Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը հայտնել է AstraZeneca պատվաստանյութի եւ թրոմբների առաջացման միջեւ կապի մասին

«Հիմա ավելի դժվար է խոսել AstraZeneca պատվաստանյութի եւ թրոմբոզների եզակի դեպքերի միջեւ պատճառահետեւանքային կապի բացակայության մասին: Դա ակներեւորեն գոյություն ունի»,- ЕМА-ի ներկայացուցչի խոսքն է մեջբերել Le Figaro պարբերականը:
Իտալիայի առողջապահության փոխնախարար Պիեռպաոլո Սիլերին հայտնել է, որ եվրոպական կարգավորողը կարող է որոշակի տարիքային կարգերի համար պատվաստանյութի կիրառման սահմանափակումներ մտցնել, փոխանցում է Medportal.ru-ն: Նրա խոսքով, սակայն, առայժմ նման դեպքերը միլիոնավոր պատվաստվածների շրջանում շատ քիչ են, եւ պատվաստման ռիսկի ու օգուտի հարաբերակցությունը շարունակում է մնալ դրական:
Հիշեցնենք, որ Եվրոպայի մի շարք երկրներ ժամանակավորապես կասեցրել են բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության դեղամիջոցով պատվաստումները՝ պատվաստվածների մոտ թրոմբոէմբոլիայի հնարավոր բարդությունների մասին մի շարք տեղեկություններից հետո: Առաջին տեղեկությունները ստացվել էին Ավստրիայից, որտեղ պացինետներից մեկը մահացել էր պատվաստվելուց հետո 10 օր անց, իսկ մյուսը շտապ հոսպիտալացվել էր թոքային զարկերակի թրոմբոէմբոլիայով:
Հետաքննություն անցկացնելուց հետո ЕМА-ն հայտարարել էր, որ պատվաստանյութն անվտանգ է ու արդյունավետ, իսկ դրա օգտագործման առավելությունները գերազանցում են ռիսկերը: Ինքը՝ AstraZeneca-ն թարմացրել էր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կիրառման հրահանգներում նշված տեղեկությունը՝ նշելով պոտենցիալ բարդությունների մասին: Մարտի 18-ին Մեծ Բրիտանիայի Դեղամիջոցների եւ բժշկական նշանակության արտադրանքի վերահսկման վարչությունը (MHRA) հերքել էր այն տեղեկությունը, որ պատվաստանյութն այդպիսի ռեակցիա է առաջացրել՝ նշելով, որ առաջատար փորձագետները այդ կապի ոչ մի ապացույց չեն գտել:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր հերթին հայտարարել էր AstraZeneca դեղամիջոցով պատվաստումը շարունակելու անհրաժեշտության մասին՝ նշելով, որ հանկարծակի թրոմբոէմբոլիան աշխարհում ամենատարածված սիրտ-անոթային հիվանդություններից մեկն է: