Ինչո՞ւ Արմեն Գրիգորյանը չպատասխանեց հարցին՝ Թուրքիան արդյո՞ք Հայաստանի համար թշնամի է, թե ոչ

Ըստ կառավարության նոր ծրագրի՝ Արցախյան 44-օրյա պատերազմում Թուրքիայի բացահայտ ներգրավվածությունը բացասական ազդեցություն է ունեցել, Հայաստանը մշտապես պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը, որը բխում է տարածաշրջանային կայունության և զարգացման շահերից, այսօր էլ Հայաստանը պատրաստակամ է ջանքեր գործադրել Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ՝ աստիճանաբար բնականոն հարաբերություններ հաստատելու նպատակով:
Այդ դեպքում որտե՞ղ է գրված, որ Թուրքիան մեր թշնամին է, չէ՞ որ կար նման արձանագրում ՀՀ անվտանգության ռազմավարությունում: Հնչեցված հարցին Արմեն Գրիգորյանը պատասխանեց այսպես.
«Ընդհանրապես, 1990-ականներին, 2000-ականներին և 2010-ականներին Հայաստանի դիրքորոշումը նույնն է եղել. Հայաստանի բոլոր իշխանությունները թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու կողմնակից են եղել: Ադրբեջանի հետ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման շուրջ բանակցություններ են ընթացնում եռակողմ մակարդակում, և կա տրամաբանություն, որ այդ ապաշրջափակումն ավելի լայն կոնտեքստ պետք է ունենա: Այդ պատճառով էլ կառավարության ծրագրում մենք այսպիսի մոտեցումներ ենք որդեգրել»,- նշեց Գրիգորյանը:
Հարցին, թե Թուրքիան Հայաստանի համար այլևս թշնամի չէ՞, ԱԽ քարտուղարը հստակ չպատասխանեց՝ արձագանքելով.
«Այսինքն, սրանք են մեր մոտեցումները, որոնք նշված են մեր ծրագրում: Կառավարության ծրագրով նախատեսված է, որ շուտով Անվտանգության ռազմավարությունն ու ռազմական դոկտրինը փոխվելու են, և այս հարցերի պատասխանները կտրվեն»,- նկատեց Արմեն Գրիգորյանը: