Տեսանյութ.Փաստաթուղթ հրապարակվեց.Ինտերպոլը մերժել է Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու ՀՀ իրավապահների պահանջը
Դեռևս 2020թ ապրիլի 10-ին միջազգային քրեական ոստիկանությունը մերժել է ՀՀ իրավապահներին՝ հետախուզելու ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, մինչդեռ՝ գլխավոր դատախազությունը, ՀՔԾ-ն մեզ տեղեկացնում էին, որ հետախուզում է հայտարարվել, այնինչ՝ նրանք մերժվել էին այն հիմնավորմամբ, որ քաղաքական գործ է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Ավելին՝ Թովմասյանը հայտնեց, որ Ինտերպոլը մերժել է մեր երկրի հետ կոնկրետ դեպքով և կոչ է արել Հայաստանի իրավապահներին՝ անձի նկատմամբ չօգտագործել Ինտերպոլի խողովակները և չպահանջել նրա հետախուզումը։
Թագուհի Թովմասյանը հրապարակեց նաև երկրորդ փաստաթուղթը, որով Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը հանձնարարություն է ուղարկում Ինտերպոլի աշխարհի բոլոր ստորաբաժանումներին, որ Գևորգ Կոստանյանի վերաբերյալ տվյալներն ընդհանրապես հանվեն Ինտերպոլի բազայից և տեղեկատվական բազայից հանելուց հետո նրա տեղաշարժն ընդհանրապես չարգելվի։
«Այսինքն՝ 100 տոկոսանոց համոզում կա միջազգային այս հեղինակավոր կազմակերպության կողմից, որ այդ գործը քաղաքական է և իրենք չեն խառնվելու»,- նշեց Թովմասյանը։
Հրապարակելով փաստաթուղթը՝ Թովմասյանը նշեց, որ գլխավոր քարտուղարությունը կոչ է արել՝ դադարեցնել Ինտերպոլի խողովակների օգտագործումը՝ տվյալ դեպքում անձի կամ նրա ընտանիքի անդամների գտնվելու վայրը պարզելու համար միջնորդել նրան ձերբակալել կամ սահմանափակել նրա տեղաշարժը, հետևաբար՝ Ինտերպոլի խողովակներով այս գործում ոստիկանության հետ ոչ մի կապ և համագործակցություն լինել չի կարող։ Այլ խոսքով՝ Ինտերպոլը համարում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը և ՀՔԾ-ն անհիմն գործ են սարքել և այդ գործով իրենք չեն կարող որևէ մեկի տեղաշարժը սահմանափակել։ Թովմասյանի խոսքով՝ ստացվում է, որ մեր կարևոր երիկու գերատեսչությունները մեզ ստել են, որովհետև կա քաղաքական ակնհայտ հնչերանգ, որը նկատել է միջազգային հեղինակավոր կազմակերպությունը և դադարեցրել մեր երկրի հետ համագործակցությունը։
Թովմասյանը հրավիրեց ՄԻՊ-ի ուշադրությունը՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել մեր երկրում, որովհետև, ըստ էության, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ 30 տարվա մեր պատմության մեջ առաջին անգամ միջազգային այս հեղինակավոր կազմակերպությունն արձանագորւմ է, որ ՀՀ-ում իրականացվում է քաղաքական հետապնդում։ Ընդ որում՝ ցավալի է, որ դա տեղի է ունենում Մարտի 1-ի գործով, ինչը մեզ համար զգայուն թեմա է։
«Փաստորեն մենք Մարտի 1-ի գործով ունենք քաղաքական հետապնդվողներ։ Այսինքն՝ մենք սրա համար ենք հեղափոխություն արել, որ նորից քաղաքական հետապնդում ունենանք, թե՞ մենք Մարտի 1-ը բացահայտում ենք քաղաքական հետապնդումների շարժառիթներով»,- նշեց Թովմասյանը։