Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

28 հուն 2022 15:15

«Ռոսիա» հեռուստաընկերության եթերում Շուշի քաղաքից հաղորդումը հակահայկական է և սադրիչ, միակողմանի, տենդենցիոզ,քծնողական

Rossaprimavera.ru-ն գրում է, որ «Ռոսիա» հեռուստաընկերության եթերում Ղարաբաղի Շուշի քաղաքից հաղորդումը հակահայկական է և սադրիչ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հայ լրագրող Գևորգ Խաչատուրյանը։

Լրագրողը նշել է, որ արդեն քանի օր է, ինչ հայկական լրատվամիջոցները բուռն վրդովմունք են հայտնում Ալեքսանդր Բուզալաձեի Շուշիում նկարահանված ռեպորտաժից, որը «Ռոսիա» հեռուստաալիքը ցուցադրել է «Վեստի Նեդելի» ծրագրում։ Խաչատուրյանը կիսվել է այդ ռեպորտաժը դիտելուց իր տպավորություններով:

«Սյուժեն չափազանց ոչ պրոֆեսիոնալ էր, միակողմանի, տենդենցիոզ, կոպիտ, ես նույնիսկ կասեի քծնողական»,- ասել է լրագրողը։ Նա հիշեցրել է, որ լրագրության հիմնական օրենքը չեզոքությունն է. հակամարտության երկու կողմերի դիրքորոշումները պետք է ցուցադրվեն։

«Ի վերջո, հակամարտությունը եղել է, կա և չի մարել, բայց դա ընդհանրապես սյուժեի մեջ չի երևում»,- ասել է Խաչատուրյանը։

Ինչպես նշել է հայ լրագրողը, ամբողջ ռեպորտաժում կարմիր գծի պես անցնում էր այն միտքը, որ 1992 թվականից մինչև 2020 թվականը, երբ հայերն էին տիրում Շուշիին, այնտեղ ամեն ինչ իբր ավերակ ու փտած էր, և իբր միայն այն բանից հետո, երբ քաղաքն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, առաջացել են ճանապարհներ ու սուպերմարկետներ, տեղադրվել են բանկոմատներ։

«Եվ այն հազարավոր լույսերով է փայլել ու վերածվել քաղաքի»,- հեգնանքով նշել է լրագրողը։

«Գիտեք, ես չորս անգամ եղել եմ Շուշիում։ Չէի ասի, թե դա Նյու Յորք էր, և ոչ էլ Մոսկվա, նույնիսկ ոչ Երևան, բայց փոքրիկ կոկիկ գավառական քաղաք էր, գեղեցիկ եկեղեցիներով ու փողոցներով: Այն ինչ որ չափով հիշեցնում էր Սուզդալը»,- ասել է Խաչատուրյանը:

Նրա խոսքով, ադրբեջանցի օպերային երգիչ Բյուլ-բյուլի գերեզմանը հայերը պահպանել էին օրինակելի տեսքով, իսկ նրա որդին՝ Փոլադ Բյուլբյուլ-օղլին, ով Մոսկվայում Ադրբեջանի դեսպանն է, 2000-ականներին այցելել է այնտեղ։

«Փոլադ Բյուլբուլը եկել է 2000-ականների կեսերին և երախտագիտությամբ լաց եղել ու գրկել բոլորին: Բայց դա չի խանգարել նրան, որ այնտեղից հեռանալով, ցեխ շպրտի Արցախի ու հայության վրա։ Դե, դա այդպես էլ պետք է լիներ. նրանից այլ բան անհնար էր սպասել»,- ասել է լրագրողը։

Խաչատուրյանը նաև նշել է, որ Շուշիում խանութները և ամբողջ քաղաքային ենթակառուցվածքը մինչև Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելը անխափան են գործել։

«Եվ խանութներ կային, և դրանց մեջ երշիկ կար, և ոչ միայն երշիկ, բանկոմատներ էլ են եղել։ Ամեն ինչ աշխատում էր»,- շեշտել է նա։

Նշելով, որ «Ռոսիա» հեռուստաալիքով ցուցադրված ռեպորտաժն իր վրա չափազանց տհաճ տպավորություն է թողել, լրագրողն ասել է, որ դա սպասելի էր։ Նման վերաբերմունքի հիմնական պատճառներից մեկը նա անվանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վիրավորական հայտարարությունները, ով Շուշին անվանել է «դժբախտ ու դժգույն քաղաք»։

Լրագրողը նաև ընդգծել է, որ դժվար է իրեն կասկածել Ռուսաստանի նկատմամբ ինչ-որ հակակրության մեջ։

«Նրանք, ովքեր պարբերաբար կարդում են իմ գրածները, կարող են դա հաստատել», - ասել է նա:

«Ես կարծում էի և կարծում եմ, որ Ռուսաստանը եղել է, կա և կլինի մեր հիմնական ռազմավարական գործընկերը տարածաշրջանում։ Եվ ոչ միայն տարածաշրջանում։ Եվ «եթե ինչ որ մեկը հանդես կգա մեր կողմից», ապա դա կլինի միայն Ռուսաստանը, այլ ոչ թե Ամերիկան ​​ու Ֆրանսիան»,- ասել է Խաչատուրյանը։

Նա չափազանց բացասաբար է գնահատել Ռուսաստանին անհիմն քննադատող հայ «բազմագետների» պահվածքը, որոնք օրինակ հայտարարում են իբր չկրակվող Իսկանդերների մասին: Բայց միևնույն ժամանակ լրագրողը մի շարք քննադատական ​​արտահայտություններ է արել ռուս պաշտոնյաների հասցեին։ Նրա խոսքով, Երևանում Ռուսաստանի դեսպանատունը հավատարիմ է այն դիրքորոշմանը, որն է «ինչո՞ւ աշխատել ձեզ հետ և արձագանքել ինչ-որ բանի, դուք առանց այդ էլ չեք փախչի մեզանից»։

Լրագրողն այդ վերաբերմունքն անվանել է չափազանց սխալ և կործանարար երկկողմ հարաբերությունների համար։

«Դա անհնար է, տղերք, քանի դեռ դուք տեղի ունեցող իրադարձություններին նայում եք ինտելեկտուալ պենսնեի միջոցով, ամերիկացիները, ինչպես հայտնի է, ամեն օր մշակում են նախկին ԽՍՀՄ երկրները, այդ թվում՝ Հայաստանը։ Մեր 2018 թվականի գարնան թավշյա կռկռացողները դրա վառ ապացույցն են: Ի վերջո, խնդիր է դրված Ռուսաստանին զրկել դաշնակիցներից, դուրս քշել նրան տարածաշրջանից»,- ասել է Խաչատուրյանը։

Նա հիշեցրել է, որ Հայաստանում վերջին շրջանում ռուսամետ քաղաքացիների ձերբակալություններ են եղել՝ Արմեն Գրիգորյան, Միկա Բադալյան, Իգոր Խաչատուրով։ Նրա խոսքով, այդ ամբողջ գործընթացը չի անցել առանց Երևանում ԱՄՆ-ի դեսպան Լին Թրեյսիի անձնական մասնակցության։

«Իսկ ռուսական կողմից նման ձերբակալություններին առ այսօր որևէ արձագանք չի եղել, բայց նրանցից անգամ Ռուսաստանի քաղաքացիներ կան, ինչն առնվազն տարօրինակ է»,- նշել է հայ լրագրողը։

«Ինչ վերաբերում է վերոնշյալ ռեպորտաժին, ապա «Ռոսիա» հեռուստաալիքի ղեկավարությունը պետք է առնվազը բացատրություն տա նման հակահայկական սադրանքի մասին: Այո՛, դա հենց սադրանք է, և նրանք, ովքեր թույլ են տվել, որ ռեպորտաժն այդ տեսքով հեռարձակվի, պետք է պատասխանատվության ենթարկվեն, ընդհուպ մինչև աշխատանքից ազատումը»,- ընդգծել է Խաչատուրյանը նշելով, որ հակառակ դեպքում այդ ոլորտում իրավիճակը միայն կվատթարանա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր