Երբ ՀՀԿ-ն ասում է՝ մեր ընտրողներն ունենք, երևի դրա համար հիմքեր գոյություն ունեն

Սոցիոլոգն ասում է՝ իրենց կանխատեսումներով՝ ՀՀ քաղաքացիների 60 տոկոսն էլ որ գնա ու մասնակցի ընտրություններին՝ լավ կլինի, որովհետև այդ օրն անձրև է գալու, կարող է շատերը տնից դուրս չգան, մեկ էլ տեսար՝ անձրևանոց չունեցան…
168.am-ի հարցին՝ 1-ին ու 2-3-րդ տեղերի նման բաշխումը ո՞ր ժամանակամիջոցում, ո՞ր օրը կատարած սոցիոլոգիական հարցումներն են ցույց տվել, Ահարոն Ադիբեկյանը պատասխանեց.
«Հարցումներն արվել են դեկտեմբերի սկզբին: 2-3 հարցումների ժամանակ տարբեր մարզերում եղել եմ խորհրդական, հուշել եմ՝ ոնց հարցումներն անցկացնեն: Ուղղակի, քանի որ տվյալներն իմը չեն, հրապարակման ենթակա չեն»:
Մեր հաջորդ հարցին՝ քանի որ մասնակցել եք հարցումներին, ինչպիսի՞ն է եղել 11 ուժերի վերաբերյալ հասարակության կարծիքը՝ Ահարոն Ադիբեկյանը պատասխանեց.
«Մի մասը կարծում է, որ որևէ բան կփոխվի: Նրանք գործազուրկներն են, ֆինանսական ծայրահեղ վիճակում գտնվողները: Հեղափոխությունը ստեղծեց նոր ընդդիմություն. դա պաշտոնազուրկների դաշտն է: 510 համայնքներում ունեինք ՀՀԿ-ի կողմից նշանակված գյուղապետ, քաղաքապետ, ովքեր պաշտոնանկ են արվել: Նրանք ունեն հարազատներ, և այլն: Կարող է մի մասն առնետի նման թռնի, մի մասն էլ կարող է մնա: Եվ, երբ ՀՀԿ-ն ասում է՝ մեր ընտրողներն ունենք, երևի դրա համար հիմքեր գոյություն ունեն»: