«Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա          Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ       Կենդանակերպի նշաններ, որոնք հուլիսի վերջին ֆինանսական մեծ հաջողություններ կունենան    

18 հուն 2023 15:51

Այս պահի իշխանություններ, ինքներդ ձեզ խաբում եք խաբեք, բայց հասարակությանը ինչո՞ւ եք խաբում, ինչո՞ւ եք թշնամուն բարեկամ ներկայացնում, իսկ սպառնալիքը՝ բարեբախտություն

Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալը 1992 և 1993 թվականներին հայտարարել է. «Թուրքիան պետք է մի փոքր վախեցնի հայերին: Ի՞նչ կարող են անել հայերը եթե կրակոցներ լինեն, ռումբեր պայթեն, շքերթով մտնելո՞ւ են Թուրքիա»: Այս մասին ֆեյսբուքում գրել է  ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան, դոկտոր- պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը.


ԹՈՒՐՔԻԱՆ ՍՊԱՌՆԱՑԵԼ ԵՎ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ.
ՔՊ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՍԽԱԼՎՈՒՄ Է


«Իսկ Թուրքիան մեզ չի սպառնացել երբեք: Մենք չունենք այդպիսի որևէ փաստ՝ Հայաստանի պետական անկախությունը ճանաչելուց հետո, որ Թուրքիան մեզ որևէ անգամ սպառնացել է, որևէ սպառնալիք մեզ ներկայացրել է: Չի եղել ըտենց բան»,- երեկ հայտարարել է ՔՊ-ական մի պատգամավոր: Այս հայտարարությունը մեկն է այն բազմաթիվ վտանգավոր, Հայաստանի շահերին հակասող, պատմական իրողությունները աղավաղող հայտարարություներից, որոնք հնչում են այս պահին իշխող թիմի տարբեր ներկայացուցիչների կողմից: Այդ անձանց հակադարձելը և Թուրքիայի մասին իրականությունը ներկայացնելը արդեն վաղուց համարում եմ անօգուտ գործ, քանի որ նման հետևողականությամբ հակաՀայաստանյան թեզեր շռայլելը այլևս չիմացություն, անտեղյակություն կամ պատահականություն համարել հնարավոր չէ: Սակայն, որպես թուրքագետ, ինձ պատասխանատու եմ համարում հանրությանը ասել, որ վերոնշյալ միտքը սխալ է և որևէ կապ չունի օբյեկտիվ իրականության հետ:


Եթե մի կողմ թողնենք վերջին տարիներին Թուրքիայի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների բացահայտ և ուղղակի սպառնալիքները Հայաստանին և հայությանը, որոնք չգիտես ինչպես և ինչու չեն լսում ՔՊ-ական որոշ պատգամավորներ, ապա պետք է հստակ պնդել և փաստել, որ Թուրքիան սպառնացել և փորձել է Հայաստանի դեմ պատերազմ սկսել դեռևս 1992 և 1993 թվականներին: Մասնավորապես՝ Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալը 1992 և 1993 թվականներին հայտարարել է. «Թուրքիան պետք է մի փոքր վախեցնի հայերին: Ի՞նչ կարող են անել հայերը եթե կրակոցներ լինեն, ռումբեր պայթեն, շքերթով մտնելո՞ւ են Թուրքիա»: 1992-ին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ ավագը Թուրքիայի վարչապետ Դեմիրելի հետ հեռախոսազրույցում բառացիորեն ասում է. «Ես Ձեզ կոչ եմ անում զսպվածություն ցուցաբերել և Հայաստանի դեմ ռազմական ինտերվենցիայից զերծ մնալ»:


Հայաստանի հանդեպ Թուրքիայի այս սպառնալիքների մասին ես չեմ ասում, Հանթինգտոնն է ասում, Սեմյուել Հանթինգտոնը: Այսինքն՝ ներկայիս իշխող թիմի որոշակի ներկայացուցիչներ ոչ միայն խեղաթյուրում են Հայաստանի և Արցախի Հանրապետությունների պատմությունը, այլև սխալ են համարում Սեմյուել Հանթինգտոնին, հերքում Ջորջ Բուշին և այդ համապատկերում Թուրքիային ներկայացնում բոլորովին այլ, իրականության հետ կապ չունեցող լույսի ներքո: Ցավոք, ինչպես նկատել էի ամիսներ առաջ, ժիրայրլիպարիտյանական տեսությունը նորանոր «պտուղներ» է տալիս:


Եվ վերջում, պատմության հաճախ կրկնվելու համապատկերում ողբերգականորեն պարտադիր է կարդալ 100 տարի առաջ՝ 1920 թ. Հայաստանի Հանրապետության վրա քեմալական Թուրքիայի հարձակման օրերին «հայ» բոլշևիկների կողմից հայկական բանակի զինվորների և հասարակության շրջանում տարածված թռուցիկը հարձակվող թուրքական բանակի մասին. «...Մենք կոչ ենք անում ձեզ՝ չհավատալ դաշնակների հազարավոր ստերին, որովհետև եկողները ոչ թե թալանչի ավազակներ են, այլ՝ գյուղացիների, զինվորների և բանվորների ընկերներ՝ թուրք աշխատավորներ: Նրանք գալիս են ոչ թե ձեզ կոտորելու, այլ՝ թալանչի դաշնակների ձեռքից ձեզ ազատելու»:


Հ.Գ. այս պահի իշխանություններ, ինքներդ ձեզ խաբում եք խաբեք, բայց հասարակությանը ինչո՞ւ եք խաբում, ինչո՞ւ եք թշնամուն բարեկամ ներկայացնում, իսկ սպառնալիքը՝ բարեբախտություն և շանս:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր