Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

31 մար 2022 17:52

Ղարաբաղից հայկական զորքերի դուրսբերման կամ Ղարաբաղի բանակը զինաթափելու մասին հայտարարությունները բացարձակ մանիպուլյացիա են

kommersant.ru-ն «Ղարաբաղում սրվել են տեղագրական պատերազմները» վերնագրով հոդվածում գրում է, որ Ադրբեջանի ղեկավարության և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հարաբերությունները, որոնք նախկինում էլ հարթ չեն եղել, լրջորեն վատթարացել են։ Մարտի 26-ին կողմերը փոխանակվել են ծայրահեղ կոշտ մեղադրանքներով։

Հիշեցնենք, որ մարտի 24-ի երեկոյան հայկական կողմը հայտարարել էր, որ ադրբեջանական ուժերը հատել են շփման գիծը և գրավել Փարուխ գյուղը։ Ադրբեջանական զորքերի նման տեղաշարժեր նախկինում էլ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին, ինչը վիճելի է դեռ խորհրդային տարիներից, բայց երբեք նման բան չէր եղել Ղարաբաղում, որտեղ վերահսկողության գոտիների սահմանները բավականին հստակորեն են սահմանված ռուս խաղաղապահների կողմից։ Թերևս հենց դա է ստիպել ռուս զինվորականներին այս անգամ միանշանակ աջակցել հայկական կողմին, այլ ոչ թե պարզապես երկխոսության կոչ անել Բաքվին ու Երևանին։

«Մարտի 24-ից մարտի 25-ը Ադրբեջանի զինված ուժերը մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքի ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի և ստեղծել հենակետ։ Կոչ է արվում ադրբեջանական կողմին զորքերը դուրս բերել»,- ասել են ռուս զինվորականները։ Անմիջապես հետևել է Բաքվի պատասխանը, և, ի թիվս այլ բաների, դժգոհություններ են հնչել ռուսական փաստաթղթում օգտագործված տեղանունների վերաբերյալ։ «Ադրբեջանի տարածքում Լեռնային Ղարաբաղ անունով վարչական-տարածքային միավոր չկա։ Հայտարարության մեջ նշված գյուղի անունը ոչ թե Փարուխ է, այլ Ֆարրուխ»,հայտնել են Ադրբեջանի ՊՆ-ից։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես պնդել էր, որ խորհրդային «Լեռնային Ղարաբաղ» տերմինի փոխարեն պարզապես պետք է օգտագործել «Ղարաբաղ» կամ «Ղարաբաղի տնտեսական տարածաշրջան» անվանումը, որն ամրագրված է Ադրբեջանի օրենսդրությամբ:

Իսկ ընդհանրապես, Ադրբեջանի ՊՆ-ն ռուսական հայտարարությունն անվանել է «միակողմանի և իրականությունը չարտացոլող»։ «Ադրբեջանական կողմը հայտնում է, որ անցակետերում ճշտվել են դիրքերն ու տեղակայման վայրերը, չնայած դրան, մարտի 26-ի առավոտյան հայկական անօրինական զինված խմբավորումները փորձել են դիվերսիա իրականացնել ադրբեջանական բանակի դեմ: Ադրբեջանի ՊՆ-ն կոչ է անում Ռուսաստանի ՊՆ-ին՝ եռակողմ հայտարարության դրույթներին համապատասխան, ապահովել հայկական բանակի մնացորդների և ապօրինի հայկական զինված կազմավորումների ամբողջական դուրսբերումը միջազգային հանրության կողմից ճանաչված Ադրբեջանի տարածքներից»,- եզրափակել է նախարարությունը։ Այսպիսով, Բաքուն վերադարձել է 2020 թվականի վերջից շարունակվող այն վեճին, որը վերաբերում է եռակողմ համաձայնագրի մեկնաբանմանը։

Չորրորդ կետում, որին վկայակոչում են ադրբեջանցի զինվորականները, ասվում է, որ «Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ»։ Սակայն հայկական կողմը պնդում է, որ այս պահանջը վերաբերում է միայն Աղդամի, Քելբաջարի և Լաչինի շրջաններին, որոնք պատերազմի ավարտից անմիջապես հետո վերադարձվել են Ադրբեջանի վերահսկողության տակ, և թույլատրվում է ռազմական ներկայություն ռուս խաղաղապահների գործողության գոտում։ Հարցի լուծումը բարդանում է նրանով, որ Հայաստանում Լեռնային Ղարաբաղի բոլոր հայկական զորամիավորումները համարում են Արցախի պաշտպանության բանակ, այսինքն՝ տեղական ուժեր, և պնդում են, որ այնտեղ Հայաստանից ժամկետային զինծառայողներ չկան։

Այն, որ Երևանի դիրքորոշումը հենց դա է, հաստատել է հայ քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։ «2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի զինաթափման մասին խոսք չկա,- ասել է նա kommersant.ru-ին տված հարցազրույցում,դա նույնիսկ նշել է Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2021 թվականի սեպտեմբերի 23-ի իր ելույթում, երբ Ադրբեջանի նախագահը նշել է այն տարածքները՝ Լաչինի, Աղդամի, Քելբաջարի շրջանները, որտեղից Հայաստանը պետք է դուրս բերի իր զորքերը։ Ղարաբաղում հայկական բանակ չկա, կա ԼՂՀ պաշտպանության բանակ, որը բաղկացած է կամավորներից, պայմանագրային զինծառայողներից և տեղացի ժամկետային զինծառայողներից։ Այսինքն, Ղարաբաղից հայկական զորքերի դուրսբերման կամ Ղարաբաղի բանակը զինաթափելու մասին հայտարարությունները բացարձակ մանիպուլ յացիա են»։

Իր հերթին, քաղաքական վերլուծաբան Ֆարհադ Մամեդովը kommersant.ru-ին հակառակն է հայտնել. 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը պարտադրում է տարածաշրջանից դուրս բերել հայկական բոլոր զինված ստորաբաժանումները, և ոչ միայն Հայաստանի գործող բանակը։ Նրա խոսքով, «Հայկական զինված ուժերի դուրսբերում» ձևակերպումը, որն օգտագործվում է փաստաթղթում, «ենթադրում է տարածաշրջանի ամբողջական ապառազմականացում, այսինքն՝ ներառյալ նաև Ղարաբաղի հայերի զինաթափում»։ «Խոսքը ոչ միայն Հայաստանի զինվորականների, այլ բոլորի մասին է, ում ազգանունը վերջանում է «յան»-ով,- ասել է Մամեդովը,- նման ձևակերպումը դիտմամբ է օգտագործվել»։ Ինչ վերաբերում է ռուսական մեղադրանքին, թե ադրբեջանցի զինվորականները մտել են խաղաղապահների տարածք, ապա փորձագետը դա անհիմն է համարել։

«Ղարաբաղում վերահսկողության գոտիների սահմանները գոյություն ունեն միայն ռուս զինվորականների համար,- ասել է նա,- մեզ համար սա մեր ամբողջ ինքնիշխան տարածքն է, և մենք մեզ իրավասու ենք համարում այն ազատել անօրինական զինված խմբավորումներից։ Հիշեցնեմ, որ ռուս խաղաղապահների մանդատը ևս դեռ որոշված չէ։ Եվ քանի որ Բաքուն խոսում է միայն դիրքորոշումների հստակեցման մասին, այստեղ չկա պայմանագրի առաջին կետի խախտում. «Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց դիրքերում»»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր