Հայերը Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից կարող են նորից ենթարկվել ցեղասպանության. մի՞թե ուկրաինացիների կյանքերն ավելի կարևոր են, քան հայերինը

«Եվ քանի որ ֆրանսիական դիվանագիտությունն այդ հարցում իր դերը չի կատարում, առաջացավ պահանջ, որ խորհրդարանական դիվանագիտությունը դա անի ու դրանով փրկի Ֆրանսիայի պատիվը՝ հանուն Ֆրանսիայի, հանուն Եվրոպայի։ Ես մտահոգվում եմ, երբ տեսնում եմ, թե ինչ աստիճանի է Հայաստանն անտեսվում ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի կողմից»,-ասաց նա:
Հարցին, թե Հայաստանը կարո՞ղ է ակնկալել Ֆրանսիայի ու Եվրոպայի կոնկրետ արձագանքը, ասենք, ռազմական օգնության տեսքով, բուայեն պատասխանեց. «Հարց է առաջանում՝ ինչո՞ւ մենք ճանաչեցինք Ցեղասպանությունը, եթե այսօր լռում ենք, ինչո՞ւ է այդքան շատ խոսվում Ուկրաինայի մասին ու չի խոսվում Հայաստանի մասին։ Ինչո՞ւ էր պետք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կազմակերպել Հայաստանում, ինչո՞ւ էր ասվում, որ Հայաստանը Ֆրանսիայի քույրն է, եթե մենք հիմա նրան միայնակ ենք թողել իր խնդիրների հետ՝ շրջափակված դիկտատորական երկրներով։ Ես խոսել եմ Ֆրանսիայի Սենատի ամբիոնից, խոսել եմ ԵԱՀԿ-ի ամբիոնից ու ասել՝ մի՞թե ուկրաինական կյանքերն ավելի կարևոր են, քան հայերինը։
Երբ այսօր մենք խոսում ենք ագրեսիայի մասին, հանցագործությունների պատճառով զոհերի մասին, արգելված զենքերի կիրառման մասին, ինչո՞ւ այդ ամենը ասելով Ուկրաինայի պարագայում, նույնը չենք ասում Հայաստանի պարագայում։
Ես կոնֆիդենցիալ կերպով ցանկանում եմ ձեզ ասել, որ այլ պատգամավորների հետ միասին ինձ հրավիրել էին ֆրանսիական լրատվական մի մեծ ցանցի հետ հանդիպման, որը զբաղվում է ուկրաինական թեմաներով, ամեն օր։ Ես իրենց ասացի, որ այդ ամենը շատ կարևոր է, սակայն մոլորակի վրա միայն մեկ կոնֆլիկտ չէ, մենք չենք խոսում Հայաստանի մասին, չենք խոսում Թուրքիայի հանցագործությունների մասին, Սիրիայի, Իրաքի, Լիբիայի մասին, որոնք Թուրքիայի սպառնալիքների տակ են: Հայերը Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից կարող են նորից ենթարկվել ցեղասպանության, և դա կարող է նախադեպ դառնալ մյուսների համար։
Դա կարող է քանդել միջազգային ողջ հարաբերությունները։ Հայաստանը ճանաչված է միջազգային այդ հանրության կողմից, և այն կարող է վերանալ, և մենք նոր ցեղասպանության ականատես կլինենք, և դա անակնկալ չի լինի, որովհետև դրա մասին բաց խոսում են, այդ թվում՝ որպես պահանջատիրություն:
Ցավոք, դա չի հետաքրքրում Ֆրանսիայի կառավարությանը, ավելի քիչ է հետաքրքրում Եվրոպական Միությանը, ոչ էլ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենին, ով ստորագրել է այդ վրդովեցուցիչ փաստաթուղթը։ Նա այցելել է Բաքու, դա դիվանագիտական ստորացում էր, նա «ծնկի է իջել», համբուրել է Ալիևին և նրան անվանել է Եվրոպայի վստահելի դաշնակից։ Ինչո՞ւ Եվրոպայի առաջնորդները, ում մանդատով նա այնտեղ է գտնվում, նրան չասացին, որ՝ դուք դրա համար չեք այնտեղ այցելել, դա ձեր դերակատարումը չի, ո՞վ է ձեզ թույլ տվել նման հայտարարություն անել»,-ասաց Բուայեն: