Մոսկվան «դիվանագիտորեն» զգուշացնում է Ադրբեջանին նոր հարձակման անցանկալիության մասին, այլապես ստիպված կլինի ընտրել կողմերից մեկին
![](https://forrights.am/wp-content/uploads/2021/09/20201101102143_1614767838.jpg)
Մրցույթի հայտարարությունը տեղադրվել էր պաշտոնական կայքում և ենթադրում էր կապալառուի որոնում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գտնվող զորանոցների և բնակարանների կազմակերպման և պահպանման համար»: Ադրբեջանական մամուլը և արտաքին գործերի նախարարությունը ուշադրություն են դարձրել գնման վրա, իսկ ավելի ճիշտ՝ Ղարաբաղի անվան վրա: Մամուլը դիվանագիտական ծառայության մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևային հղումով հայտնել է, որ միջադեպի կապակցությամբ Ադրբեջանը բողոքի նոտա է ուղարկել ռուսական կողմին, քանի որ նման ձևակերպումները չեն համապատասխանում իրականությանը և երկկողմ հարաբերությունների բարեկամական ոգուն: Ինքը՝ Աբդուլաևան, հետո հայտնել է, որ ռուսական կողմը ներողություն է խնդրել այդ միջադեպի համար՝ այն անվանելով տեխնիկական սխալ:
Ռուսաստանը պաշտոնապես բացարձակ լռություն է պահպանել այդ հարցում, թեպետ տխրահռչակ գնումը շուտով չեղարկվել է, բայց հետաքրքիրն այն է, որ դրա ձևակերպումը մնացել է անփոփոխ, չնայած մրցույթը չեղարկելու համար ոչ մի հիմք չի եղել, այլ միայն անհրաժեշտ է եղել խմբագրել տեքստը և թեման փակել: Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածաշրջանում զինված հակամարտությունը ձգձգվում է ԽՍՀՄ փլուզումից ի վեր: 90-ականներին հիմնականում հայերով բնակեցված Ղարաբաղին հաջողվել էր հաղթել Ադրբեջանին, և հռչակվել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը հետո վերանվանվել էր Արցախի Հանրապետություն: Այն պաշտոնապես ճանաչված չի եղել որևէ մեկի կողմից, այդ թվում՝ հենց Հայաստանի կողմից:
Անցյալ տարվա աշնանը տեղի էր ունեցել Ղարաբաղյան երկրորդ պատերազմը: Ադրբեջանական բանակը զգալիորեն առաջացել և գրավել էր մի քանի շրջան, այդ թվում՝ տարածաշրջանի երկրորդ մեծ քաղաք Շուշին: Ընդհանուր առմամբ, ընդունված է, որ Թուրքիան կանգնած է Ադրբեջանի թիկունքում, իսկ Ռուսաստանը՝ Հայաստանի: Թուրքիայի հետ ամեն ինչ միանշանակ է: «Երկու երկիր, մեկ ժողովուրդ» կարգախոսն է նրանց մոտ, թուրքերն ու ադրբեջանցիները էթնիկ, մշակութային և քաղաքական առումով շատ մոտ են, և Էրդողանը գրեթե միակ համաշխարհային առաջնորդն է, որը հստակորեն արտահայտել էր իր աջակցությունը հակամարտ կողմերից մեկին և բազմակողմանի աջակցություն ցուցաբերել:
Մյուս կողմից՝ Ռուսաստանը հայտնվել էր ոչ թե Հայաստանի թիկունքին, այլ կողքին՝ բարձունքից նայելով պատերազմին և դատելով այն չեզոք դիրքերից: Սա հասկանալի էր, իրավիճակը Մոսկվայի համար երկիմաստ է: Երկու անհաշտ թշնամիներն էլ համարվում են Ռուսաստանի լավ հարևաններ: Հայաստանն, ընդհանուր առմամբ, հիմնական դաշնակիցներից է, նա ՀԱՊԿ անդամ է, նրա տարածքում՝ Գյումրի քաղաքում, տեղակայված է ռուսական ռազմակայանը: Ի թիվս այլ բաների, Հայաստանը մեծապես կախված է Ռուսաստանից՝ ֆինանսական աջակցությունից մինչև էլեկտրաէներգիայի մատակարարման և տարատեսակ այլ առումներով: Ադրբեջանը շատ ավելի անկախ է, ԱՊՀ անդամ է և լուրջ տարաձայնություններ չունի Ռուսաստանի հետ:
Հետևաբար, այս դեպքում այդ երկրի հետ բարիդրացիական հարաբերություններ փչացնելը Ռուսաստանի համար անթույլատրելի շքեղություն կլիներ: Ի դեպ, Անդրկովկասի այս երկու հանրապետությունն էլ կռվել են հիմնականում ռուսական զենքով: Հայաստանն այլ տարբերակներ չի ունեցել, իսկ Ադրբեջանը աստիճանաբար դիվերսիֆիկացրել է իր մատակարարումները՝ օգտագործելով ինչպես սեփական զենքը, այնպես էլ Թուրքիայից և նույնիսկ Իսրայելից գնվածը: Վերջին փաստը, առանց չափազանցության, ադրբեջանական դիվանագիտության պսակն է, քանի որ նա կարողացել է հասնել նրան, որ Իսրայելը ԱԹՍ-ներ է մատակարարել մահմեդական երկրին: Մի խոսքով, կամա թե ակամա, Ադրբեջանին պետք է վերաբերվել հարգանքով, հակառակ դեպքում նա հեշտությամբ կարող է «շրջվել դեպի արևմուտք» և վերջնականապես մտնել թուրքական ուղեծիր:
Ռուսաստանից բազմակողմանի կախվածության պատճառով Հայաստանի հետ ամեն ինչ ավելի հեշտ է: Երկրորդ ղարաբաղյան պատերազմում Ռուսաստանը բեմ դուրս գալու համար ընտրել էր ճիշտ պահը: Երբ հայկական բանակը և տեղական աշխարհազորայինները հասցվել էին լիակատար պարտության եզրին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկու կողմերին նստեցրել էր բանակցությունների սեղանի շուրջ, և նոյեմբերի 10 -ին ստորագրվել էր հրադադարի եռակողմ համաձայնագիր: Վիճելի տարածաշրջան բերված ռուս խաղաղապահները փրկություն են դարձել հայերի համար և միանգամայն ընդունելի պայման Ադրբեջանի համար, որն իր կազմ էր վերադարձրել ավելի քան 20 տարի առաջ կորցրած մի շարք քաղաքներ և շրջաններ: Բայց նույնիսկ հիմա, երբ գրեթե մեկ տարի է անցել պատերազմի ավարտից, գրեթե ամեն օր շփման գծում փոխադարձ հրետակոծություններ են, պարբերաբար մարդիկ են զոհվում: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը բացահայտ հայտարարում է, որ իր նպատակն է վերադարձնել ամբողջ Ղարաբաղը, այդ թվում՝ Խանքենդին (նույն ինքը՝ Ստեփանակերտը):
Կարող է պատահել, որ Ադրբեջանը մի օր հերթական հրետակոծությունից հետո պլանավորի խախտել հրադադարը և ավելի առաջ շարժվի: Հենց նման զարգացումը կանխելու համար է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հնչել նուրբ, ոչ շատ գովազդվող ազդանշան, ժեստ՝ ի շահ հայկական ազգային հպարտության, և այդ ահազանգը Բաքուն հասկացել է: Հիշեցնենք, որ Բաքվի բողոքին Ռուսաստանի արձագանքի մասին տեղեկացնում է միայն Ադրբեջանի ԱԳՆ -ն: Իսկապե՞ս եղել է նման պատասխան, անհայտ է: Բայց «Կոմերսանտ» թերթը հիշեցրել է, որ վիճելի տարածաշրջանի այդ անվանումը առաջին անգամ չէ, որ հնչում է ռուսական պաշտոնական աղբյուրներից: Դրանից կարելի է հասկանալ, որ Մոսկվան «դիվանագիտորեն» զգուշացնում է Ադրբեջանին նոր հարձակման ծայրահեղ անցանկալիության մասին, քանի որ այդ դեպքում Ռուսաստանը, հավանաբար, ստիպված կլինի ընտրել կողմերից մեկին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում