Եվրոպայի կոշտ պատասխանը Ռոբերտ Քոչարյանին ու Արփինե Հովհաննիսյանին

Դատարանը ճանաչել է դիմողի բոլոր իրավունքների խախտումները, որոնք ներկայացված են եղել Դատարանին։ Կառավարության բոլոր փաստարկները մերժվել են։ Այս վճռով քաղաքական զգայունության եւ կարեւորության գործերով Հայաստանում արդարադատության համակարգի գոյության վերաբերյալ պատրանքն էլ է ցրվել»:
ՄԻԵԴ որոշումը հատկապես ուշագրավ է Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների, մասնավորապես նախկին իշխանության որոշ խմբերի նախաձեռնությունների ֆոնին, որոնք Հայաստանում նոր իրավիճակը բնութագրում են որպես ժողովրդավարության, մարդու իրավունքի խախտման եւ ընդհուպ բռնապետության դրսեւորում: Օրինակ, այդ գնահատականներն է հնչեցրել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իսկ ԱԺ ներկայիս փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էլ հայտարարել էր Հայաստանի իրավիճակի այդ հարցը ԵԽԽՎ մոնիտորինգի խմբի քննության առարկա դարձնելու մասին: ԵԽԽՎ մասին խոսել էր նաեւ Ռոբերտ Քոչարյանը:
Փաստացի, ՄԻԵԴ որոշումը դառնում է պատասխան այդ գնահատականներին ու նախաձեռնություններին: Իհարկե ԵԽԽՎ-ն եւ ՄԻԵԴ-ը միմյանց շատ մոտ են աշխարհագրորեն՝ մի քանի րոպե քայլ կատարելու հեռավորության վրա, բայց ֆորմալ առումով դրանք տարբեր ինստիտուցիոնալ հարթություններ են, այդուհանդերձ ՄԻԵԴ վճիռը քաղաքական խորհրդանշականության տեսանկյունից ընդհուպ հարված է Ռոբերտ Քոչարյանին, Արփինե Հովհաննիսյանին եւ ընդհանրապես նախորդ համակարգի բոլոր այն սուբյեկտներին, որոնք ծրագրում են Հայաստանում «բռնապետության» հարց բարձրացնել ԵԽԽՎ առաջ:
Առայժմ այդ նախաձեռնության միակ դրական արձագանքը փաստորեն շարունակում է մնալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի արձագանքը:
Խորքային առումով Եվրոպան թերեւս գիտակցում է, թե ինչ հարվածի տակ է դրվել Հայաստանի նախորդ համակարգից եկած այդ նախաձեռնությամբ: Բանն այն է, որ նախաձեռնությունը Եվրոպայի Խորհրդին դրել է Հայաստանում իր հանրային լեգիտիմությունը կասկածի տակ դնելու լրջագույն ռիսկի առաջ:
Այդ իմաստով ՄԻԵԴ որոշումը պատասխան կամ հարված լինելով Եվրոպան այդ ռիսկի առաջ դնող Հայաստանի նախկին համակարգի ներկայացուցիչներին, ահազանգ է նաեւ հենց ԵԽ ներկայացուցիչների համար, որոնք պետք է քննարկեն այդ բողոքները: