Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

24 ապր 2019 16:24

«Ցեղասպանությունից ավելի քան 100 տարի անց Թուրքիայի հայերը վերածնում են իրենց ինքնությունը». Public Radio International-ի անդրադարձը

«Ցեղասպանությունից ավելի քան 100 տարի անց Թուրքիայի հայերը վերածնում են իրենց ինքնությունը». Public Radio International-ի անդրադարձըԱմերիկյան Public Radio International-ը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ ուշագրավ անդրադարձ է կատարել Թուրքիայի հայերին՝ նշելով, որ Ցեղասպանությունը վերապրածների ժառանգները տասնամյակներ շարունակ հիմնականում ընդհատակում են եղել:

Այնուհետև աղբյուրը մի շարք պատմական փաստեր է ներկայացնում 20-րդ դարասկզբին իրականացված, 1,5 մլն հայի կյանք խլած ոճրագործության մասին:

Նշվում է, որ հայերի մի մասը, փորձելով փրկվել, թաքցրել է իր էթնիկ ծագումը, մյուսներն էլ իրենց մանուկներին հանձնել են կարեկից մուսուլման համագյուղացիներին, որոնք էլ մեծացրել են երեխաներին: Ըստ մասնագետների՝ Ցեղասպանության ժամանակ մոտ 200 000 հայ փրկվելու համար կրոնափոխ է եղել և իսլամի հետևորդ դարձել:

«Ցեղասպանությունից ավելի քան 100 տարի անց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընտրություններից առաջ փորձեց կապ հաստատել հայ համայնքի հետ, ինչն ապացուցում է, որ Թուրքիայի հայ համայնքը թուրքական հասարակության ընդունելի բաղադրիչն է»,-գրում է աղբյուրը՝ նկատի ունենալով այն, որ Էրդողանը հայերենով ցավակցեց Պոլսի Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի մահվան կապակցությամբ, ինչն անակնկալ էր տեղի հայության համար: Բացի այդ, տեղի հայերի համար անսպասելի էր ՏԻՄ ընտրություններում հայազգի ընտրազանգվածի նկատմամբ ուշադրության բարձր մակարդակը:
Նշվում է, որ ընդհատակում գտնվող հայերի համար շրջադարձային էր 1996 թվականը, երբ լրագրող Հրանտ Դինքը հիմնեց հայերեն և թուրքերեն հրատարակվող «Ակօս»-ը՝ Թուրքիայի Հանրապետությունում առաջին  հայալեզու թերթը:

«Նախքան «Ակօս»-ի ստեղծումը Թուրքիայում հայերի վիճակի մասին գրեթե ոչինչ հայտնի չէր: Երբ մենք նոր էինք սկսում, ոչ ոք չգիտեր՝ Թուրքիայում որքան հայ կա»,-«Ակօս»-ի վետերան լրագրող Բագրատ Էստուկյանի խոսքը մեջբերում է Public Radio International-ը:
 
Հարցազրույցի ընթացքում Էստուկյանն ընդգծել է, որ թերթի նպատակն է թուրքական հասարակությանն իրազեկել հայկական տարրի գոյության մասին, ինչպես նաև պատմել է խմբագրություն ստացվող բազմաթիվ սպառնալիքների մասին: Այդ սպառնալիքներն ակտիվացել են, երբ Դինքը սկսել է հրապարակումներ անել Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Վան, Մուշ, Դիարբեքիր և մի շարք այլ քաղաքների հայկական լինելու մասին:

Էստուկյանը հավելել է, որ Դինքի սպանությունը (2007 թ. հունվարի 19-ին) «կատալիզատոր» էր, ինչից հետո ավելի շատ մարդիկ սկսեցին վերադառնալ իրենց հայկական արմատներին, բարձրաձայնել այդ մասին:

«Թեման փակելու փոխարեն, Դինքի մահն ավելի մեծ ուժով բոցավառեց այն»,-շեշտել է Էստուկյանը:
 
Նրա հետ համակարծիք է գրող, լրագրող Ավետիս Հադջյանը, որը մեկնել է Արևմտյան Հայաստանի պատմական տարածքներ՝ փորձելով հայկականության նշույլներ գտնել այնտեղ: Հայտնի է, որ Ցեղասպանությունից հետո ավելի քան 100 000 էթնիկ հայ մնացել է տարածաշրջանում:

Եվ այն, ինչ Հադջյանը բացահայտել է, ապշեցրել է նրան. հայկական ժառանգության և պատմության զգալի նշանները գոյություն են ունեցել իր այցելած վայրերից գրեթե յուրաքանչյուրում, և դեպքերի մեծ մասում գյուղացիները հստակ իմացել են՝ ով է հայը և ինչպես են Ցեղասպանության ժամանակ նրանց թաքցրել: Այդ մարդկանց մեջ կան այնպիսինները, որոնք գիտեն իրենց ծագման մասին և ընդունում են այն, նրանք, ովքեր գիտեն ճշմարտությունը, սակայն չեն ընդունում այն, և նրանք, ովքեր անտեղյակ են:
 
 Սակայն Դինքի սպանությունն ու դրան հաջորդած 100 000 հոգանոց երթը նպաստեցին, որպեսզի Արևելյան Թուրքիայի զտված գյուղերի հայերը բարձրաձայնեն իրենց՝ երկար ժամանակ թաքցրած ինքնության մասին:

«Նրանց հարևանները գիտեին, որ նրանք հայեր են, որ կրոնափոխ են եղել ցեղասպանության ժամանակ: Այդ համայնքներում բոլորը գիտեն միմյանց՝ նույնիսկ դարերով»,-նշել է «Գաղտնի ազգ. Թուրքիայի ծպտյալ հայերը» գրքի հեղինակ Ավետիս Հադջյանը:
 
 Այնուհանդերձ՝ տասնամյակների վերքն ու վախը շատերի համար դեռևս դժվարհաղթահարելի խոչընդոտ են հանդիսանում: 

Հադջյանն ընդգծում է, որ 2007-2015թթ. տեղի ունեցած սոցիալական ազատականացումը ևս մեծապես նպաստել է Թուրքիայի հայերի սեփական ինքնությունը ճանաչելու պատրաստակամությանը:

«Այդ ժամանակ բացվեց հնարավորության փոքրիկ պատուհան»,-նշել է Հադջյանը:
 
Աղբյուրը գրում է, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակին՝ 2015թ., Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրություններում Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ ներկայացվել է իրենց էթնիկ ծագման մասին բարձրաձայնող երեք հայ թեկնածու, որոնցից մեկը Սելինա Դողանն էր: Վերջինս մանրամասնել է, որ վերջին տարիներին հայկական համայնքի ինքնավարության ոլորտում որոշակի հետընթաց կա: Խոսքը մասնավորապես վերաբերում է Պոլսի Հայոց պատրիարքի՝ անընդհատ հետաձգվող ընտրությանը, հայկական դպրոցների ֆինանսական և ենթակառուցվածքային խնդիրներին:
 
Աղբյուրը նկատում է, որ միևնույն ժամանակ Թուրքիայի հայերը նոր հույս են տեսնում ի դեմս Երևանի: Տեսնելով, թե Սիրիայում պատերազմի պատճառով Հայաստան տեղափոխված սիրիահայերն ինչ ջերմ ընդունելության են արժանանում՝ Թուրքիայի հայերը նոր հետաքրքրությամբ են լցվում Երևանի հանդեպ:
«Թուրքիայի հայերը Հայաստանում իրենց զգում են այնպես, ինչպես տանը: Նրանց շատ ջերմ են ընդունում»,-նշել է Հադջյանը:

Էստուկյանը ևս համակարծիք է այս տեսակետի հետ՝ նշելով, որ նույն բանն էլ ինքն է տեսնում:

«Հալեպի ավերումը մեծ ազդեցություն գործեց Թուրքիայի հայերի մեջ իրենց ինքնության զարթոնքի հարցում: Տասը տարի առաջ Թուրքիայի հայերը երազում էին ԱՄՆ-ի «Գրին քարտ» ստանալու մասին: Հիմա նրանք դրա փոխարեն ՀՀ քաղաքացիություն են ուզում ունենալ»,-նշել է Էստուկյանը:

Աղբյուրը եզրափակում է այն մտքով, որ չնայած դեռ շատ վաղ է խոսել Անկարայի և Երևանի միջև հաշտության մասին կամ Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված քայլեր ակնկալել, սակայն ակնհայտ է, որ «հայկականությունն» այնտեղ այլևս սև բիծ չէ:
 










Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր