Սուրբ Եկեղեցու տոնացույցով դեկտեմբերի 30-ից սկսվում է Սուրբ Ծննդյան պահքի շրջանը
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցի համաձայն՝ Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության հոգենորոգ տոնին նախորդում է շաբաթապահքը, որը, ինչպես մյուս պահքերը, ունի իր բարեկենդանը: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ: Դեկտեմբերի 29-ը Սուրբ Ծննդյան պահքի բարեկենդանն է, իսկ արդեն հաջորդ օրվանից՝ դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ը ներառյալ, պահք է մինչև Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագի ավարտը, երբ տրվում է Քրիստոսի Ծննդյան լուսավոր ավետիսը. «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցավ»:
Հնում մեր բարեպաշտ նախնիները սրբորեն պահել են Սուրբ Ծննդյան պահքը՝ այն ամենևին չխախտելով Ամանորի գիշերն ու հաջորդ օրերին, սակայն խորհրդային աստվածմերժության տարիներին ամեն ինչ արվեց՝ մարդկանց ուշադրությունը հոգևորից դեպի մարմնավորն ու ժամանակավորը շեղելու համար. ամանորյա խրախճանքներն ու գինարբուքները ստվերեցին սուրբծննդյան գեղեցիկ ավանդույթներն ու ժողովրդական սովորույթները: Բայց այսօր էլ, ինչպես դարեր առաջ և դարեր շարունակ, Մայր Եկեղեցին իր բարեպաշտ զավակներին հորդորում է պահեցողությամբ, ինքնաքննությամբ և անկեղծ ապաշխարությամբ պատրաստվել դիմավորել մեզ համար մարդացած Աստծո անքննելի Սուրբ Ծնունդը: Նոր տարվա առաջին օրը՝ հունվարի 1-ին, Առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ և Անմահ Պատարագ, և պատշաճ է, որ քրիստոնյան աղոթքով սկսի տերունապարգև նոր տարին: Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը տոնում ենք ութ օր շարունակ՝ մինչև հունվարի 13-ը՝ Տիրոջ Անվանակոչության տոնի օրը: Այդ օրերին մարդիկ միմյանց ողջունում են «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ, օրհնեալ է յայտնութիւնն Քրիստոսի» ավետիսով:
qahana.am