Եկել ենք հետևության, որ Ադրբեջանը երբեք չի ճանաչի ՀՀ տարածքային ամբողջականությունը, ընդհակառակը, նպատակ է դրել նոր տարածքային նկրտումներ ի ցույց բերելու.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարծում, թե պետք է հրապարակային քննարկել բանակի սպառազինության ու տեխնիկայի համալրման հարցերը:
«Այն, որ մենք անվտանգային ոլորտում ունենք շատ լուրջ պրոբլմեներ, փաստ է, որը հնարավոր չէ ժխտել, բայց այն, որ անում ենք ամեն ինչ այդ պրոբլեմները լուծելու համար, ակնհայտ է դառնում այն թվերից, որը կարող եք տեսնել ՀՀ պետական բյուջեում», - մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա:
Վարչապետի խոսքով՝ տարածաշրջանի խաղաղության համար ՀՀ ԶՈՒ մարտունակությունը շատ կարևոր է, բայց պետք է հասկանալ, որ առանց մարտունակ բանակի խաղաղություն հնարավոր չէ, բայց միայն մարտունակ բանակով էլ խաղաղություն հնարավոր չէ:
Ըստ նրա՝ խաղաղության օրակարգը չի կարող շինծու դառնալ:
«Որևէ մեկը չի կարող ժխտել, որ խաղաղության օրակարգն անհրաժեշտություն է, որևէ իրադարձություն մեզ չպետք է շեղի այդ անհրաժեշտությունից», - ասաց Փաշինյանը:
Վարչապետը հայտարարեց, թե եկել են այն հետևության, որ Ադրբեջանը երբեք չի ճանաչի ՀՀ տարածքային ամբողջականությունը, ընդհակառակը, նպատակ է դրել նոր տարածքային նկրտումներ ի ցույց բերելու:
***
«Ես ասել եմ, որ եթե պարզվի, որ ՌԴ այդ պարտավորությունները չի կարողանում կատարել՝ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, որպես ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ, ինքը պետք է դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ կամ ռուսական խաղաղապահ զորախմբին միջազգային մանդատով օժտելու, կամ Լեռնային Ղարաբաղ նոր բազմազգ խաղաղապահ առաքելություն ուղարկելու համար, որը կապահովի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված անվտանգային ճարտարապետությունը»։