Բժիշկները ոտքի ցուցամատը կարել են ձեռքի բութ մատի փոխարեն
![](https://med.news.am/static/news/b/2019/12/24587.jpg)
Fox News-ի կայքը հայտնում է, որ 2019 թվականի ապրիլին տղամարդը աղջկա համար փայտից նվեր էր փորագրում: Նա աշխատելիս պատահաբար կտրել է մատը, բայց ցավ չի զգացել եւ սկզբում դա չի նկատել:
Ո՛չ տուժածը, ո՛չ նրա ընտանիքը չեն կարողացել գտնել կտրված մատը, ուստի անհնար էր այն նորից իր տեղում կարել: Տղամարդը մի քանի ամիս ապրել է առանց ձեռքի բթամատի, ինչը զգալիորեն վատթարացնում էր նրա կյանքի որակը:
Միչիգանի համալսարանի հիվանդանոցի մասնագետները օգոստոսին հեռացրել են պացիենտի ձախ ոտքի ցուցամատը եւ այն կարել ձախ ձեռքի կորցրած մատի փոխարեն: Վիրահատությունը հաջող է անցել: Դրանից հետո պացիենտը մի քանի ամիս զբաղվել է ձեռքերի մարմնամարզությամբ՝ մատի շարժողական ունակությունը վերականգնելու համար: Հիմա նա կարողանում է այն ծալել եւ ուղղել, ինչի շնորհիվ ձեռքն ավելի շարժուն է դարձել: