Տեսանյութ.Ինչպես հասկանալ, արդյոք երեխայի մոտ կա ուշադրության պակաս և հիպերակտիվության համախտանիշ          Մայիսի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում. եղանակն՝ առաջիկա օրերին    

03 նոյ 2023 11:09

Սիրուշոյի գործերն, իրո՞ք, ՀՀ-ում «թարս» են գնում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարսիկ երգչուհի, զարդագործուհի, սպորտսմենուհի, կոմերիտուհի… Սիրուշոն որոշել է հետ չմնալ ընդդիմության շրջանում այսօր թրենդային համարվող հալածյալի կարգավիճակից և այն շնորհել ինքզինքը։ Բայց քանի որ քաղաքականությամբ չի զբաղվում (չհաշված սկեսրայր հայրիկի մասնակցությամբ քաղաքական ակցիաների ժամանակ երգելը), ուստի չի կարող հավակնել քաղհալածյալի և կամ քաղբանտարկյալի կարգավիճակին, այն արդեն իսկ ստանձնել էր ավագ Քոչարյանը, այժմ էլ ամուսինն է ստանձնել՝ կալանքի տակ գտնվող, ընդդիմության ցույցի ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Լևոն Քոչարյանը։ Ուստի Սիրուշոն որոշել է մի քիչ ստեղծագործական մոտեցում ցուցաբերել և իր համար հալածյալի նոր կարգավիճակ սահմանել՝ սոցհալածյալ։ Այդ կարգավիճակը, ի դեպ, հրաշալի միջոց է ոչ միայն սեփական անձի վրա ուշադրություն հրավիրելու, այլև հոյակապ մարկետինգային հնարք է՝ բիզնես գործունեությունը գովազդելու համար։ Թե ինչ է ենթադրում այդ կարգավիճակը, երգչուհին բանաձևել է իր ֆեյսբուքյան էջում. «Այնպես է ստացվել, որ արդեն քանի տարի է՝ ինձ համար ստեղծում են հնարավոր բոլոր խանգարող հանգամանքները՝ սեփական երկրում աշխատելու ու ստեղծելու։ Բայց շնորհակալ եմ այն երկրպագուների մեծ բանակին, ովքեր ոչ մի վայրկյան չեն դադարում ցույց տալ իրենց սերը. քանի դեռ կարող եմ՝ աշխատելու եմ ու ստեղծելու, ու այս շրջանում հատկապես էլ ավելին եմ անելու: Ընդլայնվելու ու ավելին եմ ստեղծելու ընտանիքիս համար, իմ հանդիսատեսի համար, գործընկերներիս համար, կողքիս կանգնող յուրաքանչյուր անձի համար»։


Երգչուհին, որն, ի դեպ, ի թիվս Քոչարյան ընտանիքի այլ անդամների՝ անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով, այդպես էլ չի նշել, թե այդ ովքե՞ր են իր համար «հնարավոր բոլոր խանգարող հանգամանքներն» ստեղծողները, ի՞նչ տեսք ունեն այդ հանգամանքները, ինչպե՞ս են դրսևորվում։ Ի՞նչ է՝ Սիրուշոն Երևանի սրտում տարածք վարձակալելու ու բիզնեսը ծավալելու խնդի՞ր ունի, այն դեպքում, երբ Քոչարյան ընտանիքին են պատկանում մայրաքաղաքի ամենաթանկ հատվածներում գտնվող գերթանկարժեք խանութները, թե՞ «խանգարողները» շոու-բիզնեսի ոլորտից են, որոնք նախանձում են նրա տաղանդին ու ձեռնահասությանը ու, ինչպես ասում են՝ «վայիս են լինում նրա հարցին»։ Եվ բացի դրանից, ինչպես է ստացվում, որ ամուսինն ու տեգրը չեն բողոքում իրենց բիզնեսների ծաղկումից ու ընդլայնումից, մասնակցում են պետական գնումներին ու միլիոնավոր դրամների պայմանագրեր կնքում, այսինքն՝ նրանց ընդլայնմանը որևէ «խանգարող հանգամանք» չի սպառնում, իսկ այ Սիրուշոն, փաստորեն, հայտնվում է չարանենգների թիրախում։ Իրոք որ, սոցհալածյալի բախտ։


Հարկ է նկատել, որ նմանատիպ մի՝ ինստագրամյան գանգատ էլ երգչուհին ներկայացրել էր ամիսներ առաջ, երբ վերջինս հրավիրվել էր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն։ «5 տարի անընդմեջ փորձում են ինձ համար խնդիրներ հորինել, իմ մասին բացասական կարծիք ստեղծել, գործերիս խոչընդոտել ու այս օրերին էլ՝ նույնպես: Արդեն իմունիտետ ունեմ ու անտարբեր եմ…»,- գրել էր նա։ Հընթացս հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դիմումի հիման վրա՝ Հակակոռուպցիոն դատարանի 2023 թվականի հուլիսի 13-ի որոշմամբ, հայցի նախնական ապահովման միջոցներ են կիրառվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված յոթ անձի (ընտանիքի անդամներ՝ կին, զավակներ, նրանց ամուսիններ) գույքի նկատմամբ։


Իսկ մինչ այդ, արի ու տես, որ սոցհալածյալ Սիրուշոն, որի գործերին, փաստորեն, ՀՀ-ում խանգարում են, այս ընթացքում հասցրել է իր «Պռեգոմեշ» բրենդի արտադրանքը արտահանել ԱՄՆ և, ինչպես ինքն է հայտնել, «այս մեկ ամսվա ընթացքում ԱՄՆ-ում ձեռք բերեց ևս 3 գործընկեր ու արդեն ներկայացված է ամերիկյան 7 խանութներում՝ Նյու Յորքում, Լոս Անջելեսում և Վիսկոնսինում»։ Փաստորեն, երբ հայրենիքումդ խոչընդոտների ես հանդիպում, դրանից պետք չէ վհատվել, ընդհակառակը, դա երաշխիք է ԱՄՆ-ի պես բարդ հարկային համակարգ ունեցող երկրում բիզնեսդ ընդլայնել-ծաղկեցնելու համար։ Ի դեպ, խանգարող հանգամանքների դեմ հերոսաբար կռիվ տվող երգչուհին ավետել է՝ «վերջապես այս դեկտեմբերին կներկայացնենք այդքան սպասված տղամարդկանց հավաքածուն, որի վրա աշխատել եմ վերջին ամիսներին՝ օր ու գիշեր»։


 
Ի դեպ, «օր ու գիշեր» աշխատելու մասին նրա վկայությունը մեզ հիշեցրեց հայ հայտնի արծաթագործ Արծրուն Բերբերյանի դստեր՝ նկարիչ-դիզայներ Անահիտ Բերբերյանի մեղադրանքն առ այն, որ Սիրուշոյի հիմնադրած՝ զարդերի արտադրությամբ զբաղվող վերոհիշյալ ընկերությունը հեղինակային իրավունքներ է խախտել։ «ՀՀ-ում հեղինակային իրավունքի պաշտպանության բարձիթողի ոլորտի այս նախադեպը հետաքրքրում է արվեստագետներին (և ոչ միայն), որի համար տարիներ է (2013-ից) անիմաստ պայքարի մեջ էի «Պռեգոմեշ» զարդերի ապրանքանիշի դեմ, ի դեմս երկրորդ նախագահի ընտանիքի, որի հյուսած ՑԱՆՑԸ հայ ժողովուրդն ընկած էր դեռ 1998 թ.-ից, և որտեղ (Սիրուշոյի «ազգանվեր» ծրագրի մատուցմամբ) թյուրիմացաբար հայտնվեցինք նաև ես ու իմ թիմը: Նրա շոուն արագ բացահայտեց իրեն, բայց աստղային դիմակը դեռ պատռված չի իրավական հարթության մեջ: «Business first» ամերիկյան (նաև իրենց ընտանեկան) կարգախոսով ոտնատակ տրվեցին բոլոր պայմանավորվածությունները, էլ չասած նվաճողական քաղաքականության մասին (բացի զոռբա հաշվապահի կողմից ոճը, տեխնոլոգիան և թիմը յուրացնելուց, հետագայում կասկածելի հանգամանքներում թալանվեց մեր աշխատասեղանը՝ գողացվել էին միայն արտադրության համար անհրաժեշտ նմուշներ նաև Արծրուն Բերբերյանի արծաթի ու մելխիոր զարդերի հավաքածուն)»,- ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել էր Անահիտ Բերբերյանը։ «Պռեգոմեշն» էլ, ինչպես մամուլն է գրում, հերքել էր մեղադրանքը։


Տիկին Բերբերյանն այս տարվա հունվարին էլ Ֆեյսբուքում արծաթյա զարդեր կրող կնոջ լուսանկար էր հրապարակել և կից գրել. «Մատանիների շարքը ստեղծվել է Բերբերյան արվեստանոցում, մի մասը վաղամեռիկ դիզայներ Արգիշտի Բերբերյանի աշխատանքների հիման վրա։ Ունեցել են գլխապտույտ հաջողություն, սակայն գովազդվել են որպես Պռեգոմեշ by Սիրուշո, որը 10 տարի ապօրինի շահույթ է ստացել՝ խախտելով Արծրուն Բերբերյանի ընտանիքի հեղինակային իրավունքը (անպատժելիության վստահությամբ)»:


Ի դեպ, երբ այցելեցինք հիշյալ բրենդի պաշտոնական կայք, գլխապտույտ ունեցանք՝ ոչ այնքան զարդերի տեսականուց, որքան՝ դրանց գներից. օրինակ՝ մանյակներից մեկն արժեր 312 հազար դրամ, ճարմանդով գոտիներից մեկը՝ 195 հազար դրամ… Վատ չի, չէ՞։


Հ.Գ. Սիրուշոյի գործերը, իրոք, ՀՀ-ում «թարս» են գնում, այնքան, որ նա որոշել է է՛լ ավելի սերտացնել իր կապը դրսի հետ՝ արծաթյա զարդերը ԱՄՆ արտահանելուց բացի՝ նաև համագործակցել դրսի երաժիշտների հետ, որոնցից մեկն էլ, ինչպես ինքն է հայտնում, «լատինական աշխարհի լավագույն երաժիշտ» Վիկտոր Էսպինոլան է։ Չմոռանանք նշել նաև գործերի «թարսության» մասին վկայող ևս մեկ ապացույց՝ դեկտեմբերին նույն ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսում, Սիրուշոն մասնակցելու է «Հունաստանի ամենահայտնի երգչի՝ Կոնստանտինոս Արգիրոսի մենահամերգին»։ ՀՀ-ում «խանգարող հանգամանքներ» ստեղծողները, փաստորեն, չեն «ֆայմում» սահմանափակել սոցհալածյալ երգչուհու՝ ՀՀ տարածքը լքելու իրավունքը։


Մի հարց էլ ԱՄՆ մեկնելու համատեքստում, և եզրափակվենք։ Շատերին է հուզում, թե ինչու երեք երեխայի մայր երգչուհին որոշեց ծննդաբերել ԱՄՆ-ում և ոչ թե հայրենիքում՝ ՀՀ-ում, որն այդքան սիրում են ընտանիքով ու մտածում դրա փրկության մասին։ Ի՞նչ է, այդ հարցում է՞լ է խառը «խանգարող հանգամանքների» մատը։
medianews.site

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր