Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

13 սեպ 2022 11:10

Առավել վտանգավոր է Թուրքիայի ակտիվացումը Հարավային Կովկասում, թուրքական սպառնալիքը ՌԴ-ի համար ինչ-որ մի պահի ավելի վտանգավոր կարող է լինել, քան ուկրաինական ուղղությունը

«Փաստ» օրաթերթը գրում է


Ուկրաինայում ռազմական գործողությունները շարունակվում են, ու չնայած դրա ավարտի հետ կապված տարբեր կարծիքներ կան, այնուամենայնիվ, բացառված չեն նաև անկանխատեսելի իրադարձությունները։ Բայց ինչքան հակամարտությունը շարունակվում է, մի շարք երկրներ փորձում են օգուտներ քաղել ստեղծված իրավիճակից։ Օրինակ՝ ուկրաինական հակամարտությունը պատճառ է դարձել էներգակիրների գների էական թանկացման, որի ֆոնին նավթ ու գազ արդյունահանող մի շարք երկրներ՝ մասնավորապես Սաուդյան Արաբիան և Քաթարը, հսկայական շահույթներ են ստանում։ Եվրոպայում առաջացած էներգետիկ ճգնաժամից շտապում է օգտվել նաև Ադրբեջանը և ավելացնել «Հարավային գազային միջանցքով» գազի մատակարարումը դեպի Հարավ-Արևելյան Եվրոպայի երկրներ։


Մի շարք երկրներ էլ (օրինակ՝ Չինաստանը և Հնդկաստանը), օգտվելով ՌԴ-ի դեմ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցներից, զեղչերով մեծ քանակությամբ ռուսական նավթ և հեղուկացված գազ են գնում, և դեպքեր են արձանագրվում, որ այդ էներգակիրներն ավելի բարձր գներով վաճառքի են հանվում միջազգային շուկայում, նույնիսկ տեղափոխվում Եվրոպա։ Սակայն առկա իրավիճակում միջազգային իրարանցումից ամենից շատը փորձում է օգտվել Թուրքիան, որը մի կողմից ձգտում է միջնորդի դերակատարություն ստանձնել Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև, իսկ մյուս կողմից էլ, օգտվելով հակասությունների խորացումից, տնտեսական օգուտներ քաղել ու նոր հակամարտություններ հրահրել տարբեր ուղղություններով։ Օրինակ՝ Անկարան ձգտում է շահույթ ստանալ ուկրաինական ցորենի արտահանումից, զուգահեռաբար դիմում է Մոսկվային, որ գազի սակագնի նվազեցում արվի իր համար։


Եվ հաշվի առնելով, որ աշխարհի ուշադրությունը սևեռված է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վրա՝ Թուրքիան հերթական անգամ ռազմական գործողություններ է իրականացնում Սիրիայի տարածքում և, դրա հետ մեկտեղ, կոնկրետ հավակնություններ է ներկայացնում հունական կղզիների նկատմամբ։ Սակայն առավել վտանգավոր է Թուրքիայի ակտիվացումը Հարավային Կովկասում։ Պատահական չէ, որ երբ Ուկրաինայի հետ կապված գործընթացներում ռուսական կողմի դրությունը փոքր-ինչ բարդանում է, Ադրբեջանը միանգամից ակտիվանում է, Զաքիր Հասանովը սկսում է խորհրդակցություններ անցկացնել, որին հետևում է սահմաններում լարվածության կտրուկ աճը։ Միաժամանակ Բաքուն սկսում է ապատեղեկատվություն տարածել, թե իբր հայկական կողմն է խախտում հրադադարի ռեժիմը։ Վերջին օրերին հենց այսպիսի իրադարձություններ են տեղի ունենում։ Ու պատահական չէ, որ արդեն տևական ժամանակ կոչեր են հնչում այն մասին, թե Ադրբեջանը կարող է ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացել։ Իսկ Ադրբեջանում առանձին շրջանակներ անընդհատ թարմ են պահում հակառուսական քարոզչությունը և ռուս խաղաղապահների հեռացման պահանջներ ներկայացնում։ Բնականաբար, Թուրքիան սպասում է ՌԴ-ի թուլացմանը, որպեսզի այդ երկրին դուրս մղի Հարավային Կովկասից, բայց դրա համար իրեն պետք է նախ Արցախի հարցը փակել, ապա դրանից հետո խաղաղապահներին դուրս բերել Արցախից, իսկ մյուս կողմից էլ Հայաստանի տարածքն անեքսացնել՝ կապվելով Ադրբեջանի հետ, որն իրենք անվանում են «Զանգեզուրի միջանցք»։


Ընդ որում, թուրքական սպառնալիքը Ռուսաստանի համար ինչ-որ մի պահի ավելի վտանգավոր կարող է լինել, քան ուկրաինական ուղղությունը։ Բնականաբար, Հարավային Կովկասում հաջողության հասնելուց հետո Թուրքիան փորձելու է ապակայունացնել Հյուսիսային Կովկասը և ՌԴ-ին դուրս մղել նաև Միջին Ասիայից։ Այնպես որ, եթե Արցախյան հարցի հետ կապված տարածաշրջանում կշեռքի ծանրության նժարը երկար թեքված մնա թուրք-ադրբեջանական տանդեմի օգտին, ապա դա չի բխում ռուսական շահերից, հայ-ռուսական ռազմավարական համագործակցության տրամաբանությունից և իր մեջ հեռուն գնացող վտանգներ է պարունակում։ Ուստի անհրաժեշտ է ռուսական կողմի հետ համապատասխան աշխատանք տանել, քննարկումներ անցկացնել ռուսական փորձագիտական և հանրային շրջանակների հետ և այդ հարցում օգտագործել նաև այդ երկրի մեծաթիվ հայկական սփյուռքի հնարավորությունները: Մի կողմից՝ Հայաստանը պետք է ուկրաինական ճակատում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում ընդգծի ռազմավարական տեսանկյունից իր կենսական նշանակությունը, մյուս կողմից էլ իրավիճակն ի շահ իրեն օգտագործի ՌԴ-ի և Արևմուտքի երկրների միջև կապող օղակ դառնալու համար։


Օրինակ՝ օգտագործելով նաև ԵՏՄ-ի ընձեռած տնտեսական հարթակը՝ ռուսական ռեսուրսները կամ բիզնեսը Հայաստանի միջոցով կարող են դուրս գալ Արևմուտքի երկրներ և հակառակը։ Բայց այս ամենը պետք է շատ գրագետ և նուրբ կազմակերպել, որպեսզի չհայտնվենք պատժամիջոցների տակ։ Միաժամանակ, անհրաժեշտ է շտապել, քանի որ եթե ՀՀ-ն չկատարի միջնորդի դերակատարությունը, ապա դա այլ երկրներ են փորձելու իրականացնել, հսկայական տնտեսական շահույթներ ստանալ և քաղաքական դիվիդենտներ ձեռք բերել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր