Քաղցկեղով հիվանդ մարդկանց թիվն աշխարհում կսկսի ավելանալ. գիտնականներ
Քաղցկեղով հիվանդ մարդկանց թիվն աշխարհում կսկսի ավելանալ, հավաստիացնում է քաղցկեղի համալիր բուժման «Շարիտե» կենտրոնի տնօրեն Ուլրիխ Կայլհոլցը։
Նրա խոսքով՝ դա կապված է անառողջ ապրելակերպի հետ, որը վարում է մարդկանց մեծ մասը։ Քաղցկեղային հիվանդությունների ավելի քան մեկ երրորդը պայմանավորված է ալկոհոլի օգտագործմամբ, ճարպակալմամբ եւ ծխելով։
Օրինակ, եթե ծխող տղամարդկանց թիվը կրճատվել է, ապա ծխող կանանց թիվն ավելացել է 90-ականների վերջին – 2000-ականների սկզբին։ Եվ դրա հետ է կապված թոքերի, միզապարկի, կոկորդի, բերանի խոռոչի քաղցկեղային հիվանդությունների, ինչպես նաեւ ծխելու հետ կապված՝ քաղցկեղի այլ տեսակների աճը։
Իսկ ահա թե ինչով կարելի է բացատրել լեյկեմիայի տարածումը՝ գիտնականներն առայժմ չգիտեն։
Արժե հաշվի առնել նաեւ այն փաստը, որ երկրագնդի բնակչությունը ծերանում է։ Ինչպես հայտնի է, անոմալ մուտացիաների եւ բջիջների՝ քաղցկեղայինի վերասերումների ռիսկը բարձրանում է ծերանալուն զուգընթաց։ Երիտասարդ մարմնում վտանգավոր բջիջների հեռացմամբ բավական արդյունավետ զբաղվում է իմունային համակարգը։ 80 տարեկանից հետո իմունային համակարգի պոտենցիալը զգալիորեն նվազում է, իսկ քաղցկեղի վտանգը՝ աճում։
Ժամանակակից բժշկությունն առաջ է ընթացել օնկոլոգիական հիվանդությունների բուժման հարցում։ Իմունային եւ թարգեթ թերապիաները ամենահեռանկարայիններից են։ Բայց քաղցկեղի դեմ նոր դեղամիջոցները թանկ արժեն։ Վիճակագրության համաձայն՝ դրանց գները վերջին տարիներին շատ ավելի են բարձրացել, քան մյուս դեղամիջոցներինը։ Անկախ փորձագետների խոսքով՝ ամեն բան տանում է նրան, որ քաղցկեղը, որը չի կարելի կանխել, կարելի է վերածել քրոնիկականի։ Դեղամիջոցներով վերահսկման շնորհիվ քաղցկեղ ունեցող մարդը կարող է երկար ապրել։