Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա          Տեսանյութ. «Ձեր շոուն արեք, գնացեք». Ոստիկանների հետ քաշքշուկի հետևանքով քաղաքացու ոտքի պրոթեզը դուրս եկավ       Այլևս ռուս խաղաղապահների կարիքը չկա, և ոչ ոք չի վիճում այն փաստի հետ, որ Ղարաբաղը «պատկանում է» Ադրբեջանին    

27 սեպ 2018 12:41

Դիֆթերիան հնարավոր է Հնդկաստանից հասնի Հայաստան.ԱՆ-ն զգուշացնում է

Դիֆթերիան հնարավոր է Հնդկաստանից  հասնի Հայաստան.ԱՆ-ն զգուշացնում էՀայաստանի առողջապահության նախարարությունը հաղորդում է Հայաստանում դիֆթերիա վարակիչ հիվանդության տարածման ռիսկերի մասին՝ անդրադառնալով տեղեկություններին, որ երկարատեւ հանգիստ համաճարակային վիճակից հետո դիֆթերիան աշխարհում վերադառնում է:
Նշվում է, որ շատ կարճ ժամանակում նորանոր երկրներ են ընդգրկվում համաճարակային գործընթացում՝ Վենեսուելա, Ուկրաինա, Հնդկաստան, Հարավային Աֆրիկա, Եմեն եւ այլն: Հնդկաստանի լրատվամիջոցների հաղորդագրության համաձայն` վերջին երկու շաբաթվա ընթացքում (սեպտեմբերի 6-23) երկրում արձանագրվել է դիֆթերիայի 147 դեպք, որոնցից 18-ը` մահվան ելքով:
Դիֆթերիան վտանգավոր օդակաթիլային վարակ է, որը տարածվում է հիվանդի փռշտալու եւ հազալու ժամանակ: Վարակվելու ռիսկի գործոններն են՝ փակ տարածքներում շատ մարդկանց առկայությունը, վատ հիգիենիկ պայմանները, պատվաստումներից հրաժարումները:
Հիվանդությանը բնորոշ է՝ ցավ կոկորդում, հազ, ջերմության բարձրացում, քթից արտադրություն, դժվարաշնչություն, բկանցքում հաստ, գորշ փառի առաջացում: Փառը կարող է տարածվել դեպի կոկորդ, շնչափող, ձայնաճեղք՝ առաջացնելով կոկորդի, ձայնաճեղքի այտուց եւ շնչառության կանգ: Միկրոբի արտադրած թույները արյան միջոցով տարածվում են բոլոր օրգան համակարգերը, հատկապես սիրտ, նյարդային համակարգ, առաջացնելով մի շարք բարդություններ՝ սրտամկանի բորբոքում (միոկարդիտ), կաթված (պարալիչ):
Դիֆթերիայի նույնիսկ վաղ բուժման պարագայում բարդություններն անխուսափելի են եւ հիվանդությունը 10% դեպքերում բերում է մահվան: Չի բացառվում Հնդկաստանից հիվանդության տարածումն այլ երկրներ, այդ թվում Հայաստան, հաշվի առնելով բնակչության ակտիվ տեղաշարժերը:
Չնայած մանկական բնակչության շրջանում դիֆթերիայի պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշները բարձր են, նույնը չենք կարող ասել մեծահասակների համար: Հարուցիչը երկիր ներբերելու դեպքում մեծ է տարածման հավանականությունը, հատկապես մեծահասակ բնակչության շրջանում, խոցելի կլինեն նաեւ պատվաստումից հրաժարված երեխաները: Դիֆթերիայի կանխարգելման միակ միջոցը պատվաստումներն են: Նախարարությունը եւս մեկ անգամ հորդորում է լինել ավելի զգոն, դիֆթերիայի պատվաստում ստանալու համար ներկայանալ տարածքային պոլիկլինիկա, եթե վերջին 10 տարվա ընթացքում չեք պատվաստվել:
Հայաստանում վերջին անգամ դիֆթերիայի դեպք է գրանցվել 2000 թվականին: Ըստ պատվաստումների ազգային օրացույցի այս հիվանդության դեմ պատվաստումները կատարվում են՝ մինչեւ երեխայի մեկ տարեկանը` եռանվագ, 6, 12, 18 շաբաթականում, 4-րդը 18 ամսականում, հաջորդը 6 տարեկանում, հետո 15-16 տարեկանում: Այնուհետև յուրաքանչյուր 10 տարին մեկ:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր