Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում       Ժիրայր Սէֆիլյանն ազատ արձակվեց. ոստիկանները նրան և ԱԺԲ մյուս առաջնորդներին բերման էին ենթարկել    

09 մայիս 2023 11:10

Վաշինգտոնյան պայմանավորվածությունները գաղտնի են պահում, և հավանական է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները փորձելու են կյանքի կոչել․«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.  Երեկ առավոտյան միջազգային ԶԼՄ-ները հաղորդեցին, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն առաջիկա հանգստյան օրերին Բրյուսելում կվերսկսեն խաղաղ բանակցությունները` արևմտյան դաշնակիցները կուժեղացնեն միջնորդական ջանքերը հակամարտող հարևանների միջև տեղի ունեցած վերջին միջադեպերից հետո։


Մասնավորապես, բրիտանական Financial Times-ը՝ վկայակոչելով հանդիպման նախապատրաստումից տեղյակ երեք պաշտոնյաների, գրել է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կիրակի օրը հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։


Սա կլինի երկու առաջնորդների առաջին դեմառդեմ հանդիպումը փետրվարին Մյունխենում կայացած բանակցություններից և անցած շաբաթ Վաշինգտոնում երկու երկրների արտգործնախարարների քննարկումներից հետո:


Բրյուսելյան հանդիպման անոնսն անակնկալ էր այն առումով, որ վաշինգտոնյան հանդիպումից հետո պաշտոնական շրջանակներից եղան հայտարարություններ, որ շաբաթվա վերջին Մոսկվայում սպասվում է Փաշինյան-Ալիեւ հանդիպումը։ Ընդ որում՝ մոսկովյան սպասվող հանդիպման մասին հայտարարեցին թե Փաշինյանը, թե Ալիեւը։ 
Հիշեցնենք, որ մայիսի 1-4-ը Վաշինգտոնում ընթացավ Արարատ Միրզոյան-Ջեյհուն Բայրամով քառօրյա բանակցությունները, որոնց ընթացքում քննարկվել է խաղաղության պայմանագրի նախագծի  ճանապարհային քարտեզը: Թեև ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը հայտարարեց, որ կողմերն արձանագրել են նշանակալի առաջընթաց, այդուհանդերձ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում բարձրաձայնեց, որ չկա համաձայնություն մի շարք հարցերի շուրջ՝ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմի, անգամ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մեխանիզմի, ինչպես նաեւ խաղաղության պայմանագրի միջազգային երաշխիքների շուրջ: 


Այս ֆոնին հեղինակավոր բրիտանական պարբերականով տարածվում է բրյուսելյան հանդիպման մասին տեղեկությունը։ Դժվար է պատկերացնել, թե այդ հանդիպման պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մոսկվա այցի մասին հայտարարություններից հետո, հատկապես, որ անցած տարվա դեկտեմբերից հետո պաշտոնական Երեւանն ու Ադրբեջանը տարաձայնություններ ունեն բրյուսելյան ֆորմատի հարցում։
Նախորդ տարի դեկտեմբերի 7-ին չկայացավ նշանակված հանդիպումը, որովհետև Բաքուն պնդում էր հանդիպման եռակողմ, իսկ Երևանը՝ քառակողմ ձևաչափի հարցում, մասնավորապես, Փաշինյանն ու իշխանականները հայտարարեցին, որ անցած հոկտեմբերին Պրահայում կայացած քառակողմ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ դեկտեմբերին Բրյուսելում քառակողմ ֆորմատը պետք է պահպանվի, մինչդեռ Ադրբեջանը դեմ էր Ֆրանսիայի մասնակցությանը։


Ինչեւէ, բրյուսելյան սպասվող հանդիպման անոնսից բառացիորեն ժամեր անց ՀՀ կառավարությունը երեկ հաղորդագրություն տարածեց, որ այսօր՝ նոյեմբերի 9-ին Փաշինյանը Պուտինի հրավերով կմեկնի Մոսկվա, սակայն այլ՝ Փաշինյան-Ալիեւ հանդիպման մասին խոսք չկա։


«Ակնհայտ է, որ կողմերը թաքցնում են վաշինգտոնյան հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները: Եթե չլինեին պայմանավորվածություները, հաստատ Բրյուսելում հանդիպում չէր նախատեսվի, որտեղ ըստ ամենայնի ձեռք բերված պայմանավորվածությունները փորձելու են կյանքի կոչել», կարծում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։ Քաղաքագետն ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ վաշինգտոնյան բանակցային մարաթոնի առաջին օրերին խոսվում էր «առաջընթացի» մասին, իսկ վերջում հաղորդեցին, որ կողմերը համաձայնության չեն եկել մի շարք հարցերի շուրջ։ Եթե հաստատվի բրյուսելյան հանդիպումն, անկասկած է դառնալու պայմանավորվածությունների փաստը, որոնք դեռեւս գաղտնի են պահում հանրությունից, իսկ դա իր հերթին կնշանակի, որ նոր զարգացումներ են սպասվում․«Երկրորդ «ապացույցը» կարող է լինել Ադրբեջանի գործողություններն առաջնագծում․ վերջին ժամանակներում որքան էլ կողմերը թաքցնում են պայմանավորվածությունները, միեւնույն է, ինչ-որ ժամանակ հետո դրանք տեսանելի են դառնում ադրբեջանական կողմի գործողություններից: Ադրբեջանը կյանքի է կոչում պայմանավորվածությունը, մի քանի օր դժգոհություն է բարձրանում ու վերջ, թեման փակվում-գնում է: Դիցուք Տեղ գյուղի հատվածում Ադրբեջանի առաջխաղացումը, կամ Լաչինի սկզբնամասում, այսպես կոչված, անցակետի տեղադրումը, կասկած չկա, որ սրանք արվել են ՀՀ իշխանությունների իմացությամբ, պայմանավորվածությամբ։ Տեսանք, որ ընդամենը մի քանի օր դժգոհություն բարձրացավ, թեման փակվեց: Ղեկավարները միմյանց նկատմամբ խնդիր չունեն, խնդիրը հանրությունն է, որը շուտ համակերպվում է։ Սա է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացքող ողջ գործընթացը եւ սա կարելի է ասել դառնում է մարտավարություն, երբ հանրությունը պայմանավորվածությունների մասին տեղեկանալու է պոստ ֆակտում»։




Ինչ վերաբերում է մոսկովյան այցին, ապա քաղաքագետի խոսքով պետք է հասկանալ, թե ինչ օրակարգով է Փաշինյանը Մոսկվա մեկնում․«Եթե միայն մասնակցելու է  Մեծ Հայրենականի միջոցառումներին, ապա դա մի հարց է, եթե, այնուամենայնիվ, բանակցային գործընթաց է սպասվում՝ այլ։ Չնայած բոլոր այն խոսակցություններին, թե ՌԴ-ի առաջարկած տարբերակը նույնն է, ինչ Արեւմուտքինը, ես կարծում եմ, որ միանշանակ տարբերություն կա․ ռուսական կողմը հստակ է հայտարարում նոյմբերի 9-ի փաստաթղթի դրույթները կյանքի կոչելու անհրաժեշտության մասին, Արեւմուտքում նույն սկզբունքները չկան»։


Քաղաքագետի խոսքով՝ Արեւմուտքը փորձում է նոյեմբերի 9-ի օրակարգն այլ օրակարգով փոխել, մինչդեռ ՌԴ-ն Ուկրաինայի հետ հակամարտության եւ իր դիրքերի  պատճառով միգուցե չի կարողանում Ադրբեջանին որոշ բաներ պարտադրել, բայց կողմ է ստատուս-քվոյի պահպանմանը․«Նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր հակահայկական կետերը կատարվել են, Ադրբեջանը չի կատարել իր պարտավորությունները, որոնք կարելի է ասել մինուս են իր վրա, հիմա Արեւմուտքն ուզում է Ադրբեջանին այդ մինուսներից էլ ազատել, որպեսզի վաղը այլ հանգամանքներում որեւէ մեկը չասի՝ բան եք պայմանավորվել, չեք անում»։


Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 09․ 05․ 23 թ համարում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր