Տվյալները հակասական են. Անհետ կորածների և գերիների հարցերով հանձնաժողովի նախագահը մանրամասնում է
Ադրբեջանական հսկողության ներքո գտնվող տարածքներից հայ զինծառայողների աճյունների որոնման, տարհանման, ինչպես նաև գերիների ու պատանդների վերադարձման գործընթացում, Արցախի Ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումները պատրաստ են ցանկացած քայլի՝ նույնիսկ հակառակորդի՝ միջանձնային և էթնոազգային վատ հարաբերությունների ու վերաբերմունքի առկայության պարագայում։ Այս մասին ՙԱզատ Արցախ՚-ի հետ զրույցում ասաց Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը։
-Եթե անկեղծ լինեմ, որոնողական աշխատանքների առաջին օրերին հակառակորդի կողմից ակնհայտ նկատվել է թշնամական վերաբերմունք։ Դրանից հետո, երբ արդեն հաճախակի են դարձել հանդիպումները, այդ հարաբերություններում փոփոխություն է եղել, որը միայն օգուտ է տվել մեր աշխատանքին։
Անդրադառնալով այս տարվա ապրիլից իր նախագահությամբ գործող՝ Գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով հանձնաժողովի աշխատանքներին, Կարեն Սարգսյանը վստահեցրեց, որ գործադրվում են բոլոր ջանքերը օրակարգային գլխավոր խնդրի լուծման ուղղությամբ։
-Գերիների, անհետ կորած զինծառայողների, կամավորների և պահեստազորայինների որոնման ու վերադարձման խնդիրները մեր գործունեության գլխավոր օրակարգում են։ Այդ ուղղությամբ մենք գործադրում ենք բոլոր ջանքերը։ Սակայն, պետք է նշեմ, որ այս հարցն ունի լուսաբանված և չլուսաբանված կողմ։ Ընդ որում՝ չլուսաբանված կողմում արվածն ավելի շատ է։ Սա յուրաքանչյուրիս համար հոգեբանական առումով թերևս ամենածանր թեման է։ Աշխատանքը նույնքան ծանր ու դժվար է։
Նախարարի խոսքով, գերիների, պատանդների և անհետ կորածների, ինչպես նաև Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում աճյունների որոնումների իրականացման հարցերով՝ իր ղեկավարած հանձնաժողովը լայն ու բազմաբովանդակ համագործակցություն է ձևավորել։
- Հանձնաժողովն ակտիվորեն համագործակցում է ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի, Արցախի պաշտպանության նախարարության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, Մարդու իրավունքների պաշտպանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ,-ասաց Կարեն Սարգսյանը՝ արդյունավետ գնահատելով համատեղ կատարված աշխատանքը։ Այդուհանդերձ, նախարարը դեռևս վաղ է համարում արդյունքներին անդրադառնալը։
Խոսելով անհետ կորած զինծառայողների թվի վերաբերյալ հայկական կողմի ունեցած տվյալներից, ՆԳ նախարարը նշեց, որ տվյալները հակասական են։
-Հատկապես ենթադրությունների մակարդակով թվեր են հնչում, որոնք իրականությանը չեն համապատասխանում։ Զինադադարից անմիջապես հետո, իմ անմիջական նախաձեռնությամբ Ստեփանակերտում ստեղծեցինք օպերատիվ շտաբ և հավաքագրեցինք անհետ կորած զինծառայողների տվյալները։ Մեր որոնողական աշխատանքների միջոցով հայտնաբերված զինծառայողների աճյունների տարհանման արդյունքում անհետ կորած զինծառայողների մասին տեղեկության սպասողների թիվն աստիճանաբար նվազում է,-ասաց Կարեն Սարգսյանը՝ նշելով, որ մինչ այսօր հայտնաբերված 1586 աճյունները մեծամասամբ անհետ կորած զինծառայողների ցուցակում հավաքագրված անուններ են։
«Ազատ Արցախ»