Իրանը հայտարարել է իր մի շարք օբյեկտներում լրտեսական ցանցի բացահայտման մասին.ՀՀ-ն պետք է պատրաստ լինի.«Ժամանակ»

Այն, որ այդ հանդիպումն ու ընդհանուր հայտարարը Սիրիայում Իրանի ներկայության դեմ է, խոշոր հաշվով, ակնառու դարձավ օրերս, երբ Իսրայելի օդուժը եռակողմ հանդիպումից հետո ռմբակոծեց Սիրիայի մի քանի քաղաք, այդ թվում՝ մայրաքաղաք Դամասկոսը: Բանն այն է, որ ռմբակոծված տարածքները նրանք են, որտեղ չկա ռուսական ներկայություն:
Միաժամանակ, ռմբակոծող օդուժն անցել է տարածքներով, որոնք վերահսկում են ռուսական ՀՕՊ համակարգերը՝ ռուս մասնագետներով, սակայն այդ համակարգերը չեն աշխատել: Այդ ամենը հուշում է, որ Իսրայելի օդուժը գործել է ռուսների հետ համաձայնեցված, ինչն էլ, թերևս, հենց Երուսաղեմում տեղի ունեցած աննախադեպ հանդիպման և հայտարարությունների արդյունք է: Թե ինչ խնդիրներ ունեն Իրանի հետ Իսրայելն ու ԱՄՆ-ն, բավականին հայտնի է:
Միևնույն ժամանակ, սակայն, ակնառու է, որ Իրանի հետ ոչ պակաս խնդրահարույց հարաբերության մեջ է Ռուսաստանը, ինչը ունեցել է տարբեր դրսևորումներ սիրիական ամբողջ արշավի ընթացքում: Ահա այդ համատեքստում էլ հատկանշական է Իրանի լրտեսական բացահայտումը, այդ թվում՝ ատոմային օբյեկտներում: Բանն այն է, որ Իրանի ատոմային օբյեկտներում մեծ է ռուսաստանցի մասնագետների ներգրավվածությունը:
Մասնավորապես, հայտնի է, օրինակ, որ Բուշերի ատոմակայանը կառուցվում էր համատեղ ծրագրով: Դժվար է պատկերացնել, որ այդ օբյեկտներ մուտք են ունեցել իսրայելական կամ արևմտյան հետքի, այսպես ասած, ռիսկ պարունակող մասնագետներ: Ըստ այդմ, պնդել, իհարկե, հնարավոր չէ, սակայն մեծ հավանականությամբ, բացահայտվածը ռուսական լրտեսության խմբեր են, կամ Իրանը պարզապես դրանով Ռուսաստանին է ազդակ հղում, քանի որ իսրայելական կամ ամերիկյան լրտեսության դեպքում Թեհրանը թերևս չէր վարանի մանրամասնել այդ մասին: Իսկ Ռուսաստանի դեպքում Իրանն, անշուշտ, մի շարք պատճառներով նախընտրում է չգնալ բաց կոնֆլիկտի, ինչից, սակայն, շահերի բախման հանգամանքը ամենևին չի նվազում, և դատելով իրադարձությունների տրամաբանությունից՝ նույնիսկ պարունակում է աճման ռիսկ: Հայաստանը պետք է պատրաստ լինի դրան, որովհետև առերևույթ թվում է, որ մեր խնդիրը ԱՄՆ-Իրան հարաբերության լարումն է, և դա, իհարկե, այդպես է, սակայն չպետք է «տարված» լինելով դրանով, բաց թողնենք Իրան-ՌԴ հարաբերության տիրույթում տեղի ունեցող ներքին լարման աճը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: