Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը          Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին       Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ    

03 հուն 2023 14:10

Զորքերի հայելային հետքաշման դեպքում Հայաստանի 70 գյուղ միանգամից մնալու է անպաշտպան․ դա բխում է բացառապես Ադրբեջանի շահերից

Զորքերի հայելային հետքաշման թեզը բացարձակապես չի բխում Հայաստանի շահերից։ Այն խիստ վտանգավոր հետևանքներ է ունենալու մեզ համար։ Եթե նման բան տեղի ունենա, ապա միանգամից 70 գյուղ մնալու է առանց պաշտպանության։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման ահազանգ հնչեցրեց ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը։


«Մեր գյուղերը բավականին մոտ են գտնվում սահմանին։ Զորքերի հայելային հետքաշումը մեր դեպքում չի աշխատելու, դա բխում է բացառապես Ադրբեջանի շահերից։ Անթույլատրելի է հեռանալ ու անպաշտպան թողնել այդ գյուղերը։


Եթե միջնորդ կոչվածներն առհասարակ ուզում են, որ Հայաստան պետությունը մնա, ապա պետք է հասկանան, որ զորքերի հետքաշման պայմանը համաչափ չի կարող կիրառվել Հայաստանի դեպքում, քանի որ 70 գյուղ կմնա անպաշտպան։ Հայաստանը Թուրքիա-Ադրբեջան կոնֆեդերացիայի մեջտեղում է գտնվում»,-ասում է Այվազյանը և մեկնաբանելով Փաշինյանի կողմից պարբերաբար հնչող պնդումները, թե այս ամենի նպատակը խաղաղության հասնելն է՝ շեշտում է՝ խաղաղության համար չնչին նախադրյալ անգամ չկա։


«Փաշինյանը ելակետ է ընդունում Հայաստանի համար ամենավտանգավոր, աննպաստ դրույթները։ Ի՞նչ խաղաղության մասին կարող է խոսք լինել, երբ Ադրբեջանը բացահայտ խոսում է Արցախը հայաթափելու ծրագրի մասին ու հետևողականորեն գնում է այդ ճանապարհով, զավթել է ՀՀ ինքնիշխան տարածքի մի մասը և պարբերաբար հավակնություններ է ներկայացնում մնացյալ մասի նկատմամբ։ Նա (նկատի ունի Փաշինյանին,-խմբ․) հիմնվում է ամենաանգրագետ թեզերի վրա ու անպատրաստ, խիստ վտանգավոր մտքեր արտահայտում։ Այդ մտքերն, ամենայն հավանականությամբ, հրամցվում են Ադրբեջանի, Թուրքիայի և նրանց հովանավորող միջնորդ կոչվողների կողմից։


Կապիտուլյացիան շարունակվում է»,-ահազանգում է Այվազյանն ու մտահոգություն հայտնում, որ այն կանգնեցնելու ուղղությամբ որևէ քայլ


ՀՀ ներկա ղեկավարությունը չի անում։


Ըստ մեր զրուցակցի՝ Հայաստանի կապիտուլացման տրամաբանության մեջ է նաև սահմանագծում-սահմանազատումը 1975թ․ քարտեզով անելու պայմանը։


«Ինչու է ընտրվել 1975թ․ քարտեզը, որը Հայաստանի համար ամենաանհաջող տարբերակն է։ Իսկ ինչո՞ւ 1921-28թթ․ քարտեզը չի ընտրվել, որն, ի դեպ, տրամաբանական կլիներ, քանի որ այդ թվականների սահմաններով է Հայաստանը մտել Խորհրդային միության մեջ։ 1930-ականներից արդեն խորհրդային ղեկավարությունը Հայաստանից մաս-մաս տարածքներ է պոկել ու նվիրել Ադրբեջանին։ Դեռ չեմ ասում այն, որ Ադրբեջանն իրեն հռչակել է 1918-20թթ․ Ադրբեջանի իրավահաջորդ, այլ ոչ թե Խորհրդային Ադրբեջանի»,-նշում է Այվազյանն ու կրկնում՝ վարչապետը երկրի համար աննպաստ, սխալ դիրքերից հանդես գալու փոխարեն՝ պետք է փորձի կանգնեցնել թշնամու՝ Հայաստանը ոչնչացնելու ծրագիրը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր