Անցյալը, ներկան, ապագան մեկ ամբողջություն են, բայց չգիտես ինչու դիտարկում ենք յուրաքանչյուրին սուբյեկտիվորեն

Իրականում, կյանքը լիարժեք է, երբ անցյալ-ներկա-ապագա հավասակշռությունը կա։ Այսինքն, ապրել «այստեղ և հիմա», բայց չհրաժարվել անցյալից, քանի որ դա փորձն է, և ոգևորվել ապագայով, քանի որ այնտեղ հնարավորություններն են։ Ուստի անհրաժեշտ է սեփական կյանքի փուլերը ճիշտ ընկալել՝ և՛ անցյալը, և՛ ներկան, և՛ ապագան։
Ինչպես գիտենք, մարդու փորձը անխզելիորեն կապված է ժամանակի հետ։ Կյանքի փորձի մասին պատկերացումները առաջնահերթ կապված են անցյալի հետ։ Սակայն, դեպի անցյալ գնալու պատճառները ևս տարբեր են։ Օրինակ՝ տրավմաներ, սխալը ուղղելու փորձ, դրական վերապրումներ և այլն։ Ոմանք էլ չեն ընդունում անցյալը, և ֆիքսված են ապագայի վրա։ Օրինակ, սպասում են հրաշքների, իրավիճակների, ձգտումների, որոնք գուցե տեղի կունենան։ Ապագան ասոցացվում է ցանկությունների, երազանքների, հնարավորությունների հետ։
Ակնհայտ է, որ մարդիկ մեծամասամբ իրենց էներգիան ծախսում են կամ անցյալի զղջումների, հիշողությունների, կամ էլ՝ ապագայի տագնապների, սպասումների վրա։ Մինչդեռ, հոգեբանական տեսանկյունից ցանկալի է բաց չթողնել ներկան։
Օրինակ, գեշտալտ հոգեբանները վստահ են, որ լուծումը ոչ անցյալում է, ոչ էլ ապագայում, այլ հենց այս պահի մեջ։ Լինել «այստեղ և հիմա»։ Չէ֠ որ անցյալը անցել է․ հնարավոր չէ փոխել։ Իսկ ապագան դեռ չի եկել, և տարբերակները կարող են շատ անսպասելի լինել։ Այն ամենը, ինչ ունենք՝ ընթացիկ պահն է։ Ուշադրություն դարձնենք ներկային։
Ներկան այն է, ինչ տեղի է ունենում հիմա։ Իրադարձություններ, որոնք ուղեկցում են ժամանակի տվյալ պահը։ Բայց նկատի ունենանք, որ ներկան գտնվում է անցյալի (դեպքեր, որոնք տեղի են ունեցել) և ապագայի (իրադարձություններ, որոնք պետք է տեղի ունենան, բայց դեռ տեղի չեն ունեցել) միջև։ Հետևաբար, կյանքը լիարժեք է, երբ անցյալը, ներկան և ապագան հավասակշռության մեջ են։
Հ․գ․թ․, դոցենտ Սոնա Հարությունյան