Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը          Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին       Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը    

19 սեպ 2018 12:09

Արդյո՞ք 25 500 հազար դրամը ծայրահեղ աղքատության հարցը կարող է լուծել.Քանի՞ թոշակառու կօգտվի փոփոխությունից

Արդյո՞ք 25 500 հազար դրամը ծայրահեղ աղքատության հարցը կարող է լուծել.Քանի՞ թոշակառու կօգտվի փոփոխությունից«Փաստ» օրաթերթը գրում է. Կառավարությունը «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ է մշակել, այն դրված է քննարկման: Նպատակը, ըստ նախագծի հակիրճ բնութագրի, կենսաթոշակառուների շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելն է։ Նախագծի համաձայն՝ 2019 թ. հունվարի 1–ից նվազագույն կենսաթոշակի չափը նախատեսվել է 25 500 դրամ: Հաշվի առնելով, որ հասարակության շրջանում նախատեսվող փոփոխության վերաբերյալ հարցեր են առաջացել, շատերի մոտ տպավորություն է ստեղծվել նաև, որ բոլորի կենսաթոշակն է ավելանալու, զրուցեցինք վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքել յանի հետ: Հարցին, թե փոփոխությունը կենսաթոշակառուների ո՞ր խմբին է վերաբերում, Մեսրոպ Առաքել յանը նախ ընդգծեց.
«Հայտարարվել է, որ նախատեսվում է կենսաթոշակային համակարգում օրենսդրորեն ներդնել նվազագույն կենսաթոշակ գաղափարը, ինչը ենթադրում է, որ բարձրանալու է նվազագույն կենսաթոշակը: Այս պահին Հայաստանում նվազագույն կենսաթոշակը 16 հազար դրամ է և, կախված աշխատանքային ստաժից, յուրաքանչյուր տարվա համար որոշակի հավելադրում է տեղի ունենում: Կառավարության կողմից որոշում է կայացվել նվազագույն կենսաթոշակի չափի վերաբերյալ: Եվ անկախ նրանից, թե քաղաքացիները, կախված իրենց ստաժից կամ հիմնական կենսաթոշակի չափից, որքան թոշակ են ստանում, այդ չափը չի կարող պակաս լինել այդ նվազագույն կենսաթոշակի չափից: Ավելի պատկերավոր ասած՝ հաջորդ տարվա բյուջեի քննարկումների համատեքստում նախատեսվում է նվազագույն կենսաթոշակը սահմանել 25 500 դրամ, որը հաշվարկված է ծայրահեղ աղքատության շեմի վրա: Այսինքն՝ այն քաղաքացիները, ովքեր ստանում են 16 հազարից մինչև 25 500 դրամ կենսաթոշակ, բոլորի համար նվազագույն կենսաթոշակը կսահմանվի 25 հազար 500 դրամ»:
Մեսրոպ Առաքել յանը հայտնեց, որ այս փոփոխությունն ազդեցություն կունենա 85 հազար քաղաքացու վրա:
Վարչապետի խորհրդականից հետաքրքրվեցինք՝ նախատեսվո՞ւմ է ծրագիր, ըստ որի՝ կբարձրացվեն նաև մյուս քաղաքացիների կենսաթոշակները:
«Նույնիսկ 1000 դրամով բոլորի կենսթոշակները բարձրացնելու համար լուրջ ֆինանսական ռեսուրսների անհրաժեշտություն կա: Կառավարության կարևորագույն գործառույթներից մեկը եղած ռեսուրսներն ավելի արդյունավետ օգտագործելն է: Նույն հաջողությամբ վերոնշյալ փոփոխության փոխարեն կարելի էր բոլոր թոշակառուների կենսաթոշակը մի քանի հարյուր դրամով բարձրացնել: Բայց կառավարության հիմնական խնդիրներից մեկն առաջին հերթին ավելի կարևոր ու հրատապ խնդիրները լուծելն է: Սա վերաբերում է ոչ միայն նշված ոլորտին, այլև մնացած այլ ոլորտներին: Այս ոլորտում խնդիրն այն մարդկանց թոշակները բարձրացնելն է, ովքեր ավելի ցածր են ստանում, այսինքն՝ ծայրահեղ աղքատ են: Սա ընդամենը առաջին քայլն է»,–ասաց նա՝ ընդգծելով, որ պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ կառավարությունն ընդամենը մի քանի ամիսների գործունեություն է ծավալում, իսկ կուտակված խնդիրները բազմաթիվ են:
«Համոզված ենք, որ հաջորդ տարի բյուջեի արդյունավետության ավելի բարձր մակարդակ, բյուջետային եկամուտների աճ ունենալու պարագայում կենսաթոշակների բարձրացումն ավելի մեծ ծավալով կիրականացվի»,–նշեց վարչապետի խորհրդականը:
Մեսրոպ Առաքել յանը շեշտեց, որ ծայրահեղ աղքատության շեմը ՀՀ–ում 23 300 դրամ է: «Այս որոշմամբ բարձրանում է այն թոշակառուների կենսաթոշակը, ովքեր գտնվում են ծայրահեղ աղքատության շեմից ներքև: Հետևաբար՝ աղքատության մեջ գտնվող թոշակառուների համար ծայրահեղ աղքատության հարցը կարգավորվում է: Սակայն, ընդհանուր առմամբ, աղքատությունը բավականին բարձր մակարդակի վրա է Հայաստանում:
Այդ մասով խնդիրը ոչ թե աղքատների ֆինանսական օգնության ավելացումն է՝ համարելով, որ դա իրենց «դատավճիռն» է, այլ աշխատանքի հնարավորություն ստեղծելը: Պետությունն անում է առավելագույնը, որ այդ մարդիկ սեփական ուժերով ու աշխատանքով իրենց բարեկեցությունն ապահովելու հնարավորություն ունենան»,– նշեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ խնդիրը միայն ֆինանսական միջոցների առկայության կամ բացակայության մեջ չէ, այլ նաև այն գործողությունների, որոնք կնպաստեն, որ մարդիկ աղքատությունից դուրս գան սեփական աշխատանքի շնորհիվ:
Դիտարկմանը, թե 25 500 հազար դրամն այդքան էլ մեծ գումար չէ կարծելու, որ այդպիսով ծայրահեղ աղքատության հարցը կարող է լուծվել, Մեսրոպ Առաքել յանն արձագանքեց. «Հաշվի առնելով աղքատության, բարեկեցության մակարդակը, մեկ օրում ու մեկ փոփոխությունով բարեկեցության մասին խոսելն, իհարկե, արդար չէ: Սակայն համոզված եղեք, որ կառավարությունը քայլ առ քայլ անում է առավելագույնը, որ փոփոխություն լինի: Կառավարությունը, թեկուզև փոքր հնարավորություններով, չի զլանում փոփոխություններ անել և ոչ թե ասել՝ սպասե՛ք, տաս կամ 20 տարի հետո միանգամից բոլորս լավ ենք ապրելու»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր