Բանակցությունները հայկական կողմը վարում է գաղտնի, իսկ Ադրբեջանականը՝ գրեթե բացահայտ
![](/uploads/hayk-martirosyan-harcazruyc.jpg)
-Պարոն Մարտիրոսյան, ի՞նչ կարող ենք
ակնկալել երեկ Մոսկվայում կայացած Սարգսյան-Պուտին հանդիպումից: Այդյո՞ք շրջադարձային
փոփոխություններ կլինեն:
-Շրջադարձային փոփոխությսւններ տեղի
են ունեցել դեռևս ապրիլի մեկին և այն ինչ տեղի է ունենում այսօր՝ դրա շարունակությունն է: Ընդհանրապես Հայաստանը մտնում
է ոչ միայն շրջադարձային, այլև աղետալի մի փուլ:
-Մինչ այս հանդիպումը ՌԴ նախագահը
մեկնել էր Բաքու, քննարկվեցին Իրան-Ադրբեջան-Ռուսաստան նոր առանցքի ձևավորման հարցեր,
այնուհետև Ռուսաստանում ՀՀ և Թուրքիայի նախագահների հանդիպումներ տեղի ունեցան ՌԴ նախագահի հետ: Տարածաշրջանում
Ռուսաստանի նման ակտիվացումը ինչո՞վ է պայմանավորված:
-Ռուսաստանի այս ակտիվացումը պայմանավորված
է տնտեսական անկման պայմաններում նոր հնարավորությունների բացահայտմաբ: Նաև, թուրքական
հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի Արևմուտքից հեռացմամբ և հին-նոր գործընկերոջը վերագտնելու
ցանկությամբ: Բացի այդ՝ Ռուսաստանը փորձում է կապիտալիզացնել իր բոլոր քաղաքական ռեսուրսները
և արցախյան հիմնահարցն այդ ռեսուրսներից մեկն է: Հայաստանի հաշվին Ադրբեջանին սեփական
ուղեծիր բերելու փորձը դրա վկայություններից է:
-Քննարկումներում առանցքային թեմա
է նաև ԼՂՀ հիմնահարցը: Գործընթացները ի՞նչ հունով կարող են ընթանալ:
-Առկա թեմաների քննարկման շրջանակներում
Հայաստանը չի կարող որևէ դեպքում շահող դուրս գալ: Բանակցությունները հայկական կողմը
վարում է գաղտնի, իսկ Ադրբեջանականը՝ գրեթե բացահայտ: Ի՞նչ է դա նշանակում. որ սեղանին
է Ադրբեջանին ձեռնտու փաթեթ, որը հայ հասարակությունը կարող է սվիններով ընդունել:
Եվ հենց այդ է պատճառը, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն լռության կոչ արեց: Ադրբեջանին ոչ թե չստելու,
այլ՝ լռելու կոչ արեց: Չնայած Հայաստանի իշխանության ագիտացիոն մեքենայի ջանքերին,
առկա և քննարկվող փաստաթղթում ազատագրված մեր հայրենիքի շրջանները հանձնելու թեզի գոյությունը
ծաղրելու միջոցով հերքելու և դրա մասին խոսողներին անտեղի աղմկարարներ ներկայացնելու
ջանքերին՝ փաստերն ու վկայություններն այնքան շատ են, որ ինչպես ժողովուրդն է ասում՝
մախաթը պարկում թաքցնել չի լինում:
-Տարածաշրջանում Իրանի գործոնը նույնպես
պետք չէ բացառել: Իրանը կարծես կողմ չէ տարածաշրջանում ստատուս քվոի փոփոխությանը: Եռակողմ հանդիպումները ի՞նչ
հնարավորություններ են ստեղծում կողմերի համար և ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ
ԼՂՀ խնդրի վրա:
-Իրանի գործոնը բացառում է հենց Հայաստանը: Պաշտոնական Երևանի համար Թեհրանը դարձել
է չպահանջված եզակի բարեկամ: Այո, Իրանը դեմ է ազատագրված տարածքների հանձնմանը, որովհետև
Թեհրանին շատ ավելի ձեռնտու է և ապահով՝ սահմանի
այն կողմում հայեր քան թուրք-թաթարներ տեսնել: Ի տարբերություն հայերի՝ իրանցիներն
իրենց պատմությունը չեն մոռանում: Բայց Հայաստանը, եթե չի հետապնդում սեփական շահը,
ապա նույն հարցում իր հարևանի շահը հաստատ չի պաշտպանելու: Հետևաբար Իրանի գործոնն
այս խնդրում, վճռորոշ չի կարող լինել:
-Բաքվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը
նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է գտնեն այնպիսի որոշում, որը փոխզիջումային
է, սակայն ընդունելի երկու կողմի համար: Այս պահի դրությամբ նման տարբերակի հնարավորություն
կա՞ արդյոք:
-Այդ խոսքերը շատ գեղեցիկ են հնչում,
բայց դրանք ռոմանտիկայի ոլորտից են, թեև արտաբերողն ամենևին ռոմանտիկ գործիչ չէ: Իհարկե
չկա նման տարբերակ: Եվ հետո ի՞նչ է նշանակում չպետք է լինեն հաղթող և պարտվող կողմեր,
դժգոհ կողմեր: Ե՞րբ եք տեսել պատերազմներ, որոնք վարվում են ոչ-ոքի ավարտելու և պարտվողներ
չթողնելու մղմամբ: Նման բան անգամ ֆուտբոլում չկա: Հայաստանը հաղթել է արցախյան ճակատամարտում:
Եվ հիմա ստացվում է, որ պետք է այդ հաղթանակը հիմար ասպետի պես զիջի թշնամուն, ու տանուլ
տա ամբողջ պատերազմը, որպեսզի այդ թշնամին իրեն վատ չզգա: Մի տեսակ աբսուրդի ժանրից
է սա՝ սիրողական վատ ֆիլմի մոտիվներով: Հասկանու՞մ են արդյոք Հայաստանում, որ չկա արցախյան
հիմնախնդիր: Ուղղակի չկա: Կա մասամբ ազատագրված Արցախ և մասամբ ազատագրված Ուտիք, որ
սխալմամբ ազատագրված «տարածքներ» են ասում: Ինչու՞ է հայկական կողմն ընդհանրապես բանակցում,
երբ ինքը խնդիրն իր համար լուծել է: Ոչ ԱՄՆ-ը, ոչ Չինաստանը և ոչ էլ Ֆրանսիան Հայաստանին
չեն պատժում, որ ազատագրել է իր հողերը և քսանհինգ տարի այդ ուղղությամբ ոչինչ չեն
էլ արել: Հիմա եթե Ռուսաստանը հանկարծ որոշել է «արդարացիորեն» «լուծել» խնդիրը, ինչու՞
է Հայաստանը որոշել, որ խնդիրն ինքը չի լուծել ու այն նոր «լուծում» է պահանջում: Անհասկանալի
է, անհեթեթ է, ամոթալի է: Որտեղի՞ց այս իմաստուն ժողովրդին հիմա այսքան անխոհեմ, պարտվողական
և անարժանապատիվ հոգեբանություն ներշնչվեց: Ինչպե՞ս մարդկանց հիմարեցրեցին այն աստիճանի,
որ շատերը սկսեցին անուղղակիորեն, առանց հասկանալու պահանջել ևս մեկ հայրենազրկում,
պարտություն և արդյունքում մի նոր ցեղասպանություն:
-Թուրքիայի արտգործնախարար Մևլութ
Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանը համաձայնվել է Թուրքիայի ներգրավմանը ԼՂՀ
հիմնախնդրում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով: Սա ինչ վտանգ կարող է առաջացնել Հայաստանի
և ԼՂՀ համար:
-Կպատասխանեմ կարճ՝ գոյութենական:
Երբ քաղցած գայլին պարարտ գառ են պահ տալիս՝ կարիք չկա հանճար լինելու, որպեսզի հասկանալի
լինեն հետևանքները: Անհասկանալին այստեղ այն է, որ պահ տվողը փորձառու հովիվն է, որ
կամ գայլին է սիրաշահում, կամ այդ գառան մեջ այլևս արժեք չի տեսնում:
-Ի՞նչ եք կարծում, որքան էլ ճնշումներ
լինեն հայկական կողմը չի՞ կարող արդյոք խուսափել միակողմանի զիջումներից:
-Չկա աշխարհում որևէ ճնշում, որն
իրեն արժանապատիվ դրսևորող թույլ պետական միավորին կարողանա վերջնականապես կոտրել:
Բայց կրկնեմ դրա համար արժանապատիվ և ազգային
քաղաքականություն է անհրաժեշտ: Եվ նույնպիսի իշխանություն: Ավարայրի նախօրեին հայերին փորձեցին կրոնափոխություն պարտադրել՝ հանուն
քաղաքական իշխանության և վերահսկման: Հայկական զորքերը ծանր պարտություն կրեցին, բայց
կարծեմ հայերն այսօր դեռ քրիստոնյա են, իսկ պարսիկները՝ արդեն բարեկամ հարևաններ: Եթե
դու որոշել ես, որ ճնշումը մեծ է և պարտվելու ես՝ կպարտվես անպայմանորեն: Եթե որոշել
ես, որ ճնշումը մեծ է բայց հաղթելու ես՝ գուցեև չհաղթես, բայց հաստատ վերջնականապես
չես էլ պարտվի: Օրինակներն անսպառ են:
-Ըստ Ձեզ՝ Ղարաբաղյան հակամարտության
լուծման ուժային, թե՞ քաղաքական ճանապարհն է օրվա
հրամայական:
-Օրվա հրամայականը լուծման մասին
չմտածելն է: Այս պայքարն այլևս դուրս է Արցախի խնդրից: Ադրբեջանն ու Թուրքիան այլևս
լծվել են իրենց ազգային գաղափարախոսության կատարմանը՝ ընդհանրապես հայկական տարրն ու
այս փոքրիկ դեռևս պետականաձև միավորը, որ Հայաստանի Հանրապետություն ենք կոչում, մեջտեղից
հանելուն: Եթե Հայաստանում գրքեր կարդային, մի փոքր ճանաչեին սեփական թշնամուն, որի
դրոշն այրելու փոխարեն կարողանային ուսումնասիրել նրա հոգեբանությունն ու ապագայի տեսլականը,
այսօր բոլորովին այլ վիճակում կլիներ այս երկիրը: Եվ Արցախն ու Ուտիքն այդ ազգային
գաղափարախոսության իրականացման այս նոր շրջանի առաջին փուլն են: Տարածքներով կամ բուն
նախկին ԼՂԻՄ-ով պայքարը չի ավարտվելու, այլ՝ նոր թափով է շարունակվելու: Հայ-թյուրքական
հակամարտությունը չունի լուծում, ինչպես որ չունի արաբա-իսրայելական հակամարտությունը:
Տարբերությունն այն է, որ նշված չորս կողմերից բոլորը՝ բացի հայկականից, հասկանում
են դա և հասկանում են նաև, որ այդ երկու կոնֆլիկտներն էլ ձգվելու են այնքան՝ մինչև
կողմերից մեկը դուրս գա հրապարակից: Հայկական կողմում հաշտության և խաղաղության մասին
պատկերացումները հանցավոր ռոմանտիկության ոլորտից են: Որևէ մեկը Հայաստանում իրեն հարց
տալի՞ս է թե ինչ են մտածում ադրբեջանցիները այդ միֆական հաշտության հնարավորության
մասին: Այսպիսի տգիտությամբ և մտայնությամբ այս պայքարում Հայաստանը հաստատ չի կարողանալու
գոյատևող և հարատևող կողմ դառնալ: Անհրաժեշտ է փոխել սեփական մտածողությունն ու ինքնասպանության
տանող մոտեցումները և վերջապես սկսել իրականությունը տեսնել: Այս ժողովուրդը դրան այլընտրանք
չունի:
Զրուցեց՝ Դիաննա Մանուկյանը