Չծխողների մոտ թոքերի քաղցկեղի երեք նոր ենթատեսակ են հայտնաբերել
Թոքերի քաղցկեղով պացիենտների ճնշող մեծամասնությունը ծխողներ են: Սակայն երբեմն այս հիվանդությունը կարող է չծխողների մոտ զարգանալ: Nature genetics-ում հրապարակված նոր գենոմային վերլուծությունը ցույց է տվել, որ չծխողների մոտ թոքերի քաղցկեղի հետ կապված մուտացիաների մեծ մասը կապ չունի արտաքին ազդեցությունների հետ:
Ինչպես հայտնում է Medportal.ru-ն, հայտնի է, որ թոքերի քաղցկեղի զարգացման ռիսկի վրա ազդում են այնպիսի գործոններ, ինչպիսիք են պասիվ ծխելը, ռադոնի ու ասբեստի ազդեցությունը, թոքերի հիվանդությունները: Սակայն գիտնականները կարծում են, որ դրանց ազդեցությունը չի կարող բացատրել չծխողների մոտ հիվանդության տարածվածությունը:
Նոր հետազոտության հեղինակները թոքերի քաղցկեղի մի քանի տեսակներով 232 չծխող պացիենտների մոտ անցկացրել են քաղցկեղի եւ նորմալ հյուսվածքների գենոմի հաջորդականացում: Ուսումնասիրությունը կատարվել է մինչ այս հիվանդների բուժումը սկսելը:
Հետազոտության հեղինակները նախ քաղցկեղի գենոմը ստուգել են քաղցկեղ առաջացնող հայտնի մուտացիաների առկայության համար, որոնք զարգանում են թթվային սթրեսի եւ քաղցկեղածին նյութերի ազդեցության արդյունքում: Ինչպես պարզվում է, հայտնի ուռուցքաբանական մուտացիաները չեն բացատրում քաղցկեղի որոշ տեսակները:
Պարզվել է, որ չծխողների մոտ քաղցկեղ առաջացնող մուտացիաները սովորաբար կապված են գեների էնդոգեն վնասվածքի, այսինքն՝ օրգանիզմում տարբեր գործընթացների ազդեցության հետ:
Գենոմի անալիզը նաեւ չծխողների մոտ թոքերի քաղցկեղի երեք նոր ենթատեսակ է հայտնաբերել: Գիտնականները դրանց տվել են երաժշտական անուններ՝ կախված մուտացիաների քանակից.
«դաշնամուր» (նվազագույն թվով մուտացիաներով տարբերակ, շատ դանդաղ աճով)
«մեցցո-ֆորտե» (մուտացիաները զուգորդվում են քրոմոսոմային փոփոխություններով, համեմատաբար արագ է աճում)
«ֆորտե» (բնութագրվում է գենոմի կրկնապատկմամբ եւ արագ աճով):
Գիտնականների կարծիքով՝ քաղցկեղի նոր ենթատեսակների հայտնաբերումը կհանգեցնի դրանց բուժման եւ կանխարգելման անհատական մոտեցումների մշակմանը: