Ախորժակը գալիս է ուտելուց.Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»          Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան       ՈւՂԻՂ. Տավուշի գյուղապետերը Երևանից վատ լուրով են եկել. իրավիճակի նոր լարում    

26 սեպ 2018 16:50

Նիկոլ Փաշինյանի եւ Հասան Ռոհանիի անակնկալը Բաքվին

 Նիկոլ Փաշինյանի եւ Հասան Ռոհանիի անակնկալը Բաքվին
Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 73-րդ նստաշրջանի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Ավելորդ է թերեւս խոսել հանդիպման ու հայ-իրանական հարաբերության կարեւորության մասին:
Սակայն ընդգրկուն այդ համատեքստից դուրս, հանդիպումն ու հարաբերությունը հատկապես ուշագրավ է ռեգիոնալ իրավիճակի համատեքստում, որ առկա է Մերձավոր Արեւելքում եւ անկասկած իր հեռակա ազդեցությունն ունի նաեւ Կովկասի շուրջ տրամադրությունների վրա:
Փաշինյան-Ռոհանի հանդիպումն ուշագրավ է Բաքու Պուտինի սպասվող այցի ֆոնին: Ուշագրավ է ամենեւին ոչ իբրեւ այդ այցի այսպես ասած հակակշիռ, կամ ոչ միայն այդ այցի հակակշիռ: Հազիվ թե Երեւանը փորձի խաղալ պարզունակ խաղ եւ ցույց տալ Մոսկվային, որ Բաքվի հետ հարաբերությունը խորացնելու դեպքում Երեւանը կդիմի Թեհրանին:
Իրավիճակն ու խնդիրները շատ ավելի բազմաշերտ են եւ Երեւան-Թեհրան հանդիպումը Բաքվում Պուտին-Ալիեւ հնարավոր հանդիպումից առաջ կոնկրետ Հայաստանի համար կարող է ունենալ թերեւս այլ նշանակություն եւ իմաստ: Դա ավելի բարդ վիճակի առաջ է դնում Ալիեւին եւ ըստ էության ստացվում է որոշակի աջակցություն Պուտինին, քանի որ Երեւան-Թեհրան շփումը սկզբունքորեն ավելի մտահոգիչ պետք է լինի Բաքվի, քան Մոսկվայի համար:
Այստեղ իհարկե նաեւ Երեւանի շահն է, քանի որ Բաքվի հետ շփումներում Մոսկվայի հնարավորինս ամրությունը զգալիորեն կնվազեցնի Բաքվին արվող զիջումների հավանականությունը: Առավել եւս, որ Բաքվում Կրեմլը ներկայում գործ ունի ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ Թուրքիայի ու Իսրայելի հետ: Այդ տեսանկյունից Կրեմլն ունի ամրության կարիք, ու Երեւանի աջակցությունը, անուղղակի եւ միջնորդավորված, սակայն էական գործոն է:
Մյուս կողմից, Իրանի հետ հարաբերությունը չի կարող դիտարկվել լոկ այդ զսպման համատեքստում: Այդ հարաբերությունը Հայաստանի համար ունի այլ առաջնահերթություններ, որոնք անմիջականորեն կապված են Հայաստանի շահին ու անվտանգությանը: Հայաստանն Իրանի հետ հարաբերության առումով ունի սուվերեն քաղաքականության խնդիր, եւ Հայաստանի նոր իշխանության մարտահրավերը դա է: Կարո՞ղ է նոր իշխանությունն իր հանրային բարձր լեգիտիմությունը ծառայեցնել այդ սուվերենությանը:
Այդ իմաստով հետաքրքիր ակնարկ կա Իրանի նախագահի խոսքում, որը Փաշինյանի հետ զրույցում հիշատակել է Իրանի հայ համայնքն ու դրա կարեւոր դերն Իրանի կյանքում: Իրանի նախագահը կարծես թե մատնացույց է արել հանրային աջակցության հանգամանքը, ակնկալելով, որ դա կօգնի առավել առարկայացնել հայ-իրանական հարաբերությունը հատկապես տնտեսական նախագծերի առումով: Այստեղ հեռանկարները թե երկկողմ են, թե նաեւ ռեգիոնալ, ընդհուպ Չինաստանի Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնությունը: Ի դեպ, Անկախության տոնի առիթով Պեկինից Չինաստանի վարչապետի շնորհավորանքի մեջ այդ նախագիծը հիշատակվում էր կոնկրետ, դրա ուղղությամբ աշխատանքի արդյունավետության ակնկալիքով:
Իրանի հետ քննարկումների մասով Հայաստանի համար իհարկե առկա է ԱՄՆ պատժամիջոցների խնդիրը: Ընդ որում, Երեւանն այդ խնդրին բախվում է ամենեւին ոչ առաջին անգամ: Միեւնույն ժամանակ ակնհայտ է, որ սուվերեն քաղաքականությունը բանալի է նաեւ այդ հարցում, քանի որ Արեւմուտքը չունի Հայաստանը շրջափակելու խնդիր: Արեւմուտքի խնդիրն այն է, որ Հայաստանը այդպիսի դեպքերում լուծի իր հարցերը, ոչ թե դառնա այլոց հարցերը լուծելու «կամուրջ»: Եվ այդ իմաստով Երեւանը Թեհրանի հետ հարաբերության մասով ընդամենն ունի թե Մոսկվայի, թե Վաշինգտոնի հետ սուվերեն հարաբերության հարց, նրանց բացատրելով, որ հարաբերությունն ուղղված չէ որեւէ մեկի դեմ եւ ուղղված չէ նաեւ ռեգիոնալ ստատուս-քվոն խախտելուն:
Հակառակը, այն հենց առկա ստատուս-քվոն պահպանելու միտված քաղաքականություն է, որտեղ Իրանն ունի մեծ դերակատարում: Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ ամբիոնից հավաստիացրել է, որ Երեւանը որեւէ կենտրոնի հետ հարաբերությունը չի կառուցելու մյուսի հետ հարաբերության հաշվին:
Հայ-իրանական հարաբերության տողատակում ներկայում կա մի հարց էլ՝ Սիրիայի հարցը: Հատկապես այնտեղ  Հայաստանի մարդասիրական առաքելության շուրջ քննարկումների ֆոնին: Այդ իմաստով էլ ՄԱկ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց, որ Հայաստանի համար խնդիրը լոկ մարդասիրական է եւ ազգային, այնտեղ գտնվող հայկական համայնքի առումով, ու Երեւանը մտադիր չէ բաժանել առաքելությունն աշխարհքաղաքական գույների:
Միաժամանակ, Սիրիայի առնչությամբ կա նաեւ նախորդ իշխանությունից փոխանցված հարց, որը ծագել էր Իսրայելի «միջամտությամբ», երբ նախկին արտգործնախարար Նալբանդյանը 2017-ի սեպտեմբերին եղել էր Թել Ավիվում եւ վարչապետ Նաթանյահուն նրա հետ հանդիպմանը արտահայտել էր ռեգիոնում Իրանի ներկայության աճից դժգոհությունը: Հետո Իրանի ԱԳՆ խոսնակը Երեւանին հորդորել էր չտրվել Իսրայելի շահարկումներին, ինչը վկայում է, որ Թեհրանը որոշակի կասկածներ է ունեցել Հայաստանի քայլերի առնչությամբ:
Կա՞ն այդ կասկածները ներկայում, նոր իշխանության պարագայում: Արդյոք այդ համատեքստում չի եղել նաեւ Իրանում հայկական համայնքի առկայության մասին Հասան Ռոհանիի հիշեցումը:
Ինքնին հասկանալի է, որ հարցերի ամբողջական շրջանակը եթե անգամ հնարավոր է քննարկել մեկ հանդիպման շրջանակում, ապա դա չի կարող լինել ՄԱԿ կուլիսներում հանդիպումը եւ կարիք կա նախապատրաստել Նիկոլ Փաշինյանի այց Թեհրան՝ որի հրավերը արել է Ռոհանին, ու նախապատրաստել այցի ընդգրկուն օրակարգ:
Աղբյուր` lragir.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր