Հատկապես որ հիվանդություններն են վատ ելքի պատճառ դառնում, ռենտգեն, թե ԿՏ, որ վիտամինները կարելի է պրոֆիլակտիկ ընդունել

«Հիմնական ախտանշաններն են՝ ջերմությունը, տենդը, թուլությունը, հազը, համի և հոտի կորուստը, ցավերը, ստամոքսաղիքային տրակտի խանգարումները՝ հաճախակի փսխումների կամ փորլուծության ձևով, աչքերի բորբոքումը, մաշկի ցանը: Սակայն մենք հատկապես պետք է զգույշ լինենք, եթե պացիենտը ի սկզբանե նշում է շնչառության դժվարացում, հևոց, կրծքավանդակի հատվածում ցավ, շարժումների սահմանափակում: Դրանք խոսում են հիվանդության ավելի ագրեսիվ ընթացքի մասին»,-ասաց նա:
Նա նշեց, որ այս ամենի դեպքում առաջին քայլը պոլիկլինիկա զանգահարելն է և գանգատները ներկայացնելը: Դիտարկմանը, որ նույնիսկ թեստավորման համար տեղ չկա և առանց թեստ հանձնելու, պարզապես նշաններ ունենալով՝ մարդիկ դեղեր են խմում, բժիշկն ասաց, որ հնարավորություններ ունեցողները կարող են հերթին չնայել և թեստը վճարովի հանձնել, այդպիսով կթեթևացնեն հերթերը և կկարողանան շուտ հանձնել թեստը:
Անդրադառնալով համակարգչային տոնոգրաֆիա (ԿՏ), թե ռենտգեն հետազոտություն անելուն՝ նա նշեց, որ ռենտգենը անհամեմատ զիջում է: «Այսօրվա դրությամբ ես քովիդով հիվանդ որևէ մեկին ռենտգեն խորհուրդ չեմ տա, հակառակը՝ մենք կարող ենք ռենտգեն հետազոտությամբ սխալվել: Սակայն, եթե տեսել եք, որ թեստը դրական է և ինքնուրույն գնացել եք համակարգչային տոնոգրաֆի, դա ևս ճիշտ չէ, առավել ևս, որ բոլոր տեղերում խայտառակ հերթեր են: Պետք չէ մոռանալ, որ համակարգչային տոնոգրաֆիան ճառագայթ է, և եթե դուք ունեք թեթև ջերմություն, համ ու հոտի կորուստ, չարժե առաջին օրը գնալ այդ հետազոտությանը, առավել ևս երբ հերթ է և գումար եք ծախսելու, և անիմաստ ճառագայթ է լինելու»,-ասաց նա և նշեց, որ ճիշտը բժիշկի ցուցումով գնալն է, ոչ թե ամեն մեկն ինքը որոշի:
Բժիշկն ասաց, որ եթե հետազոտության արդյունքում ծանր ախտահարումներ չկան, հնարավոր է դեղերը տանն ընդունել, իսկ եթե ծանր է՝ բժիշկը դիմում է համապատասխան կենտրոն, տեղեկցնում, որ այսպիսի հիվանդ կա, որն ունի հոսպիտալացման կարիք, սակայն ամենատխուր հարցն է, թե արդյոք տեղ կլինի, թե չի լինի:
«Շատ հաճախ մարդիկ, ուղղակի քովիդի թեստը դրական ունենալով, խառնվում են իրար՝ ուր տանենք, որ հիվանդանոցում տեղավորենք, նստում են մեքենան և հիվանդանոցից հիվանդանոց են գնում, և ստեղծվում է քաոսային վիճակ, որը ճիշտ չէ»,-ասաց նա:
Վահե Տեր-Մինասյանը նշեց, որ առաջին բանը, որ կորոնավիրուսի հետ ապացուցվեց, այն է, որ վիտամին D-ի պակաս ունեցող պացենտիները շատ ավելի ծանր են տանում հիվանդությունը, իսկ դրա պակասը շատ տարածված է: Նա վստահեցրեց, որ D վիտամինի պրոֆիլակտիկ ընդունումը չի կարող որևէ վնաս տալ, և գրեթե բոլորին խորհուրդ են տալիս, ինչպես նաև կարող են պրոֆլիակտիկ վիտամին C-ի և ցինկի հաբեր ևս ընդունել, ինչը կօգնի վարակվելու դեպքում հվիանդությունը հեշտ տանել: Անդրադառնալով հակաբիոտիկներին՝ նա ասաց, որ դրանք միայն բժիշկների հետ քննարկելուց հետո պետք է ընդունել: Զարկերակային հիպերտանիա ունեցողներին նա խորհուրդ տվեց հսկողության տակ գտնվել, ամեն օր խմել իրենց դեղերը:
«Խուճապը և վախն ունեն բացասական ազդեցություն օրգանիզմի վրա, դժվար է շնչահեղձ լինող մարդուն ասել՝ մի վախեցիր, վախն անշուշտ լինելու է, բայց այդ վախի ֆոնին իր շնչահեղձությունն ավելի շատանալու է»,-ասաց նա:
Բժիշկը համաձայնեց, որ ներկայումս ճգնաժամային իրավիճակ է, և այս ամենին գումարվել է պատերազմը: Նա նկատեց, որ անվտանգության կանոնները չեն պահպանվում և դիմակ դնելը մնացել է քաղաքացիների ինքնագիտակցության վրա: «Ես հասկանում եմ, որ այսօր համապատասխան մարմինները խուսափում են կոպիտ միջոցներ կիրառելուց, բայց ես կարծում եմ, որ պետք է տուգանել, քանի որ մարդկանց ինքնագիտակցությունը շատ ավելի ցածր մակարդակի վրա է գտնվում, քան ֆինանսական միջոցներից զրկվելու վախը»,-ասաց նա և նկատեց, որ ներկայումս ունենք հսկայակական քանակությամբ վատ արարողություններ, որտեղ հնարավոր չէ վերահսկողություն իրականացնել:
«Առողջապահական համակարգը ռեզինից չէ, մենակ մահճակալով չէ, պետք է այդքան բժիշկ, բուժքույր ունենալ: Բժիշկների հսկայական քանակ զբաղված է վիրավոր զինվորներով, հսկայակական քանակի բժիշկներ զբաղված են քովիդի բուժմամբ, և չպետք է մոռանանք, որ մարդիկ չեն դադարել այլ հիավնադություններով հիվանդանալուց: Բժիշկների զգալի մասն այսօր ոտքի վրա չի կարողանում կանգնել»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է հիվանդության կրկնվելու հավանականությանը, նա նշեց, որ Հայաստանի դեպքում նման վիճակագրություն չի տեսել, սակայն մեծ երկրներում և հետազոտական խմբերը տալիս են նման ինֆորմացիաներ, որ այդ հակամամինները երկար չեն մնում օրգանիզմում և կարծես ամեն ինչ ցույց է տալիս, որ օրգանիզմը հիվանդանալուց հետո մի քանի ամիս է պաշտպանված: