2026 թվականին Արցախից տեղահանված ընտանիքներում ծնված երեխաները նույնպես կդառնան բնակծրագրի շահառու          Զինված ահաբեկիչները միացել են բողոքի ցույցերին, խաղաղ ցույցերը վերածելով անկարգությունների       Եթե Երևան քաղաքը վերածվի մի մեծ անտառի՝ օդի որակը միևնույն է չի լավանա    

06 սեպ 2022 16:00

«Թարթառի գործով» Ադրբեջանում զանգվածային խոշտանգումների զոհերը կարող են ազատվել բանտից. BBC

Ադրբեջանի գլխավոր դատախազը նախաձեռնել է 19 մեղադրյալների դատավճռի վերանայում «Թարթառի գործով» (դատական գործերի շարք հարյուրավոր սպաների և զինվորների կտտանքների և նրանցից ավելի քան 10-ի սպանության մասին): Ըստ իրավապաշտպանների ունեցած տվյալների՝ 31 մարդ հայտնվել է բանտում: Այդ մարդիկ խոշտանգումների ճնշման տակ իրենց լրտես են ճանաչել: Հիմա նրանք կարող են ազատվել:


Երեկ՝ երկուշաբթի, Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը դիմել է Գերագույն դատարանի լիագումար նիստին «Թարթառի գործով» 19 դատապարտյալների դատավճիռը վերանայելու առաջարկով:


Գլխավոր դատախազության կայքի հաղորդագրության մեջ ասվում է, որ արտաշիրիմման և դատափորձաքննության արդյունքներով 4 տարի առաջ 3 զոհված զինվորները ճանաչվել են կտտանքների զոհ: Բացի այդ, դատախազությունը 3 բարձրաստիճան սպաների անուններ է տվել, որոնք ձերբակալված են կտտանքների կասկածանքով:


«Թարթառի գործով» զբաղվող իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովի խոսքով՝ գլխավոր դատախազի ներկայիս հայտարարությունը նշանակում է, որ զոհերի ցուցակից 19 մարդու գործերը ամենայն հավանականությամբ կվերանայվեն Գերագույն դատարանում:


«Դա կարող է տևել մեկուկես-երկու ամիս, և ինձ թվում է, որ նրանք անմեղ կճանաչվեն»,- ասել է նա BBC-ին:


Ի՞նչ է «Թարթառի գործը»


«Թարթառի գործ» Ադրբեջանում անվանում են 2017 թ. մայիս-հունիսին կատարված զանգվածային կտտանքների գործը: Զինվորներին և սպաներին տարել են Ադրբեջանի Թարթառի շրջանի հին վարչական շենքը և այնտեղ կտտանքների ու խոշտանգումների են ենթարկել՝ ստիպելով խոստովանել լրտեսությունը Հայաստանի օգտին, որի հետ Ադրբեջանը հակամարտության մեջ է արդեն 30 տարի:


Իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովն ասում է, որ կտտանքները սկսվել են դեռ 2016 թ. աշնանը Բեյլագանյան շրջանում, բայց իրականում զանգվածային են դարձել արդեն Թարթառի շրջանում:


Կտտանքների հետևանքները. առնվազն 31 մարդ իրեն մեղավոր է ճանաչել լրտեսության մեջ և դատապարտվել է 12 տարուց մինչև ցմահ բանտարկության, առնվազն 11 մարդ, ըստ իրավապաշտպանների տվյալների, մահացել է կտտանքների հետևանքով: Գործում ընդհանուր հաշվով ավելի քան 100 զոհ կա, որոնք որպես այդպիսին են ճանաչվել ադրբեջանական դատարանների վճիռներով, դատախազությունը չորս անգամ ավելի մեծ թիվ է հաշվել:


Թեպետ խոշտանգումների որոշ անմիջական կատարողներ արդեն տարբեր ժամկետների բանտարկության են դատապարտվել, դատարանների որոշումները չեն բավարարել թե՛ տուժողներին, թե՛ նրանց հարազատներին, թե՛ իրավապաշտպաններին:


Նրանք պահանջել են նոր նախաքննություն, որպեսզի բացահայտվեն այն անձինք, որոնք մարդկանց զանգվածաբար խոշտանգելու հրաման են տվել: Պահանջում են նաև ազատել նրանց, ովքեր խոշտանգումների հետևանքով իրենց լրտես են ճանաչել:


Աննկատ զանգվածային կտտանքներ


Ադրբեջանի իշխանությունները երկար ժամանակ անտեսել են «Թարթառի գործը», քանի դեռ անցած տարվա նոյեմբերին հանդես չէր եկել հայտարարությամբ ռազմական դատախազ Խանլար Վելիևը: Նա ասել է, որ «Թարթառի գործը» միտումնավոր ուռճացնում են «հայկական էություն ունեցող մարդիկ» և «բացարձակ անհիմն կերպով» փորձում են վերստին այնպես անել, որ այդ գործը սկսեն քննարկել:


«Գործերը քննարկվել են Ադրբեջանում գոյություն ունեցող դատական բոլոր փուլերում,- հայտարարել է նա:- Հաստատվել է, որ դատավճիռները թե՛ այն անձանց նկատմամբ, որոնք մեղադրվում են պետական դավաճանության մեջ, թե՛ այն անձանց, որոնք անօրինական  կտտանքների են ենթարկել այդ և այլ անձանց, օրինական են»:


Բայց այդ հայտարարությունից ընդամենը մի ամիս անց հենց դատախազությունը հայտարարեց «Թարթառի գործով» նոր նախաքննություն սկսելու մասին: Այս տարվա ապրիլին հայտնի դարձան այդ նախաքննության միջանկյալ արդյունքները. պատասխանատվության են ենթարկվել ևս մի քանի զինվորականներ, իսկ արդեն բանտարկվածների դեմ նոր գործեր են հարուցվել նոր հոդվածներով:


Ի վերջո, տուժածների պաշտոնապես հաստատված թիվը հասել է 397 մարդու, այսինքն՝ մեծացել է 4 անգամ:


Աղբյուրը՝ BBC


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր