Տեսանյութ.Իրավիճակը Վրաստանի խորհրդարանի մոտ լարվում է, հատուկ ջոկատայինները ցրում են հանրահավաքի մասնակիցներին          Տեսանյութ.Դուբայում սաստիկ փոթորիկ է, քաղաքում հեղեղումներ են, չեղարկվել են բազմաթիվ չվերթներ       Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...    

29 ապր 2023 13:45

Ինչ կարելի է սպասել Էրդողանի հնարավոր մահվան կամ չընտրվելու դեպքում. նրա վերընտրվելը ՀՀ-ի համար ձեռնտու չէ

Օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ինքնազգացողությունն ուղիղ եթերում կտրուկ վատացել էր, որից հետո տարածվեցին լուրեր այն մասին, որ նա սրտի կաթված է ստացել: Նույնիսկ տեղեկություններ կային, թե մահացել է: Ավելի ուշ Թուրքիայի նախագահի աշխատակազմից հերքեցին լուրերը, պաշտոնապես հայտարարվեց, որ վատ ինքնազգացողության պատճառը բաց երկնքի տակ քարոզարշավներն են՝ Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: Թուրքիայի նախագահի առողջական խնդիրների թեման Հայաստանում մեծ արձագանք ու ոգևորություն էր առաջացրել: Թուրքագետ, ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի հետ զրույցում փորձել ենք հասկանալ, թե, օրինակ՝ Թուրքիայի նախագահի հնարավոր մահվան կամ չընտրվելու պարագայում ի՞նչ կփոխվի աշխարհում, տարածաշրջանում, և այդ հանգամանքներն ի՞նչ ազդեցություն կունենան Հայաստանի վրա:

«Նախևառաջ պետք է դիտարկենք այն հանգամանքը, որ Թուրքիայի ներկա նախագահը՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Թուրքիայի պատմության մեջ ամենաանկախ նախագահն է: Թուրքիայի համար նա վարում է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին անկախ քաղաքականություն և որևէ մեկից որևէ կախում չունի: Ավելին՝ Թուրքիայի նախագահն այն մարդն է, որը կարողանում է ստեղծել ալ յանսներ: Խոսքը նաև ռազմական և քաղաքական ալ յանսների մասին է, որոնցում նա միավորում է թյուրքալեզու պետություններին և հայտ ներկայացնում՝ ընդդեմ աշխարհի բոլոր մյուս ռազմական ու քաղաքական ալ յանսներին: Այս առումով նա բավականին անկախ է, և սա, բնականաբար, առաջին հերթին դուր չի գալիս գերտերություններին, քանի որ Թուրքիայի նախագահը ևս մեկ հայտ է ներկայացրել, ըստ որի՝ Թուրքիան ևս պետք է գերտերություն լինի: Եթե այս համատեքստում դիտարկենք, ապա Թուրքիայի՝ անկախ քաղաքականություն վարող նախագահը Հայաստանի Հանրապետության համար ձեռնտու չէ, որովհետև իրենք այդ դեպքում առաջնորդվում են բացառապես իրենց ազգային շահերով ու մի գեղեցիկ օր կարող են նաև մեզ պատերազմ հայտարարել»,-«Փաստի» հետ զրույցում նշեց Կարեն Հովհաննիսյանը:
Իսկ թե ինչ կարելի է սպասել Էրդողանի հնարավոր մահվան կամ չընտրվելու դեպքում՝ թուրքագետը հարցը դիտարկեց իր մատնանշած վերոնշյալ իրողությունների համատեքստում: «Հաշվի առնելով, որ Էրդողանի չընտրվելու դեպքում Թուրքիայի նոր նախագահը կարող է լինել որևէ պետության դրածո, այդ դեպքում վտանգը մեզ համար որոշակիորեն կմեղմանա: Իրավիճակն այդ սցենարի դեպքում կլինի այնպես, ինչպես եղել է, օրինակ՝ 20 տարի առաջ: Այդ ժամանակ ևս հայատյաց քաղաքականություն էին վարում, ինչու չէ, նաև ծավալապաշտական քաղաքականություն կար, բայց այնպես չէր, ինչպես Էրդողանի քաղաքականության դեպքում է: Այս առումով Էրդողանի չընտրվելը մեզ համար ձեռնտու տարբերակ է, որովհետև տվյալ դեպքում ընդդիմության ֆավորիտ համարվող թեկնածուն Արևմուտքի դրածոն է համարվում և, ըստ էության, Արևմուտքի կողմից թելադրվող քաղաքականություն է վարելու»,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ Էրդողանի մահվան դեպքում էլ բոլորովին այլ իրավիճակներ կլինեն: Խոսելով Էրդողանի ներկա քաղաքականության բնույթի մասին՝ նա մի քանի հանգամանք առանձնացրեց:
«Էրդողանի վարած քաղաքականությունը ծավալապաշտական է: Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ նա նկրտումներ ունի: Այդ նկրտումներն Ադրբեջանի դեմքով կոչում են «Զանգեզուրյան միջանցք», որը պետք է միավորի քաղաքական այն ալ յանսը, որին իրենք «պանթուրքիզմ» են անվանում: Այնպես չէ, որ Էրդողանի այս քաղաքականությունը միայն 44-օրյա պատերազմից հետո է: Մինչ այդ էլ թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ իր հարևան մնացած պետությունների նկատմամբ Էրդողանի վարած քաղաքականությունը ծավալապաշտական է եղել»,-ասաց փորձագետը: Կարեն Հովհաննիսյանի խոսքով, մայիսի 14-ին կայնալիք ընտրություններում Էրդողանի հիմնական մրցակիցը ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն է։
«Միևնույն ժամանակ, մենք չենք կարող միանշանակ պնդել, որ Էրդողանը չի ընտրվի, որովհետև 21 տարվա ընթացքում Էրդողանը կարողացել է շատ խոր արմատներ գցել և, այսպես ասած, իշխանությունն իրենով անել: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ Արևմուտքը հովանավորում է ընդդիմությանը, վերջինս կարողանում է որոշակի առումով առաջ անցնել Էրդողանից: Սոցիոլոգիական վերջին հարցումների տվյալներով, ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն 7 տոկոսով առաջ է Էրդողանից, բայց սա վերջնական չէ, ու այդ ընտրություններում ոչինչ չի բացառվում: Կարծում եմ՝ ամեն դեպքում Էրդողանն ամեն ինչ անելու է վերընտրվելու համար: Իսկ եթե չընտրվի, չի բացառվում, որ քաղաքացիական բախումներ հրահրի: Ընդհանուր առմամբ, Թուրքիայի ընտրությունները շատ ուղիղ կապ ունեն Հայաստանի նկատմամբ վարվող քաղաքականության հետ: Մեծ նշանակություն ունի, թե ինչպիսին կլինեն ընտրությունների արդյունքները: Եթե Էրդողանը մնում է նախագահի պաշտոնում, պետք է հասկանանք, թե երբ է լինելու հայադրբեջանական հաջորդ պատերազմը, իսկ եթե գնում է, պետք է հասկանանք, թե ինչպես ենք կարողանալու հետաձգված պատերազմի ժամկետը մեր օգտին օգտագործել»,եզրափակեց Կ. Հովհաննիսյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր