Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում          Տեսանյութ. Թե ինչ հսկայական վնասներ ենք կրելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների պատճառով       Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին    

24 նոյ 2021 11:15

Զինվորի հուղարկավորությանը զինկոմիսարիատից կամ ՊՆ-ից որևէ պաշտոնյա ներկա չի գտնվել, անգամ դագաղով չեն օգնել , չեն հոգացել թաղման ծախսերը

Նոյեմբերի 15-ին Ճամբարակի զորամասում մահացել է պայմանագրային զինծառայող, 29 տարեկան շարքային Գևորգ Ավետյանը:


Ըստ ՊՆ-ի տարածած նախնական վարկածով, որը հրապարակվեց Հանրային հեռուստատեսությամբ, Ավետյանի մահվան պատճառը զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով վիրավորումն է եղել, որից հետո նա տեղափոխվել է հիվանդանոց և հաջորդ օրը՝ նոյեմբերի 16-ին, մահացել է:


Գևորգ Ավետյանի եղբայրը՝ Գուրգեն Ավետյանը Forrights.am-ի հետ զրույցում հայտնել է, որ նախարարության հրապարակած տեղեկությունը սուտ է, չի համապատասխանում իրականությանը: Նա համոզված է, որ իր եղբորը սպանել են:


«Մենք մոտը չենք եղել, բայց նրան ծեծելով սպանել են: ՊՆ-ն ներկայացրել է, թե եղբայրս անփույթ կրակելու արդյունքում է մահացել, նախ՝ ինքը 4-5 տարվա ծառայող էր ու չէր կարող անփույթ վարվել: Երկրորդ՝ ծեծի հետքեր կան: Գլխին խփած տեղ է եղել, վզից բռնած, կապտած տեղ, կրծքավանդակին հետք կա, թևին, ոտքին, մեջքին: Նա չէր կարող ծեծվելով, երեք տարբեր տեղերից ինքն իրեն կրակեր», — ասել է Գուրգեն Ավետյանը:

Եղբայրը վստահ է՝ երեք կրակոցի հետքերը Գևորգի մարմնին բացառում են անփույթ կրակոցի, զենքի հետ վարվելու կանոնների խախտման վարկածը:


Սպանված զինծառայողի ընտանիքը վիրավորված է: Գևորգով հետաքրքրվող չկա: Ոչ քննչական կոմիտեից են կապվել նրա հարազատների հետ, ոչ դատախազութունից, անգամ զորամասից, կամ զինկոմիսարիատից չեն զանգել: Անգամ մահվան վերաբերյալ նախնական եզրակացութուն Գևորգի հարազատներին չեն տվել. «Ոնց որ հավի ճուտ ա եղել, ոչ թե զինվոր»:


Գուրգենը պատահաբար է իմացել, որ եղբայրը մահացել է:


«Ես դրսում կանգնած էի, հիվանդանոցի ճամփան հենց այդ տեղով էր անցնում: «Վայեննի սկոռին» ես արագ անցնելուց տեսա, «ավարյոնկան» միացրած: Հասկացա, որ ինչ-որ բան եղել ա:Հետաքրքրության համար «սկոռու» հետևից ես հասա հիվանդանոց, տեսա՝ եղբորս միջից իջեցնում են, արյան մեջ կորած, արնաքամ եղած:


Հուղարկավորությանը զինկոմիսարիատից կամ ՊՆ-ից որևէ պաշտոնյա ներկա չի գտնվել: Իսկ զորամասից միայն Գևորգի ծառայակից ընկերներն են եկել: Անգամ դագաղով չեն օգնել ընտանիքին: Չեն հոգացել թաղման ծախսերը: Ամեն ինչ մեր վրա է եղել: ՊՆ-ից ոչնչով չեն օգնել», — ասել է Գուրգենը:


Նա եղբոր մահից երկու օր առաջ տեսել է նրան, բերել է Մալայանի անվան ակնաբուժարան, քանի որ Գևորգ Ավետյանի աչքի տակ կապտուքներ էր նկատել: «Աչքերի տակերը սևացել, ուռել էր, նայեցին, դեղ նշանակեցին, ասեցին՝ գերհոգնածությունից է: Բայց ես հիմա ամեն ինչ էլ արդեն մտածում եմ, գուցեև դա կռվի հետք ա եղել: Նա ինձ պատմել էր, որ երկու հոգու հետ զորամասում խնդիր է ունեցել: Բայց հետո ասեց, որ էդ խնդիրը հետո լուծել ենք ընկերներով: Փաստորեն, չէին լուծել», — ենթադրում է Գուրգեն Ավետյանը: Ըստ նրա, եղբորը զորամասում ճնշել են, սոված են թողել, անգամ աշխատավարձը չեն փոխանցել:


ՔԿ-ից մեզ հայտնեցին, որ Գևորգ Ավետյանի մահվան նախնական վարկածը, որը հրապարակվել էր պաշտպանության նախարարության կողմից, փոխվել է: «Քրեական գործ է հարուցված երեք հոդվածով՝ 360.1՝ «Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը, և 359՝ «Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը և 365-րդ հոդվածի երկրորդ մասով՝ «Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որը կատարվել է մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնների նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով և առաջացրել է էական վնաս: Երկու անձի մեղադրանք է առաջադրված», — հայտնել է քննչական կոմիտեի խոսնակը:


Դատախազութունից էլ խոստանում են, որ օբյեկտիվ քննություն կկատարվի, բոլոր հանգամանքները կպարզվեն: «Երկու անձ է կալանավորվել: Տուժողի իրավահաջորդի ճանաչման հարցը առաջիկայում կլուծվի», — տեղեկացրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրաբամյանը:


Հ.Գ. Նախկինում, երբ զինծառայող էր մահանում, պաշտպանության նախարարությունը պարտադիր հաղորդագրություն էր տարածում դեպքի վերաբերյալ: Այս անգամ առանձին հաղորդագրություն չի եղել: Տեղեկությունը Գևորգ Ավետյանի մահվան մասին ՊՆ-ն հրապարակել է միայն հանրային հեռուստատեսության լրատվական ծրագրով: Այսպիսով, պաշտպանական գերատեսչությունը նոր վարքագիծ է դրսևորում՝ հնարավորինս կոծկել տեղեկատվությունը, խտրականություն դնելով ԶԼՄ-ների միջև:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր