Ծեծկռտուք է եղել ավագ դպրոցի բակում, ծեծել են 17-ամյա տղային
Ապրիլի 17-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 09։45-ից 10։00-ն ընկած ժամանակահատվածում մարզի ավագ դպրոցներից մեկի բակում 11-րդ դասարանցիների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը ժամը 09։45-ի սահմաններում նախ դպրոցի բակում, այնուհետև կողային հատվածում նույն դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ, Կոտայքի մարզի բնակիչներ 16-ամյա Ա․ Հ․-ն և 16-ամյա Կ․ Հ․-ն անհիմն պատճառաբանությամբ վիճաբանել են 17-ամյա Տ․ Մ․-ի հետ, որի ժամանակ Ա. և Կ. Հ․-երը հարվածներ են հասցրել Տ.Մ․-ի մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։
Ըստ տեղեկությունների՝ Տ.Մ․-ն, Ա. և Կ. Հ․-երը ծնողների հետ միասին ներկայացվել են ոստիկանության Կոտայքի բաժին։
Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։
