Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ․ «Իրավունք»          Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»       Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար    

25 մայիս 2023 16:55

Զենքը տոննայով չեն չափում,ձեր բերած զենքը հենց տոննայով էլ պետք էր չափել.Մեղրին էլ բոնուսո՞վ եք տալիս, թե՞ «ատկատ» եք տալիս

Դժվար է չանդրադառնալ մեր ընդդիմադիր գործընկերների ելույթներին, հատկապես, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը կամ դրանից հետո տեղի ունեցած ընտրությունները որակում են որպես իշխանազավթում և նշում, որ դա տեղի է ունեցել ինչ-որ արտաքին ուժերի աջակցությամբ։ Այս մասին այսօր՝ մայիսի 25-ին, ԱԺ ամբիոնից ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ հավելելով, թե չգիտի՝ ընտրողներից ում են ընտրություններից առաջ անձամբ զանգահարել ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը կամ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը։


«Խոսում են մի ուրիշ հետաքրքիր երևույթի մասին, որ Հայաստան զենք էր մտնում և այդ զենքը կրակում էր։ Անգամ իրենց կուսակցության փոխնախագահը, պարոն «փոխգնդապետ» Աշոտյանը պարբերաբար նշում է, որ ժամանակին Հայաստան 50,000 տոննա զենք է մտել», - ասաց պատգամավորը՝ հավելելով, որ այս օրերին ռուս-ուկրաինական պատերազմին հետևող քաղաքացիները կտեսնեն, որ զինամթերքի մատակարարումը միավորով է չափվում և երբևէ որևէ մեկը տոննայով զենքի մասին չի կարող լսած լինել։




«Զենքը տոննայով չեն չափում, տոննայով չափում են ջարդոնը, բայց ամբողջ խնդիրն այն է, որ ձեր բերած զենքը հենց տոննայով էլ պետք էր չափել։ Ես պատիվ ունեցել եմ ծառայելու ՀՀ զինված ուժերում։ Երբ պարոն Սարգսյանը նշեց, որ Հայաստանը կռվում էր 80-ական թվականների զենքերով, նա ստեց, քանի որ ես իմ ծառայության ընթացքում, հրետանավոր եմ եղել, մեկ հատ զենք կամ տրանսպորտային միջոց չեմ տեսել մեր բավականին մեծ զորամասում, որն արտադրված է եղել 1980 թվականից հետո», - ասաց Ալեքսանյանը։


Անդրադառնալով Արցախի ինքնորոշման իրավունքից հրաժարվելու մասին խոսակցություններին և դրանց հետևող Հայաստանի ու Արցախի միավորման մասին Գերագույն խորհուրդների որոշմանը եւ անմիջապես դրանից հետո անկախության հանրաքվեի անցկացմանը՝ Վահագն Ալեքսանյանը նշեց. «Կար Գերագույն խորհուրդների որոշում միավորման մասին: Այդ որոշումից հետո Արցախն անում է Անկախության հանրաքվե, ինչը տրամաբանորեն հակասում է նախորդ որոշմանը, որովհետև նախորդիվ արդեն վերամիավորվել էին»,- հիշեցրեց Ալեքսանյանը՝ հավելելով, որ մինչ օրս որևէ մեկը հստակ չի պատասխանել, թե վերամիավորումից հետո ումից էր անկախանում Արցախը։


«Ամեն դեպքում, անկախացավ, շատ լավ։ 1997 թվականին պատերազմում հենց նոր հաղթած Հայաստանին առաջարկում են փաթեթային լուծման տարբերակ, որով Արցախը պետք է լիներ Ադրբեջանի կազմում։ Տեր-Պետրոսյանը հրաժարվում է այդ տարբերակից։ 1998 թվականին առաջարկվում է փուլային լուծում՝ տարածքների վերադարձ, Արցախի ինքնորոշման ու կարգավիճակի հարցը՝ ապագային։ Սա որպես պատրվակ օգտագործելով տեղ է ունենում հեղաշրջում, հեղաշրջման եկած զույգը՝ Քոչարյանն ու Սարգսյանն ասում են՝ սա մեզ համար անընդունելի է, տարածքները պետք է տանք միայն անկախության ճանաչման դիմաց։


Բայց 1999 թվականին Ռոբերտ Քոչարյանն սկսում է բանակցել ընդհանուր պետության մոդելի շուրջ, ինչը նշանակում է, որ Արցախն ու Ադրբեջանը դառնում են ընդհանուր պետություն։ Հետո 2001 թվականին Քի Վեսթում խոսում են, ասում՝ եկեք դուք Ղարաբաղը մեզ տվեք, մենք էլ ձեզ Մեղրին տանք։ Ինչո՞ւ է կարևոր այդ 29,800-ը, որովհետև Մեղրին 29,800-ի մեջ է մտնում։ Բա եթե հանրաքվեն ու ինքնորոշման իրավունքը հարգում եք, բա էլ ի՞նչ Մեղրի եք տալիս: Մեղրին էլ բոնուսո՞վ եք տալիս, թե՞ «ատկատ» եք տալիս, չեմ հասկանում», - ասաց նա։


Անդրադառնալով 2007 թվականի Մադրիդյան սկզբունքներին, որոնցով սահմանվում է, որ պետք է լինի և տարածքային ամբողջականության սկզբունքը, և ինքնորոշման իրավունքը, Ալեքսանյանն ընդգծեց, որ ինքնորոշման իրավունքի հետ կապված կա մի «բայց»՝ Արցախում անցկացվելիք հանրաքվեն ցանկացած պարագայում պետք է համաձայնեցված լինի Ադրբեջանի հետ։


«Այսինքն մինչև Ադրբեջանը չասի՝ այսինչ օրն անցկացրեք հանրաքվեն, այդ հանրաքվեն չի կարող անցակցվել։ Բայց սա տարիներ շարունակ ներկայացվել է շատ լավ դրական լուծում», - ասաց պատգամավորը և հավելեց, որ 2011 թվականին այս ամենն ավելի է հստակեցվել և առաջ է բերվել Կազանի փաստաթուղթը, որը լուծման լավագույն տարբերակն էր։


Ինչպես ընդգծեց Ալեքսանյանը, Կազանի խնդիրն այն էր, որ Ալիևը դրան էլ համաձայն չէր։ Ընդ որում, այս դեպքում էլ հանրաքվեն կարող էր անցկացվել միայն Ադրբեջանի հետ համաձայնեցնելու դեպքում, սակայն անգամ այս պարագայում Ադրբեջանը լուծման այս տարբերակին չի համաձայնել։


«Դրանից հետո ևս 1-2 տարբերակ է եղել և 2016-ին լավրովյան բոլորիս հայտնի պլանն է եղել, որից Հայաստանը սկզբում կհրաժարվի, հետո տեղի կունենա ապրիլյան պատերազմը, հետո կընդունվի որպես բանակցային պրոցեսի հիմք», - ասաց պատգամավորը, ապա հավելեց, որ այս ամեն ինչում ամենակարևորն այն է, որ ամբողջ բանակցային գործընթացում որևէ խոսք չի եղել 1991 թվականի անկախության հանրաքվեի մասին։


«Հիմա հարց. եթե խոսում ենք ինքնորոշման իրավունքի մասին, արդյո՞ք այդ ինքնորոշման իրավունքը չի արտահայտվել 1991 թվականի հանրաքվեով, եթե չի արտահայտվել, այդ դեպքում ի՞նչ է եղել այդ հանրաքվեն, իսկ եթե իրացվել է, ապա ինչո՞ւ եք թքել այդ ինքնորոշման իրավունքի վրա», - նշեց նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր