտածում»:
Այսինքն, երջանկության սահմանումը խիստ սուբյեկտիվ է, և երջանիկ լինելը սուբյեկտից
է կախված: Այնպես որ, յուրաքանչյուրն իր երջանկությունը պետք է փնտրի և գտնի իր ներսում:
-Ձեր խորհուրդը մեր ընթերցողին:
-Շնորհակալ
լինել. օգտակար է, քանի որ մեծ ձգողականություն և ուժ ունի: Նպաստում է լավ տրամադրությանը,
քնի որակին, խթանում լավատեսությանն ու երջանկության զգացումին, ամրապնդում հարաբերությունները,
դրական մտածողությունը: Ավելին, հաջողության բանաձևում իր կայուն տեղն է զբաղեցնում. որևէ երազանք իրագործելուց առաջ շնորհակալ եղեք
արդեն իսկ ունեցածի համար: Երբ շնորհակալ եք, Ձեր ներսում նշանակալիության, ամբողջականության,
ներդաշնակության զգացումն է տիրում` լցված սիրով ու բարությամբ:
Հարցազրույցը՝ Իրինա Սարգսյանի