Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

05 հոկ 2022 11:10

Ղարաբաղը ձեր վարչապետի համար գոյություն չունի որպես բուն հայկական հող, իսկ ղարաբաղցիները ոսկոր են նրա կոկորդում․ ռուս գործիչ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ Փաշինյանի ընտանեկան թերթը «հավաստի աղբյուրի» հերթական հոդվածն էր հրապարակել՝ այս անգամ ներկայացնելով Ռուսաստանի մղումները եւ Հայաստանի ու Արցախի նկատմամբ վարած քաղաքականությունը։ Այն վերնագրված է՝ «Ի՞նչ է ուզում Ռուսաստանը․ ի գիտություն Վեհափառ հայրապետի, երեք նախագահների եւ փորձագիտական հանրության»։ 

Հրապարակման իմաստն այն է, որ ՌԴ-ն դիտավորյալ է անօգնական վիճակում թողել Արցախն ու Հայաստանը՝  շանտաժի ենթարկելով եւ ստիպելով, որ միանանք Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը։ «Ու եթե Ուկրաինայի դեպքում նման արդյունքի համար ՌԴ-ն օգտագործում է ռուսական եւ գուցե բելառուսական զորքերը, Հայաստանի դեպքում օգտագործում է Ադրբեջանի եւ որոշ չափով էլ ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերը»,- գրում է «հավաստի աղբյուրը»։ ՌԴ-ի պաշտոնական արձագանքը երկար չսպասեցրեց։ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը սա բնութագրեց որպես «հերթական հիմարություն»։ Հասկանալի է, որ նույնիսկ այս բնորոշումը չէր լինի, եթե նյութը տեղ գտած չլիներ Փաշինյանի թերթում, եւ այն ուղղակի չնույնականացվեր վարչապետի կարծիքի հետ։  Երեւանում ու Մոսկվայում շատերը համոզված են՝ «հավաստի աղբյուրը» հենց Նիկոլ Փաշինյանն է։  

Հայաստանի հետ համագործակցության եւ բարեկամության հարցերով ռուսաստանյան ընկերության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովն ասում է՝ Փաշինյանի խոսքերը «մատից ծծած են» ու ոչ մի աղերս չունեն իրականության հետ։ 

«Երբեք մեր նախագահը նման բան չի ասել՝ որ Հայաստանը պետք է մտնի միասնական պետության մեջ, եւ չի էլ ասի։ Փաշինյանի խոսքերը մատից ծծած են, ինչպես ասում են։ Այլ բան են հայ ժողովրդի տրամադրությունները»։ Վիկտոր Կրիվոպուսկովը հիշեցնում է, որ հայ ժողովուրդն արդեն 300 տարի է՝ ողջունում է երկու ժողովուրդների բարեկամությունն ու միասնությունը։ «Փաշինյանը եթե դպրոց է գնացել, թող հիշի, թե երբ է Հայաստանն առանց Ռուսաստանի երջանիկ եղել՝ նախկինում, ներկայում, էլ չեմ ասում ապագայի մասին: Թե ինչ պայմաններում է Հայաստանն ազատվել թուրքական յաթաղանից, զարգացրել տնտեսությունը, արդյունաբերությունը, մշակույթը։ Խորհրդային շրջանն ամենաերջանիկն է եղել Հայաստանի համար, ես ՌԴ դեսպանատանն իմ աշխատանքի տարիներին շատ եմ լսել հայերից այդ միտքը՝ որ Խորհրդային Միությունը կարծես հայերի համար ստեղծված լիներ։ Խորհրդային Միության օրոք Հայաստանն ամենաբարգավաճ ու զարգացած, ամենակրթված, բարձրտեխնոլոգիական, առաջադեմ հանրապետությունն էր, որն ահռելի առեւտրաշրջանառություն ուներ։ Ամեն օր մոտ 300 էշելոն էր դուրս գալիս Երեւանից ու այդքան էլ մտնում էր Երեւան»։ 

- Ի՞նչ եք կարծում՝ Ռուսաստանի համար իմաստ ունի՞ նեղել Հայաստանին․ զենք չտալով, ռազմական օգնություն չցուցաբերելով՝ դրդել մեզ մտնել միասնական պետության մեջ՝ ՌԴ-ի հետ։ Ռուսաստանին պե՞տք է նման մեթոդներով ներգրավել Հայաստանին։ 

- Գիտեք, այդ հոդվածները գրում է հենց վարչապետը, եւ դրանք պետք է որ ճշմարտացի լինեին, բայց նա կեղծ հորինվածքների տաղանդ ունի։ Նա գլուխ էր գովում, թե Պուտինի հետ բազմակի հանդիպումներ է ունենում, ու հանկարծ նման բա՞ն է հրապարակում։ Սա ոչ միայն վարչապետին չի սազում, այլեւ դեղին մամուլի լրագրողին անգամ սազական չէ։ Պարոն Փաշինյանը դեռ 2018 թ․ ապրիլի 1-ին կանգնած էր Հանրապետության հրապարակում՝ Putin, go! ցուցապաստառով։ Չէ՞ որ դա բոլորն են հիշում։ Նաեւ՝ որ արցախյան մոբիլիզացիոն այցեր էր ձեռնարկում, ու Ղարաբաղում նրան աքացիներով էին դիմավորում։ Իսկ այսօր, ահա, նա ասում է, որ Ռուսաստանը ստիպում է Հայաստանին ու Արցախին՝ մտնել միութենական պետության մեջ։ Սա նշանակում է չիմանալ պատմություն։ Նախկինում, օրինակ, անգրագետ բոլշեւիկները գոնե աքսորավայրերում ու բանտերում էին կրթություն ստանում։ Բայց ձեր վարչապետին, ով չունի բարձրագույն կրթություն, Աստված այդ հնարավորությունից էլ զրկեց, եւ նա նույնիսկ բանտում գտնվելով, չունեցավ կրթվելու ցանկություն։ Եթե նա կրթված լիներ, երբեք իրեն թույլ չէր տա նման մտքեր արտահայտել Ռուսաստանի հասցեին։ Տեսեք, նա զուգահեռ է անցկացնում ուկրաինական ճգնաժամի հետ, եւ դրանից իսկ արդեն երեւում է, որ հրահանգ է կատարում։ Մանավանդ, որ վերջերս ձեզ մոտ Նենսի Փելոսին էր, եւ կարծում եմ՝ այդ հրապարակումն էլ Վաշինգտոնի օբկոմի հրահանգներով է կատարվել։ Դա ամերիկյան համալսարանների հետեւանքն է, որը նա անցել է ու անցնում  է։ 

- Ամսի 6-ին Էրդողանն ու Փաշինյանը հանդիպելու են ու խոսելու են խաղաղության պայմանագրի, կարծում եմ՝ նաեւ Սյունիքի միջանցքի մասին։ Ի՞նչ եք կարծում՝ Արցախի թեման կշոշափվի՞, թե՞ այն այլեւս չկա։ 

- Ինչո՞ւ խոսել Ղարաբաղի մասին, ի՞նչ խոսել։ Ձեր վարչապետը Ղարաբաղը  հանձնել է։ Նա չի համարում, որ Ղարաբաղի մասին խոսելն իր գործն է, իր առանձնաշնորհն է։ Այդ հանդիպման ժամանակ անգամ եթե խոսվի էլ Արցախի մասին, դա լինելու է ոչ թե ղարաբաղցիների, Ղարաբաղի ու վերջինիս պատմական եւ գեոպոլիտիկ արժեքների մասին աշխարհում ու Կովկասում, այլ մի կտոր հողի, որտեղ կարելի է ինչ-որ բան սարքել կամ միացնել այն Ադրբեջանին։ Ղարաբաղը Փաշինյանի համար գոյություն չունի որպես բուն հայկական հող, իսկ ղարաբաղցիները ոսկոր են նրա կոկորդում, որից նա ինչքան շուտ ազատվի, այնքան շուտ կկարողանա հանգիստ քնել»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր