Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի, Եկեղեցու կողքին պետք է լինեն նաև եկեղեցի կառուցած ազդեցիկ, հեղինակավոր հայերը          Տեսանյութ.Մալայզիայում երկու ռազմական ուղղաթիռ է բախվել, զոհվել է 10 մարդ       Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»    

29 ապր 2023 14:05

Մասը զիջողից ոչ թե ուզում են մեկ այլ մաս եւս, այլ պոկում են ամբողջը. Խաղաղություն, միեւնույն է, չի լինելու, իսկ, այ, սուգ լինելու է միշտ

Մենք դիվանագիտական լեզվի հիանալի հմտությունները չենք օգտագործում, եւ այստեղ արդեն էական չէ՝ գիտելիքի պակասի, թե մտածված չգործածելու գործոնով պայմանավորված։ Կարեւորը փաստն է, իսկ այդ փաստի «արդյունքը» հօգուտ մեզ չէ։
 
Դիվանագիտական բառամթերքը շարադրության բառապաշարի պես չէ, որ ուզածդ բառի ուզածդ հոմանիշը «դնես»։ Դիվանագիտական լեզվում հոմանիշները նրբերանգներով կարող են այնքան տարբեր իմաստներ արտահայտել՝ կախված թեմայից, բանախոսից ու այն շրջանակից, որի համար «նետվում» է այդ բառը։ Եվ առավելեւս պետք է զգույշ լինել այն բառերի հետ, որոնք առնչվում են Հայրենիքին։
 
Ադրբեջանական կողմն անընդհատ հարձակվում է՝ ցույց տալով, որ խաղաղություն չի ուզում, բայց ո՞ւմ են աջակցում «կայուն խաղաղության որոնումներում», իհարկե՝ Հայաստանին: Եթե դուրս գանք դիվանագիտական լարախաղացային լեզվից, ապա՝ միջազգային հանրություն կոչվածը ստիպում է (ոչ թե աջակցում,- Ա. Մ.) խաղաղության գնալ այն կողմին, որն ինքը խաղաղությանը դեմ չէ։ Մինչդեռ պետք է ստիպեին այն կողմին, որ դեմ է խաղաղությանը։ Եթե ստիպում են խաղաղությանը դեմ չեղող կողմին՝ այսինքն՝ մեզ, դա նշանակում է մի բան. ստիպելու են, որ զիջումները նույնպես անի հայկական կողմը։
 
Իսկ իրականում թյուրքական կողմի ուզածը Հայաստանի միջոցով կապը չէ. Ադրբեջանն ու Թուրքիան այսպես թե այնպես այդ կապն ունեն միմյանց հետ Վրաստանի միջոցով։ Թյուրքական կողմի ուզածը հենց Հայաստանի՛ տարածքով միջանցքն է, հենց Սյունի՛քը եւ, ըստ այդմ, Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության մեկուսացումը։ Այնպես չէ, որ միջազգային հանրույթում հստակ, հասցեական գնահատականներ չկան։ Երբ ապրիլի 27-ին Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատունը տոնել է թագավոր Վիլեմ Ալեքսանդրի ծննդյանը օրը, միջոցառման ժամանակ Հայաստանում Նիդերլանդների դեսպանը նշել է, որ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա, օկուպացրել տարածքը, իսկ Լաչինի միջանցքը մնում է շրջափակված:
 
Հասցեական ու հայանպաստ հայտարարություններ շատ կան նույն ֆրանսիական կողմից, ԱՄՆ-ից, եվրոպական կողմից եւն։ Բայց այդ հայտարարություններն անգամ մեզ ոչինչ չեն տա, եթե մենք հաշվարկված քայլեր չձեռնարկենք։ Իսկ հաշվարկված քայլն այն է, որ՝ այն, ինչ մերն է, մերն է, եւ զիջման մասին խոսք լինել չի կարող։ «Արցախը տանք, հանգիստ ապրենք» հիմարության աստիճանի հայրենադավ թեզի հայաստանյան կրողները տեսան, թե այդ «տալու» հետեւանքով ինչ եղավ Հայաստանի հետ։ Եթե շարունակենք «տանք՝ ապրենք»-ի կրողը լինել, հաստատ ստանալու ենք առաջին բաղադրիչը, բայց՝ ոչ երկրորդը՝ տալու ենք ու չենք ապրելու։ Քարշ ենք տալու մեր գոյությունը, մինչեւ… այլեւս տալու բան չունենանք։
 
Աքսիոմա է՝ մասը զիջողից ոչ թե ուզում են մեկ այլ մաս եւս, այլ պոկում են ամբողջը։ Հիմա մեր որոշելիքն է, մաս առ մաս զիջո՞ւմ ենք, թե՞ պայքարում ամբողջի համար։ Խաղաղություն, միեւնույն է, չի լինելու, իսկ, այ, սուգ լինելու է միշտ։ Այո, սա կարող է ճշմարտության վերջին ճիչը չլինել, բայց դրա համար պետք է լինի պայքար։ Անզիջո՛ւմ պայքար։
 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր