Տեսանյութ.Դուբայում սաստիկ փոթորիկ է, քաղաքում հեղեղումներ են, չեղարկվել են բազմաթիվ չվերթներ          Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...       ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ    

09 հուն 2023 20:10

Անփոխարինելի դարձած Էրդողանի համար ամենահաջող տարվանից հետո կարող է գալ ամենաանհաջողը.«Կոմերսանտ»

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Կոմերսանտ»-ի մեկնաբան Կիրիլ Կրիվոշեեւի հոդվածը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կարելի է 2022 թվականի ամենահաջողակ համաշխարհային քաղաքական գործիչ անվանել։ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր նա պահպանում հակամարտության կողմերի միջեւ գրեթե այլընտրանք չունեցող միջնորդի կարգավիճակը՝ դրանից ստանալով եւ՛ քաղաքական, եւ՛ զգալի տնտեսական դիվիդենտներ։ Սա 2023 թվականին նախատեսված Թուրքիայի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները դարձնում է ճակատագրական արտաքին քաղաքական իրադարձություն. եթե Էրդողանը պարտվի, ապա մեծ տարածաշրջանում փոխգործակցության ամբողջ հաստատված մոդելը պետք է լրջորեն վերանայվի։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը վաղուց բացառիկ գործընկեր է դարձել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արեւմուտքի համար։ Ավելի վաղ, օրինակ, նա հնարավորություն էր գտել գնելու ռուսական С-400 հրթիռային համակարգերը՝ չնայած ՆԱՏՕ-ի դաշնակիցների զայրույթին, եւ իր ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ ձեռնամուխ էր եղել Սիրիայում ազդեցության գոտիների վերաբաշխմանը։ Զուգահեռաբար, Թուրքիայի ղեկավարը բանակցում էր ԱՄՆ-ի հետ F-16 կործանիչների գնման շուրջ, ինչպես նաեւ վաճառում էր Bayraktar անօդաչու թռչող սարքեր Ուկրաինային. 2018 թվականի վերջին քչերը կմտածեին, որ դրանք կօգտագործվեն Ռուսաստանի հետ անմիջական մարտական բախումների ժամանակ։ 2022 թվականի փետրվարի 24-ից նախագահ Էրդողանի դիրքորոշումն աննախադեպ է դարձել։

2022թ. մարտի 29-ին Ստամբուլի Դոլմաբահչե պալատում Ռուսաստանի եւ Թուրքիայի պատվիրակությունները բանակցություններ էին վարում։ «Ուրախ ենք նկատել Մոսկվայի եւ Կիեւի դիրքորոշումների մերձեցումը», -  հայտարարել էր Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն։ Բանակցողներն, իսկապես, ազդանշան էին տալիս, որ լիարժեք խաղաղության համաձայնագիրը հեռու չէ: Սակայն այդ հույսերը տապալվեցին։

Հակամարտության ձգձգումը Էրդողանին հնարավորություն տվեց ամրապնդելու իր միջազգային ազդեցությունը, թեեւ նա չէր դադարում կրկնել, որ խաղաղության պետք է հնարավորինս շուտ հասնել: Որքան երկար է տեւում ճգնաժամը, այնքան ավելի շատ պատժամիջոցներ են կիրառվում Ռուսաստանի նկատմամբ, ինչն ավելի մեծ օգուտներ է բերում Թուրքիային, որն օգնում է շրջանցել դրանք։ The New York Times-ը ռուսական արտաքին առեւտրի իր ուսումնասիրության մեջ նշում է, որ Մոսկվայի եւ Անկարայի միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է 198%-ով՝ (2022 թվականի հոկտեմբերի դրությամբ) Ուկրաինայում լայնածավալ ռազմական գործողությունների սկզբից:

Բացի առեւտրից ստացված գերշահույթներից, Թուրքիայի ղեկավարությունը մի շարք բոնուսներ է ստացել Ռուսաստանի Դաշնության եւ Արեւմուտքի հարաբերությունների ճգնաժամից։ Դրանք ներառում են ե՛ւ գազային հանգույցի նախագիծը, ե՛ւ Ստամբուլում կնքված հացահատիկի գործարքը, ե՛ւ ՆԱՏՕ-ի վրա ճնշման նոր լծակն այն բանից հետո, երբ Ֆինլանդիան եւ Շվեդիան ցանկություն հայտնեցին միանալ դաշինքին:  

Էրդողանը կատարելության է հասցրել մանեւրելու հմտությունը։ Այսպես, նա առաջվա նման նախագահ Պուտինին անվանում է «սիրելի ընկեր», ինչը չի խանգարում նրան զգուշորեն քննադատել վերջինիս գործողությունները։  

Երբեմն Էրդողանը հայտարարություններ է անում, որոնք ակնհայտորեն դուր են գալիս Ռուսաստանի ղեկավարությանը։

«Ցավոք, Արեւմուտքը ռուս-ուկրաինական պատերազմի մեջ միայն սադրիչ տարրեր մտցրեց»,- վերջերս ասել էր նա՝ ընդգծելով, որ ինքն Արեւմուտքի մաս չէ։

Կրեմլն, անշուշտ, բարձր է գնահատել նաեւ թուրք գործընկերոջ պատրաստակամությունը՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու վերաբերյալ։ Առաջին քայլն այս ուղղությամբ արդեն արված է. 2022թ. դեկտեմբերի 28-ին Մոսկվայում տեղի է ունեցել Թուրքիայի եւ Սիրիայի պաշտպանության նախարարների հանդիպումը, որը 11 տարվա ընթացքում առաջին պաշտոնական շփումն էր երկրների միջեւ։  

Թուրքիայի նկատմամբ հատուկ մոտեցում դրսեւորվել է նաեւ այն ժամանակ, երբ Ռուսաստանի ԱԳՆ-ն տարակուսանք էր հայտնել Ադրբեջանի կողմից Ուկրաինային գեներատորների մատակարարման առնչությամբ։ Դրանից մի քանի օր առաջ թուրքական ընկերությունը հայտարարել էր Օդեսայի նավահանգստում մի քանի լողացող էլեկտրակայան հանգրվանելու մտադրության մասին, ինչը Մոսկվայի կողմից անարձագանք էր մնացել:

Թուրքիան նաեւ ռազմական ոլորտում շարունակում է բաց եւ ակտիվ համագործակցությունն Ուկրաինայի հետ։ Ամռանը Կիեւը եւ Անկարան պայմանավորվել են Ուկրաինայում կառուցել Bayraktar անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան, իսկ ընկերության հիմնադիրներից մեկը՝ Հալուկ Բայրաքթարը (նրա եղբայր Սելջուկն ամուսնացած է նախագահ Էրդողանի դստեր հետ) նույնիսկ հայտարարել էր, որ այդ համագործակցությունն ավելի շատ գաղափարական է, քան՝ առեւտրային:

«Մեզ համար փողը առաջնահերթություն չէ։ Փողն ու նյութական ռեսուրսները երբեք նպատակ չեն եղել մեր բիզնեսում։ Ուկրաինայի հետ մեր բարեկամությունն ու համագործակցությունը շարունակվում է երկար տարիներ։ Այս ընթացքում մեր ողջ աջակցությունն ամբողջությամբ Ուկրաինայի կողմն է»,- ասել էր նա BBC-ին տված հարցազրույցում։

Հաշվի առնելով, որ ընդամենը վեց ամսից՝ կա՛մ 2023 թվականի մայիսին, կա՛մ հունիսին, Թուրքիայում տեղի կունենան նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, կարելի է հանգիստ ասել, որ այս երկրի քաղաքացիների ընտրությունը կարող է ազդել ոչ միայն ուկրաինական ճգնաժամի հետագա զարգացման վրա, այլեւ՝ ՆԱՏՕ-ի պահվածքի, պատժամիջոցները շրջանցելու Ռուսաստանի կարողության եւ, իհարկե, Մերձավոր Արեւելքում իրավիճակի վրա։

Թուրքիայի ղեկավարի վերընտրվելու շանսերը հնարավոր կլինի գնահատել, երբ ընդդիմությունը որոշի իր թեկնածուին, սակայն հաշվի առնելով նրա կուսակցության վարկանիշը մրցակիցների համեմատ՝ իրավիճակն առնվազն անկայուն է թվում։

Այսպիսով, նախագահ Էրդողանի համար ամենահաջող տարվանից հետո կարող է գալ ամենաանհաջողը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր