ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծnւմը. ՆԳՆ          Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ»       Տեսանյութ.Կիրանցում ոստիկնության կողմից իրականցվել է «Օղակ» օպերացիա, կան բազմաթիվ բերման ենթարկվածներ    

08 փետ 2022 11:03

Պատահական չէ, որ Թուրքիայի դրդմամբ Ալիևը հայտարարում է, թե «իրենք վերադառնալու են Զանգեզուր, բայց ոչ տանկերի միջոցով». «Փաստ»

Մարդկանց աչքից չի կարող վրիպել այն հանգամանքը, որ պատերազմից հետո ինչքան ժամանակն անցնում է, իշխանություններն այնքան ավելի մեծ եռանդով են փորձում հանրությանը համոզել, թե այս անելանելի վիճակում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի։ Ու այդ կոնտեքստում փորձում են տարբեր հիմնավորումներ ներկայացնել, թե շուտով ճանապարհները կբացվեն, վերջնականապես դուրս կգանք տևական շրջափակումից, առանց որևէ խոչընդոտի կկապվենք Ռուսաստանի ու Եվրոպայի հետ, առևտուրը կաշխուժանա, Հայաստանը կզարգանա և այլն։

Մյուս կողմից էլ՝ թուրքական և ադրբեջանական պաշտոնական շրջանակներից ևս հայտարարություններ են հնչում, թե Հայաստանին ձեռք են մեկնել, ու եթե Երևանն ընդունի իրենց պահանջները, ապա հայկական կողմն էլ կօգտվի տարածաշրջանում առաջացած խաղաղության ու բարգավաճման նոր հնարավորություններից։ Սակայն հարցն այն է, որ այսպիսի իրավիճակում հայկական կողմի դրական սպասումներն անիրատեսական են, իսկ մյուս կողմից էլ՝ պարտված վիճակում հարաբերությունների կարգավորման գործընթացին գնալը անդառնալի հետևանքներ կարող է ունենալ։ Նախ՝ այնպես չէ, որ Հայաստանը շրջափակումը հաղթահարելու համար չունի անհրաժեշտ պայմաններ. հարցն այն է, որ իշխանությունները չեն ցանկանում մտածել ու օգտվել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ չկապված այլ ուղղություններով հնարավորություններից։

Օրինակ՝ իրանական կողմը հայտարարում է «Պարսից ծոց-Սև ծով միջանցքի» գործարկման մասին, իսկ Իրանի արտաքին գործերի նախարարի տնտեսական դիվանագիտության գծով տեղակալ Մեհդի Սաֆարին վերջերս մանրամասնել էր, որ Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Բուլղարիայի և Հունաստանի միջև այդ նախագծի շուրջ բանակցությունները շարունակվում են: Այս նախագծի հետ կապված Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ նախատեսվող միջանցքն իր տարածքով անցնի, բայց պարզ է, որ Իրանը քաղաքական ու ռազմավարական առումով ավելի շահագրգռված կլինի, որ գլխավոր տրանսպորտային ուղին հենց Հայաստանով անցնի։ Հնդկաստանը ևս կցանկանա ներդրում ունենալ Հայաստանով անցնող ճանապարհի կառուցման և ենթակառուցվածքների ստեղծման գործում, քանի որ Թուրքիան ու Ադրբեջանը սերտորեն համագործակցում են իր ախոյան Պակիստանի հետ ու բացահայտ հակահնդկական քաղաքականություն են վարում։

Մյուս կողմից էլ՝ Վրաստանը Լարսի նոր ճանապարհ ու թունել է կառուցում գործող ճանապարհի ամենաբարդ հատվածը շրջանցելու նպատակով, որը սովորաբար ձմռանը, հաճախ նաև տարվա այլ սեզոններին փակվում է, ինչն էլ հայ բեռնափոխադրողների համար խնդիրներ է ստեղծում։ Նոր ճանապարհի ու թունելի շինարարությունը Վրաստանի իշխանությունները նախատեսում են ավարտել 2024 թվականին։ Այս ճանապարհի կառուցումը միանշանակ նպաստավոր պայմաններ կստեղծի Ռուսաստանի հետ անխափան կապն ապահովելու գործում։ Ստացվում է, որ Հայաստանը Վրաստանի և Իրանի հետ հաղորդակցության ուղիների պոտենցիալն օգտագործելու մեծ հնարավորություն է ստացել, սակայն փաստացի չի ցանկանում առաջին հերթին օգտվել դրանցից, և ամեն անգամ իշխանությունները միտումնավոր շրջանցում են այս թեման։ Օրինակ՝ տեսե՞լ եք, որ Փաշինյանը կոնկրետ չափելի գնահատականներով խոսի Վրաստանով ու Իրանով անցնող հաղորդակցության ուղիների ընձեռած նոր հեռանկարների մասին։

Ոչ, նա միայն ոչինչ չասող և լղոզված հայտարարություններ է արել, սակայն դրա փոխարեն իշխանություններն իրենց ողջ կազմով առավոտից երեկո խոսում են Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման, ճանապարհների բացման արդյունքում առաջ եկող «աներևակայելի հնարավորությունների» մասին։ Ավելին՝ թուրք-ադրբեջանական տանդեմին սիրաշահելու համար Փաշինյանն իր վերջին առցանց հարցազրույցում նշում էր, թե հայկական կողմը Սյունիքի հարավային հատվածով անցնող երկաթուղու կառուցման համար 200 մլն դոլար կարող է ներդնել, ու անգամ հնարավոր է, որ հենց միջազգային ներդրողներն էլ այդ ծախսերը վերցնեն իրենց ուսերին։ Կարծում ենք՝ դժվար չէ գլխի ընկնել, թե ովքեր կարող են լինել այդ ներդրողները՝ միանշանակ թուրքերն ու ադրբեջանցիները։ Նրան դեռ ավելի մեծ գումար կարող են առաջարկել երկաթուղու ամբողջ կառավարումն ամբողջությամբ իրենց իրավասության տակ վերցնելու համար։

Ու պատահական չէ, որ պաշտոնական Անկարան ու Բաքուն շարունակում են խոսել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին ու ընդգծել, թե դրա բացման ուղղությամբ Հայաստանից դրական ուղերձներ են ստանում։ Ու միանգամից աչքի է զարնում այն հանգամանքը, որ ՀՀ իշխանությունները ժամանակին հայտարարել էին, թե միջանցքային տրամաբանությունն իրենց համար անընդունելի է, բայց զարմանալի է, թե հիմա ինչո՞ւ ծպտուն անգամ չեն հանում, երբ թուրք-ադրբեջանական տանդեմի պաշտոնական լեքսիկոնից դուրս չի եկել միջանցքային տերմինաբանությունը։ Սա ցույց է տալիս, որ ՀՀ իշխանությունները, կարծես, վերջնականապես հակվել են այն տարբերակին, որ Թուրքիան ու Ադրբեջանն, իրենց տնտեսական հնարավորություններն օգտագործելով, կարող են վերահսկել Սյունիքով անցնող հաղորդակցության ուղիները։

Ընդ որում, խոսքը ոչ միայն երկաթուղու, նաև այլ ճանապարհների մասին կարող է լինել, որոնց մասին Անկարայից ու Բաքվից պարբերաբար ակնարկում են։ Վերջապես՝ առաջ է գալիս այն հարցը, թե ինչո՞ւ պետք է Թուրքիան ու Ադրբեջանը շահագրգռված լինեն, որ Հայաստանը զարգանա ու իրենց տարածքներով ապրանքներ արտահանի Ռուսաստան, Եվրոպա կամ այլ երկրներ։ Ավելի շատ նրանց խնդիրների մեջ է մտնում հեռահար նպատակների իրականացման համար անհրաժեշտ հիմքեր ստեղծելն ու տնտեսական, մշակութային ներթափանցման, փափուկ ուժի գործիքների կիրառման միջոցով Հայաստանում եղանակ փոխելը։ Իսկ թուրք-ադրբեջանական տանդեմի գլխավոր նպատակադրումն առաջին հերթին Սյունիքին տիրանալն ու մեծ հաշվով Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն է։ Պատահական չէ, որ Թուրքիայի դրդմամբ Ալիևը հայտարարում է, թե «իրենք վերադառնալու են Զանգեզուր, բայց ոչ տանկերի միջոցով»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր