Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»          Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին․ «Հրապարակ»       Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի    

22 դեկ 2022 16:00

ՄԻԵԴ–ը բավարարել է Հայաստանի միայն 2–րդ պահանջը.սխալ է ակնկալել որ դատարանը պետք է Ադրբեջանին պարտավորեցնի բացել Լաչինի միջանցքը

Հայաստանը Եվրոպական դատարան երկու պահանջ է ներկայացրել` ապաշրջափակել Լաչինի միջանցքը և ապահովել միջանցքով Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդների տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը: ՄԻԵԴ–ը բավարարել է ՀՀ–ի միայն երկրորդ պահանջը։ Այս մասին ասուլիսում հայտնեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Մենք փորձել ենք հնարավոր մաքսիմալ պահանջը դնել դատարանի առջև` հիմնավորելով դրա անհրաժեշտությունը, բայց դատարանն ունի որոշակի սահմանափակվածություններ։ Այսինքն` դատարանի միջանկյալ միջոց կիրառելու շրջանակը կամ գործերի շրջանակն իր նախադեպային իրավունքի տրամաբանության տակ սահմանափակված է կոնվենցիայի երկրորդ և երրորդ հոդվածներով»,– նշեց Կիրակոսյանը։
Նրա խոսքով` ՀՀ–ի ակնկալիքները Եվրոպական դատարանից շատ բարձր չէին, և սխալ է ակնկալել, որ դատարանը պետք է Ադրբեջանին պարտավորեցնի բացել Լաչինի միջանցքը, քանի որ ՄԻԵԴ–ն իր ցանկացած գործողություն կապում է ինչ–որ կոնկրետ իրավունքի հետ` կյանքի իրավունքի պաշտպանություն, կամ անմարդկայաին դաժան վերաբերմունքի արգելք և այլն։ Այսինքն` միջոցներ կիրառելիս ՄԻԵԴ–ն, իրավական տեսանկյունից, ունի հստակ շրջանակներ։ Բացի այդ, նրա խոսքով, դատարանը սովորաբար խուսափում է նմանատիպ բարդ կոնֆլիկտային գործերի մեջ մտնելուց։
Այնուամենայնիվ, դատարանից ստացված պատասխանը, Կիրակոսյանի գնահատմամբ, բավարար էր ՀՀ–ի համար։ ՄԻԵԴ–ի արձագանքը Լաչինի միջանցքում ստեղծած իրավիճակին նաև պայմանավորված է նրանով, որ տեղի ունեցողը ցավալի, իսկ հումանիտար տեսանկյունից` անտրամաբանական և հակամարդկային քայլ է։
Նա նաև կարևոր է համարում, որ ՄԻԵԴ–ը, որոշման մեջ հղում է կատարել 2020 թվականի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության 6–րդ կետին` Լաչինի միջանցքի վերաբերյալ։
«Իհարկե դժվար է այն համարել դեպի հայկական կողմը թեքված որոշում։ Սա փաստերի վրա հիմնված, օբյեկտիվ իրականությունն արտացոլող որոշում է առնվազն, և սրա վրա, կարծում եմ, պետք է աշխատենք քաղաքական առումով։ Կարծում եմ` սա պետք է փորձել օգտագործել, որովհետև այս որոշման ազդեցությունը հետագայում դիվանագիտական, քաղաքական աշխատանքից է կախված»,–ընդգծեց ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից դատարանի ընդունած որոշումը կատարելուն, Կիրակոսյանն առանձնապես չի ակնկալում, որ այն կկատարվի։ Նա ներկայացրեց, թե ֆորմալ առումով ինչ կարող է հաջորդել Ադրբեջանի կողմից որոշումը չկատարելուն։
«Նախ, գոյություն ունի Նախարարների կոմիտեի հարթակ, որին դատարանը կարող է ծանուցել կիրառած միջոցների մասին, իսկ Նախարարների կոմիտեն, լինելով Եվրոպայի խորհրդի հիմնական քաղաքական մարմինը, հետևում է նաև դատարանի վճիռների և որոշումների կատարման ընթացքին: Նախարարների կոմիտեն անհրաժեշտության դեպքում պետք է քննարկի և միջամտի այս հարցերին, հասկանա, թե ինչ քայլեր են անհրաժեշտ քաղաքական առումով, որպեսզի ավելի ուժեղացնի Ադրբեջանի նկատմամբ ճնշումը»,–ասաց նա։
Կիրակոսյանը նշում է, որ կան նաև այլ ընթացակարգերով, ընդհուպ մինչև Ադրբեջանի կողմից իր պարտավորության խախտման վերաբերյալ հարցի բարձրացում և ԵԽ անդամության զրկման հարց։ Սակայն դրա համար դեռ շատ երկար ճանապարհ կա անցնելու։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր