Կուսակցությունը չի ներկայացրել հաշվետվություն, բայց միայն նկատողություն է ստացել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Միացյալ քրիստոնյա Հայաստան» կուսակցությունը չի ներկայացրել 2025 թվականի իր ֆինանսական հաշվետվությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, ինչը համարվում է վարչական իրավախախտում և ենթակա է պատասխանատվության։
Հանձնաժողովի ուսումնասիրությամբ արձանագրվել է խախտումը, սակայն այն որակվել է որպես նվազ նշանակության։ Արդյունքում, խիստ պատժամիջոցների փոխարեն կիրառվել է առավել մեղմ մոտեցում․ կուսակցության խորհրդի նախագահ Տիգրան Միշայի Հովհաննիսյանի նկատմամբ հայտարարվել է բանավոր նկատողություն։
Այս որոշումը հարցեր է առաջացնում քաղաքական դաշտում հաշվետվողականության և պատասխանատվության կիրառման համաչափության վերաբերյալ։ Ֆինանսական հաշվետվությունների ներկայացումը քաղաքական ուժերի գործունեության թափանցիկության հիմնական գործիքներից է, և դրա չկատարումը, նույնիսկ եթե գնահատվում է որպես «նվազ նշանակության», կարող է ստեղծել վտանգավոր նախադեպ։
Միևնույն ժամանակ, բաց աղբյուրների ուսումնասիրությունը լրացուցիչ հարցադրումներ է առաջացնում կուսակցության գործունեության ակտիվության վերաբերյալ։ Սոցիալական ցանցերում պահպանված տեղեկատվության համաձայն՝ կուսակցությունը դեռևս 2019 թվականին հայտարարել էր համաժողովի կազմակերպման մասին Ստեփանակերտում՝ Շառլ Ազնավուրի կենտրոնում։
Մամուլում 2021-ին հայտնված տեղեկությունների համաձայն, փետրվարի 13-ին է հիմնադրվել «Միացյալ քրիստոնյա Հայաստան» կուսակցությունը։ Հիմնադիրներից է Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, որը 44-օրյա պատերազմին մասնակցել է «Հայդուկ» ջոկատի հետ։ Ասաց, որ կուսակցությունը հիմնադրում են տարբեր ջոկատների կամավորականներով, ավտոներկրողներով, վարորդներով, տարբեր ՀԿ-ների ղեկավարներով»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
