Պահանջում ենք Գագիկ Խաչատրյանի անհապաղ ենթարկել կրկնակի վիրահատության. Փաստաբանական խումբ

«Դեռեւս 2019 թվականի հուլիսի 4-ին եւ օգոստոսի 5-ին քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ՀՀ առողջապահության նախարարի կողմից ՀՀ առաջատար մասնագետների ներգրավմամբ երկու բժշկական կոնսիլիում էր հրավիրվել, որոնց արդյունքում տրված եզրակացություններով փաստվել էր, որ Գագիկ Խաչատրյանին անհարժեշտ է կրկնակի վիրահատություն՝ ուղղված ստենոզի շտկմանը, որը հնարավոր չէ իրականացնել ՀՀ-ում, քանի որ սկզբնական վիրահատությունը դեռեւս 2018թ.-ին իրականացվել է Գերմանիայի դաշնությունում եւ իմպլանտ է տեղադրվել։ Կրկնակի վիրահատության անհրաժեշտության մասին են փաստել նաեւ Գերմանիայի Դաշնության Համբուրգ քաղաքի Օրթոկենտրոն բժշկական կենտրոնի եւ Փարիզի ամերիկյան հոսպիտալի առաջատար բժիշկ-պրոֆեսորների կողմից իրականացված բժշկական կոնսիլիումների արդյունքում»,- տեղեկացրել է Երեմ Սարգսյանը։ Նա նաեւ հավելել է, որ բոլոր բժշիկներն էլ համակարծիք են եւ հաստատել են, որ վիրահատությունը պետք է կատարվի հնարավորինս շտապ, քանի որ դրա հապաղումը կարող է հանկարծակի եւ անդառնալի վնաս պատճառել Գագիկ Խաչատրյանի առողջությանը:
Փաստաբանական խումբն ահազանգում է, որ չնայած այս նախազգուշացումներին, Գագիկ Խաչատրյանին մինչ օրս վիրահատվելու հնարավորություն չի տրվել. փոխարենը շուրջ 6 ամիս գտնվելով քրեակատարողական հիմնարկում, նա ընդամենը ցավազրկողներ է ստացել: Այս ամենի պատճառով Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակն ավելի է վատթարացել, որի պատճառով էլ նա ներկայումս գտնվում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում, որտեղ կոնսերվատիվ եւ վերականգնողական բուժում է ստանում, ինչը սակայն, ըստ բժիշկների, չի հանդիսանում հիվանդության հիմնական բուժում:
«22.01.2020թ. եւ 28.02.2020թ. բժշկական կոնսիլիումների արդյունքում արձանագրվել է, որ Գագիկ Խաչատրյանի անհրաժեշտ է կրկնակի վիրահատություն, այսինքն՝ անհրաժեշտ է կրկնակի վիրահատության միջոցով իրականացնել ողնուղեղի պարանոցային հատվածի վիրաբուժական դեկոմպրեսիա: Նման իրավիճակում Պետությունն ուղղակի պարտավոր է մտահոգվել իր քաղաքացու առողջությամբ եւ հնարավոր բոլոր եղանակներով ապահովել նրա՝ բժշկական օգնություն ստանալու իրավունքը»,- ասել է պաշտպանը։
Նշենք, որ անհապաղ բժշկական օգնության չապահովումն առնվազն հանգեցնում է Պետության կողմից դրսեւորվող «վատ վերաբերմունքի», ինչն անթույլատրելի է եւ ուղղակիորեն արգելված է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով։