Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

23 նոյ 2021 16:54

Ինչ իրավիճակ է այս պահին ՀՀ սահմաններին, արդյոք կա՞ն կուտակումներ

Վերջին օրերին ադրբեջանական տելեգրամյան ալիքներում անընդհատ հայտնվում են տեսանյութեր, որ ադրբեջանական զորքերը՝ ռազմական տեխնիկայի և զինատեսակների ուղեկցությամբ, շարժվում են դեպի ՀՀ սահմաններ, եւ ՀՀ պետական սահմաններին ադրբեջանական զինտեխնիկայի և կենդանի ուժի կուտակումներ կան։ Սա մի կողմից բացահայտ շանտաժ է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ստորագրի Ադրբեջանի հետ նոր համաձայնագիր՝ կապված սահմանների ճշգրտման՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի, միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու և Ադրբեջանը Նախիջևանին կապող միջանցք- ճանապարհ տրամադրելու հետ։


Մենք փորձեցինք հանրապետության տարբեր հատվածներից ճշտել, թե ինչ իրավիճակ է սահմանին, արդյոք կա՞ն կուտակումներ։ Գեղարքունիքից կապվեցինք Սոթք համայնքի հետ, մեր զանգերին պատասխանեց Կութի համայնքապետ Սիմա Չիտչյանը։ Հարցրինք՝ ի՞նչ իրավիճակ է Քարվաճառի հետ սահմանին, արդյոք հակառակորդի կողմից կուտակումներ նկատե՞լ են, կամ տեղեկություն ունե՞ն կուտակումների մասին: «Մեզ մոտ ոչ մի բան չի երևում, ոչ մի բան չենք տեսնում այստեղից, ես չգիտեմ։ Կրակոցներ չկան` ահագին ժամանակ է։ Շարժ չկա, գուցե գիշերը լինում է, մենք չենք իմանում, բայց ցերեկով ոչ մի բան չկա»,- պատասխանեց Չիտչյանը։


Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղից, որը սահմանակից է Նախիջևանի հետ, զրուցեցինք նախկին գյուղապետ Վարդան Ներսիսյանի հետ, ով ասաց, որ սահմանի այն կողմում տիրող իրավիճակից տեղեկություններ չունի։ Հարցին, թե հարձակման վտանգ տեսնո՞ւմ է, նախկին համայնքապետը պատասխանեց․ «Վտանգը նախորդ տարվա սեպտեմբերի 27-ից հետո միշտ կա, ամեն օրը վտանգ է»։ Հարցրինք՝ վերջին շրջանում գյուղի ուղղությամբ կրակոցներ չե՞ն եղել: «Տրակտորիստի վրա որ կրակել էին, դա ակնհայտ սադրանք էր, միտումնավոր ուզել էին խփել տրակտորիստին, բայց, բարեբախտաբար, պրծավ ինքը։ Վերջին օրերի ընթացքում կրակոցներ, բարեբախտաբար, չեն եղել»,- պատասխանեց Ներսիսյանը։


Նախկին գյուղապետից նաև կարծիք հարցրինք, թե Փաշինյանի կողմից ստորագրվելիք համաձայնագրից ինչ սպասելիքներ ունի, կարծում է, որ այդ համաձայնագրով հարցը վերջնականապես կփակվի՞, հակամարտությունը կվերանա՞: «Չէ, ո՞նց կարող է հարցը փակվել, հարցը բացվելու է։ Ես լավ գիտակցում եմ, որ թուրքը դրանով հետ չի կանգնելու, թուրքը որ ամբողջ երկրին էլ տիրանա, ավելիին է ձգտելու։ Մի խոսքով՝ ես չեմ համարում, որ սահմանների ճշգրտումն ինչ-որ դրական բան կտա, որովհետև ամբողջ աշխարհը հողի համար արյուն է թափում, իսկ մենք 90-ականներին մեր արյունը թափել ենք, և ամեն մի թիզը մեր հողն է, որը մենք այդքան զիջել ենք, հիմա էլ ո՞ւր զիջենք։ Ո՞վ է ասել, որ Սյունիքի ինչ-որ հատվածը կամ Տիգրանաշենն Ադրբեջանին են պատկանում, ո՞վ է նման բան ասել կամ ո՞վ է ասել, որ Նախիջևանն Ադրբեջանին է պատկանում, ո՞վ է նման բան ասել»,- պատասխանեց Ներսիսյանը։ Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն է ասել՝ մասնավորապես նշելով, որ Սյունիքից այն կողմ Ադրբեջան է, նախկին համայնքապետն արձագանքեց․ «Ցավդ տանեմ, դրա անունը մի տուր, էլի, եթե ուզում ես, որ մի 2 տարի ավել ապրեմ»։


Վայոց Ձորի մեկ այլ սահմանամերձ համայնքի՝ Արենիի ղեկավար Հուսիկ Սահակյանն էլ, պատասխանելով սահմանին տիրող իրավիճակին վերաբերող հարցին, փորձեց խրատել մեզ․ «Ուրեմն ես հենց հիմա հրամանատարի խոսքերը մեջբերեմ, որ էսօր իր հետ խոսել եմ։ Չկա նման բան, խուճապային ոչ մի տրամադրվածություն չկա, ամեն մեկն իր գործերով է։ Ավելին ասեմ՝ նման հրապարակումներն էլ ավելի են սրում առանց այդ էլ Ձեր ասած այդ վիճակը։ Ես կխնդրեի ցանկացած ինֆորմացիա, առավել ևս նման զգայուն հարցերին վերաբերող... չկա նման բան, մարդիկ ամեն մեկն իր գործերով, մենք էլ, փառք Աստծո, մեր տեղը կանգնած ենք՝ զինվորականներից սկսած»։ Դիտարկմանը, որ Սյունիքում էլ են անընդհատ ասում՝ «չկա նման բան», բայց մի օր էլ հայտարարում են, որ պատերազմ է սկսվել, և 40 քառակուսի կմ տարածք է օկուպացրել Ադրբեջանը, համայնքի ղեկավարն ասաց․ «Դե, չկա նման բան, եթե ինձ պիտի հարցնեք ու էլի նման հարց տաք, դա արդեն տեղին չի դառնում»:


Փորձեցինք տեղեկություններ ստանալ նաև Տավուշի սահմանամերձ համայնքներից, Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանն իրավիճակը մանրամասնել չուզեց, միայն ասաց, որ սահմանային հատվածում կուտակումների մասին տեղեկությունները միայն Երևանում են պտտվում: Պառավաքար համայնքի ղեկավար Ռոման Մարգարյանը ևս նշեց, որ իրենց հատվածում «բան չկա», իսկ հարցին, թե ինչ կարծիքի է ստորագրվելիք նոր համաձայնագրի մասին, որում, ըստ լուրերի, ներառված է անկլավների հանձնման հարցը, ունի՞ մտահոգություններ, Մարգարյանը պատասխանեց․ «Է, որ մտահոգություններ ունենք, ի՞նչ, մեզ ո՞վ է լսում։ Եթե անկլավները տվեցին, մեր ճանապարհները փակվում են»:
past.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր