Այս տարի պետպատվերի շրջանակում վերաբաշխումներ կիրականացվեն. ՀՀ առողջապահության նախարար

Նա նշեց, որ պետական պատվերի հետ կապված խնդիրներ են առաջանում, քանի որ.
Առողջապահական բյուջեն երեք անգամ պակաս է, քան՝ պետության ստանձնած պարտավորությունները,
Միջոցները անարդար կերպով են բաշխված,
Կան բուժհաստատություններ, որոնք թաքցնում են պետպատվերի իրական ծախսերը
Օրինակ, հավելեց նա, Սիսիանի բժշկական կենտրոնը անհետաձգելի օգնության համար տարեկան 2.5 մլն դրամ է ստանում, ինչը նշանակում է, որ այս հիվանդանոցը կարող է միայն մեկ հրատապ հիվանդ ընդունել: «Իսկ Երեւանում հիվանդանոց կա, որը տարեկան 5 միլիարդ է ստանում, եւ հիմա մենք պարզում ենք, թե ինչպես է այդ գումարը ծախսվում», - ասաց նա:
Ըստ նախարարի՝ հարցի առաջին մասը կարող է լուծվել երկրի տնտեսական զարգացման հետ զուգահեռ: Ըստ երկրորդ մասի՝ այս տարի միջոցների վերաբաշխում կլինի, եւ հիմնականում կավելացվի մարզային բուժհաստատությունների ֆինանսավորումը:
«Երրորդը՝ արդեն երկու շաբաթ անց էլեկտրոնային հարթակ կստեղծվի, որտեղ յուրաքանչյուրը կկարողանան տեսնել ցանկացած բժշկական հաստատությանը հատկացված պետպատվերի գումարը եւ որքան է ծախսվել: Այդ թվում՝ հաշվի առնելով հերթագրումը»,- ասաց նա:
Նախարարը հավելեց, որ ավելի գլոբալ առումով պետք է փոփոխվեն միջոցների հավաքագրման եւ բաշխման մեխանիզմները: «Պետական հարկերի հաշվին հավաքագրված միջոցները պետությունը կբաշխի ապահովագրության միջոցով: Ինչ վերաբերում է նրանց, ում համար պետությունը չի խոստացել վճարել, նրանց համար գումարները եւ՛ կհավաքվեն, եւ՛ կբաշխվեն ապահովագրության միջոցով»,- ասաց նա` հավելելով, որ եթե ամեն ինչ արագ եւ լավ է արվի, ապա 2021 թվականին հնարավոր է, որ Հայաստանում բոլորը բժշկական ապահովագրություն ունենան: