Դուք եք մեղավոր, հիմա էլ ընկել եք Տավուշի հետևից, տեղակայման վա՞յր եք ման գալիս.Վստահ եմ, Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ ոչ մի սրբազան ձեզ չի փրկելու          ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում       «Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին    

01 օգոս 2023 10:04

Հայաստանի իշխանությունն ուզենա էլ, չի կարող տնօրինել Արցախի մեր հայրենակիցների ճակատագիրը․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ «Արցախի 68-ամյա բնակիչ Վագիֆ Խաչատրյանին առեւանգելով՝ Բաքուն նրան ծանր մեղադրանքներ է առաջադրել: Ադրբեջանի դատախազությունը Խաչատրյանին պատերազմական հանցագործություններ է վերագրել, իբր 1991թ.-ին նա կազմակերպել եւ իրականացրել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի ադրբեջանցիների սպանդ՝ կյանքից զրկելով 25 հոգու, 358 ադրբեջանցու արտաքսելով բնակության վայրերից:

Բաքուն պնդել է, թե նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարված, եւ այսօր, հայտնաբերելով Լաչինում, կալանավորել են: Արցախի քաղաքացուն առեւանգելուն զուգահեռ` Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նամակ է հղել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, որում նշված է, թե հումանիտար իրավիճակի մասին Հայաստանի հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում: Նամակը Թվիթերում հրապարակել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ նշելով, թե իբր «Կարմիր խաչի միջազգային կոմիտեի օգնությամբ Ադրբեջանը Լաչինի միջանցքով ապահովում է» Ղարաբաղի բնակիչների ազատ տեղաշարժը: Այս իրավիճակում Հայաստանը շարունակո՞ւմ է գնալ «խաղաղության դարաշրջան» բացելու ճանապարհո՞վ, հարցի պատասխանը փորձել ենք ստանալ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանից, ով պնդեց.

—Անկասկած, մենք ուրիշ ճանապարհ չունենք: Մենք այս երկու-երեք տարվա ընթացքում մեր քայլերով աշխարհի համար ընկալելի դարձրինք, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը տարածքային հարց չէ: Դա այն չէ, որ Հայաստանը ոտնձգություն ունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ, դա ազգերի ինքնորոշման հարց է, որը գործում է տարածքների անձեռնմխելիության սկզբունքի հետ զուգահեռ: Մենք դա ենք արել, ու, կարծում եմ՝ գրեթե հաջողել ենք: Անգամ էս իրավիճակում իհարկե առավել քան երբեւէ պետք է գնալ այդ ճանապարհով:

—Այսինքն, կարծում եք, որ արցախահայության ինքնորոշման իրավունքի մասով ձեր իշխանությունը հաջողե՞լ է:

—Հաջողել է այն իմաստով, որ տարածքային խնդիրը արդեն դարձել է ազգի ինքնորոշման խնդիր: Այս խնդիրը կա, ու դրա լուծումը միայն արցախահայության ու Հայաստանի հարցը չէ, որովհետեւ մեր ռազմաքաղաքական հնարավորությունները բավարար չեն հարցն այլ ձեւով լուծելու համար: Հարցը պետք է լուծվի միջազգային իրավունքի տեսակետից, աշխարհի քաղաքակիրթ պետությունների ուշադրության ներքո:

—Այսինքն՝ Արցախի իշխանությունը տվե՞լ է իր համաձայնությունը, որ Հայաստանի իշխանությունը, ինչպես նշում են Արցախում, չխոսի ինքնորոշման իրավունքի մասին:

—Ո՛չ, Հայաստանի իշխանությունները այս մի քանի տարվա ընթացքում հասել են այն կետին, որ պետք է տեղի ունենա Արցախ-Ադրբեջան երկխոսություն, այդ ճանապարհով պետք է լուծվի հարցը, հետեւաբար, նորից եմ ասում, Հայաստանի իշխանությունն ուզենա էլ, չի կարող տնօրինել Արցախի մեր հայրենակիցների ճակատագիրը: Մենք պատրաստ ենք սատար կանգնելու ցանկացած որոշման, որը կընդունվի Արցախի իշխանության կողմից, որին համաձայն կլինի նաեւ արցախահայությունը:

—Այն, ինչ հիմա բանակցվում է, Արցախի իշխանությունը դրան համաձա՞յն է:

—Մենք հիմա բանակցում ենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցերի շուրջ ու դրանք պետք է տարանջատենք Արցախ-Ադրբեջան խնդիրներից: Չեմ ասի՝ դրանք իրար հետ ոչ մի կապ չունեն, բայց մեկը մյուսով չպետք է պայմանավորվի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր