Երևանի մանկապարտեզներում հերթագրված երեխաների ընդունելությունը կասեցված է. քաղաքապետարանը լուռ է

Ի պատասխան մեր հարցմանը Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից լրատվամիջոցին է ուղարկվում մի պատասխան, որում բարձրացված հարցերի առնչությամբ, ըստ էության, չկա ոչ մի սպառիչ պատասխան։Ավելին՝ քաղաքապետարանը մեզ է ուղարկում հարցման նախօրեին հրապարակած հայտարարության տեքստը՝ աննշան փոփոխություններով։ Ըստ մեզ ուղարկված պաշտոնական պատասխանի պարզվում է հետևյալը՝ համաձայն ՀՀ պարետի 2020թ. մայիսի 24-ի հ.74 որոշման՝ առաջնահերթություն է տրվում խնամող չունեցող 2019-2020թթ. ուս տարում հաճախած երեխաներին, որոնց թիվը յուրաքանչյուր խմբում չպետք է գերազանցի 12-ը՝ սոցիալական հեռավորությունը պահպանելու նպատակով: Ընդ որում, վերոնշյալ որոշմամբ ժամանակավորապես արգելվում է լրացուցիչ ընդունելություն կազմակերպելը՝ պայմանավորված COVID-19-ով: Արդյունքում, խմբերում չեն ընդգրկվում ոչ միայն հերթագրված երեխաներ, այլ նաև՝ ընտանիքում խնամող ունեցող 2019-2020թթ. ուստարում հաճախած երեխաներ: Հետևաբար, ընդունելությունը ժամանակավորապես կասեցված է: Երեխաների լիարժեք ընդունելություն կիրականացվի մանկապարտեզների բնականոն գործունեությունը վերսկսելու պարագայում: Տարիքային խմբերը կձևավորվեն խմբերի խտության նորմատիվին համապատասխան:
Նկատենք, որ պարետատան 2020թ. մայիսի 24-ի հ.74 որոշմանը հղում տված Երևանի Քաղաքապետարանի կողմից պաշտոնական հայտարարությունը տարածվել է սույն թվականի սեպտեմբերի 7-ին, երբ արդեն իսկ պարզ էր, որ ԱԺ-ն քննարկել է պարետատան գործունեության կասեցման հարցը, որով սույն թվականի սեպտեմբերի 12-ից Հանրապետությունում նախատեսվում է դադարեցնել պարարետան գործունեությունը, իրավական ձևակերպումներով ուժի մեջ մտցնելու համար կարանտինային ռեժիմը։
Բացի նրանից, որ Երևանի Քաղաքապետարանի կողմից «Փաստինֆո»-ի հարցումներին ուղարկված անհասցե և անբովանդակ պատասխաններն, ինքնին, նոր հարցերի տեղիք են տալիս, այս ամենին մինում է ևս մեկ անհասկանալի իրավիճակ՝ ինչո՞ւ է Երևանի քաղաքապետարանը հղում տալիս արդեն իսկ սպառման ենթակա կառույցի՝ պարետատան իրավական կարգավորումներին, երբ այդ կառույցի գործունեությանը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում մնացել է ընդամենը հաշված, իսկ ավելի կոնկրետ՝ հինգը աշխատանքային օր։
Լրատվականին ուղարկված բացահայտ ոչ սպառիչ պատասխաններից, ինչպես նաև իրավական ռեժիմների, մեր կարծիքով, անհարկի գործածության հղումը, առիթ է տալիս եզրակացություններ անելու, որ Երևանի քաղաքապետարանի իրավասությամբ գործող մանկապարտեզներում, հավանաբար, մանկահասակ տարիքի երեխաների հերթագրաման, ինչպես նաև՝ մանկապարտեզների ընդունելության հետ կապված խնդիրներ կան, որոնց մասին, Երևանի Քաղաքապետարանը փորձում է լռություն պահպանել։
Հասկանալու համար ստեղծված իրավիճակի ողջ պատկերը, ինչպես նաև՝ պարզելու համար Երևանի քաղաքապետարանի լռության պատճառները «Փաստինֆո» լրատվականը ձեռնամուխ կլինի հարցման վերաբերյալ սպառիչ պատասխաններ ստանալու լրացուցիչ հարցման իրականացմանը։