Ապաշրջափակումից հետո սահմանային վերահսկողությունն իրականացնելու է Հայաստանը և ոչ թե Ռուսաստանը
Ապաշրջափակման հարցում 3 սկզբունք կա, որոնց մենք հետևում ենք՝ սուվերենություն, յուրիսդիկցիա, փոխադարձություն, դա հնարավոր է տեղի ունենա այս սկզբունքների շրջանակում։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման թեմային։
Նա ընդգծել է, որ սահմանային ամբողջ վերահսկողությունը լինելու է հայկական կողմինը։ «Ապաշրջափակման դեպքում սահմանային ամբողջ ծառայությունը միայն իրականացվելու է ՀՀ անվտանգության ծառայությունների կողմից»,- ասել է ԱԽ քարտուղարը։
«Այս հարցում Հայաստանի դիրքորոշումը շատ հստակ է։ Կարծում եմ՝ ի գիտություն են ընդունել։ Եվ հույս ունենք, որ այս սկզբունքով առաջ կշարժվեն նաև մեր մյուս բոլոր գործընկերները»,- հավելել է նա։
2020 թվականի եռակողմ հայտարարության 9-րդ կետում սակայն նշված է․ «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները:
Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ ապահովվելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցություննների շինարարությունը»:
Արմեն Գրիգորյանը չի բացառում, որ մինչև տարեվերջ կարող է կնքվել խաղաղության պայմանագիրը:
«Բանակցությունները շատ ինտենսիվ են ընթանում։ Եթե կարողանանք պահպանել այս ընթացքը, ինչպես նաև լինի միջազգային հանրության աջակցությունը, ապա հնարավորություն կա տարեվերջին ունենալ խաղաղության պայմանագիր»,- Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց նա:
Գրիգորյանի խոսքով՝ հայկական կողմը տրամադրված է հնարավորինս արագ կնքել խաղաղության պայմանագիրը:
«Դա կարող է լինել տարվա ընթացքում կամ կարող է մինչև տարեվերջ ձգվել, բայց մեր տրամադրվածությունն այնպիսին է, որ գտնենք լուծումներ և այդ լուծումների շրջանակներում առաջ տանենք խաղաղության օրակարգը և խաղաղության համաձայնագիր ունենանք», - նշեց նա: